Հայաստանում դեմոկրատիան հուսալի ձեռքերում է

Հայաստանում դեմոկրատիան հուսալի ձեռքերում է

Վաղուց էի ուզում Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահ նշանակվելու թեմայով մի հոդված գրել և հանրությանը տեղեկացնել, որ այդ իրադարձությամբ Հայաստանում փակվեցին արդար ընտրությունների բոլոր հեռանկարները: Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, այդ նշանակումով ամբողջացրեց ու անխոցելի դարձրեց ընտրությունները մաքրամաքուր ձևով, օրենքի տառին համապատասխան և առանց շեղումների կեղծելու ինստիտուտը: ԱԺ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, ԿԸՀ-ն և ՍԴ-ն Նիկոլինն են՝ իբրև սեփականություն, իսկ այդ 5 կառույցները լիուլի բավարար են, որպեսզի զանգվածային խախտումների պարագայում ոչ ոք չկարողանա հասնել արդյունքների տոտալ վերահաշվարկի և ընտրությունների չեղարկման: Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Նիկոլը կասի: Սա է Փաշինյանական դեմոքրսին՝ իր ողջ պերճանքով ու թշվառությամբ:

 

Հարկ եմ համարում ընդդիմությանը ևս տեղեկացնել, որ գալիք ընտրությունների վրա հույս չդնեն, քանզի ստիպված են լինելու պայքարել Փաշինյանի ստեղծած այս համակարգի դեմ, իսկ դա նույնն է, թե ճակատով բետոնե պատ քանդես: Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ-ն, վերջին օղակն էր, որ ագուցեց ընտրակեղծարարության շղթայի երկու ծայրերը և ամբողջացրեց Փաշինյանի վերարտադրության մեխանիզմը:
Իսկ ո՞վ է Վահագն Հովակիմյանը: Կենսագրական տվյալներին չեմ անդրադառնա, որովհետև դրանք թափթփված ձևով են ներկայացված ԱԺ կայքում և Վիքիպեդիայում: Ասեմ միայն, որ նրա անվան դիմաց երբեմն գրում են՝ իրավաբան, բայց մինչ օրս ես նրա իրավաբանի դիպլոմը չի տեսել: Թե բա 2021թ. ավարտել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի հեռակա բաժինը: Եսիմ, ո՞վ է տեսել, ո՞վ է իմացել, դիպլոմ տվե՞լ են, թե ուղղակի հեռախոսով են պատգամավոր Վահագն Հովակիմյանին տեղեկացրել այդ մասին: Մի խոսքով՝ ես կհենվեմ իմ «հավաստի աղբյուրների» փոխանցած տեղեկությունների վրա: Մենք՝ լրագրողներս, ճիշտ է, նույն խմբագրությունում չենք աշխատում, բայց գրեթե հարյուր տոկոսով գիտենք թե ինչ է անցնում-դառնում ուրիշ խմբագրություններում: Դիցուք ես «Օրագիր» կամ «Հայկական ժամանակ» թերթերում երբեք չեմ աշխատել, բայց գիտեմ, որ Վահագն Հովակիմյանը 1998 թվականից, երբ սկսել է «լրագրողական աշխատանքներ կատարել» վերոնշյալ թերթերում, եղել է Նիկոլ Փաշինյանի ստվերը: Նա այս կյանքի բարդությունները հաղթահարել սովորել է Նիկոլի հետ: Ասում են՝ զուգարանի ջուրը քաշելն է անգամ հարազատ խմբագրության աշխատակիցներից սովորել, երբ վերջիններս «ներքին աուդիտ» են անցկացրել և պարզել ողջ ճշմարտությունը: Վահագն Հովակիմյանը «Հայկական ժամանակում» աճում էր ոչ թե տարիներով, այլ օրերով: Նա իր քաղաքական կարիերան, կարելի է ասել, սկսել է Նիկոլ Փաշինյանի հետ միաժամանակ՝ 2012 թվականին՝ հայտնվելով Ազգային ժողովում, որպես պատգամավորի, այն է` Նիկոլ Փաշինյանի օգնական: 2014-ին նա արդեն համատեղում էր Փաշինյանի օգնականի պաշտոնը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի տեղակալի պաշտոնի հետ:

 

Վահագնի համար հատկապես բեղուն էր 2018 թվականը: Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով նա ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Հոկտեմբերի 10-ին հրաժարվել է մանդատից: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Վահագն Հովակիմյանը ևս մեկ անգամ պատգամավոր է դարձել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններով` բայց արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Ինչպես տեսնում եք` Նիկոլ Փաշինյանից կես քայլ անգամ չի հեռացել: Իսկ թե 2018 թվականից այսկողմ Նիկոլի հետ ինչ ղալաթներ է արել, դա էլ առանձին խոսակցության նյութ է: Նիկոլը ՍԴ-ի հերն էր անիծում` Վահագնը նրա կողքին էր, Նիկոլը սահմանադրական հանրաքվե էր նախապատրաստում` Վահագնը նրա աջ ձեռքն էր: Տապալեցին ամեն ինչ, քանդեցին, խաթարեցին պետական մարմինների աշխատանքը` կենտրոնում էլի Նիկոլն ու Վահագն էին:

 

Եվ ահա Վահագն Հովակիմյանին նշանակում են ԿԸՀ նախագահ: Իմ կարծիքով` ԿԸՀ նախագահը պետք է որոշակի ինքնուրույնություն ունենա և չկատարի քաղաքական ղեկավարության ցուցումները: Չէի ասի, թե Մուկուչյանը փայլել է իր այդ հատկանիշով, բայցևայնպես նա հին մարդ էր և պահում էր որոշակի տրադիցիաներ, որոնք Լևոնի ժամանակներից անցել էին Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժի ժամանակներ: Մենք էլ` ընտրությունից-ընտրություն, Մուկուչյանի վարպետության շնորհիվ մեկական քայլ առաջ էինք շարժվում ժողովրդավարության ճանապարհին... Ու մեկ էլ` Վահագն Հովակիմյան, որ ոչ տրադիցիա է ճանաչում, ոչ էլ որևէ այլ բան: Նիկոլն ինչպես կարգադրի, այդպես էլ կվարվի, ինչ թիվ ասի` այդ էլ կնկարի: Կարելի է նույնիսկ ընտրություններ չանցկացնել: Իսկ թե իր թիմով ինչպիսի ընտրություններ կարող է կազմակերպել Նիկոլը, մենք արդեն գիտենք: ՔՊ-ի վարչության կազմի աղմկահարույց ընտրությունը մեր հարցի ամենախոսուն պատասխանն է: Ապրի «Հրապարակը», որ ջրի երես հանեց այդ խայտառակությունը` գրեց ու ստիպեց, որ բացահայտ խոսեն դրա մասին:
Դե իսկ ՔՊ ընտրությունների ամենազավեշտալին այն է, որ կասկած չի հարուցում միայն Նիկոլին տրված ձայների քանակը: Սա էլ ձեզ Վահագն Հովակիմյանի կամ, որ նույնն է, Արփի Դավոյանի կատարմամբ ընտրություն: