Սիմվոլիզմ, միստիկ խաղեր, հայրենասիրական դատարկ ճառեր եւ անորոշություն

Սիմվոլիզմ, միստիկ խաղեր, հայրենասիրական դատարկ ճառեր եւ անորոշություն

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային, պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։ Այս խոսքերից կարելի է ենթադրել, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկը ինչ-որ բարիդրացիական մեսիջներ է հղել Հայաստանին՝ հավանաբար, խոսք է գնում ինչ-որ հարցազրույցի կամ ելույթի մասին։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ խաղաղության մասին է խոսում վարչապետը, ինչ գին է դրա դիմաց վճարելու Հայաստանը, եւ որքանով է դա բխում մեր պետության շահերից։ Այս հարցերի պատասխաններն առայժմ չեն հնչում, եւ որքանով ես եմ հասկանում՝ ամեն ինչի մասին մենք կիմանանք պոստֆակտում։

Հատկանշական է, որ այս փոքրիկ դրվագում եւս գործ ունենք յուրահատուկ կերպով մատուցված իրողության հետ, որովհետեւ այդ հիշատակված ազդակը, եթե այն, իհարկե, հնչել է Թուրքիայից, միայն պատասխանն է եղել մեր կողմից ուղարկված ազդակի։ Վարչապետը կարծես մտել է միստիկ եւ սիմվոլիստական խաղերի մեջ։ Օրինակ, օրեր առաջ, Ազգային ժողովում, Փաշինյանի ներկայությամբ, ելույթ էր ունենում նրա զինակիցներից մեկը՝ Հովիկ Աղազարյանը, ով հայտարարեց․ «Բա հիմա Էրդողանին դու ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ, ի՞նչ իրավունքով․․․»։ Աղազարյանը ծրագրի քննարկմանը հանկարծ որոշել էր պատասխանել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանին, ով Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին անվանել էր միջազգային հանցագործ։ Աղազարյանը պնդում էր, որ խախտվում է Թուրքիայի նախագահի անմեղության կանխավարկածը։ ՀՀ ԱԺ ամբիոնից, վարչապետի ներկայությամբ, իշխող ուժի պատգամավորի կողմից հնչեցված խոսքն ազդակ է, բայց «կռուտիտների» արքա մեր վարչապետն այստեղ էլ է ֆռռացնում եւ ամեն ինչ ներկայացնում գլխիվայր։ Ի դեպ, Հովիկ Աղազարյանն առաջին անգամ չէ, որ «մեսինջերի» դեր է ստանձնում։

Օրինակ՝ Ցեղասպանության տարելիցից մի քանի օր առաջ, երբ ակտիվացել էին խոսակցությունները, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտարարում էր, որ իր համար առնվազն զզվելի է, որ Հայաստանն ակտիվորեն փորձում է ավելացնել Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը։ Կարծում եմ, այդ ժամանակ էլ Աղազարյանի շուրթերով հստակ մեսիջ էին ուղղում շատ կոնկրետ հասցեատիրոջ։ 
Ակնհայտ է, որ վաղուց է աշխատանք տարվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ուղղությամբ, եւ այս խնդիրը նորից մտավ օրակարգ 44-օրյա պատերազմից հետո։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Ցյուրիխում անգամ փաստաթուղթ ստորագրվեց՝ Հայատանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, բայց հետո հարցը մտավ փակուղի։ Նորանկախ Հայաստանի հիմնադրման առաջին իսկ օրվանից այս հարցն օրակարգային է, բայց արցախյան հակամարտության հանգամանքը խոչընդոտել է հարցի կարգավորմանը։ Սերժ Սարգսյանի օրոք ֆուտբոլային դիվանագիտության ձախողված փորձը մեկնաբանելիս Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես ասել է․ «Մենք պատրաստ էինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Պատրաստ էր նույնիսկ արձանագրության նախագիծը, մնում էր լուծել մեկ-երկու խնդիր: Սկսվեցին Քելբաջարի կռիվները, եւ թուրքերը դադարեցրին գործընթացը՝ որպես համերաշխության նշան Ադրբեջանի հետ: Նրանք խզեցին այդ համաձայնագրերը եւ փակեցին սահմանները: Միգուցե դա մեզ դուր չի գալիս, բայց դա փաստ է. թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, մինչեւ չլուծվի ղարաբաղյան խնդիրը: Լուծեք Ղարաբաղի խնդիրը` հաջորդ օրը Թուրքիայի հետ սահմանները կբացվեն»։ 

Հիմա կրկին հարցն օրակարգում է, եւ հետաքրքիր կլիներ իմանալ, թե Թուրքիայից եկող ազդակներն ինչի մասին են վկայում՝ որ նրանք պատրաստ են բանակցել մեզ հետ առանց Ադրբեջանի կարծիքի հետ հաշվի նստելու՞, թե՞, ըստ Թուքիայի, մենք պիտի մեղմենք մեր դիրքորոշումն ու մոտեցնենք ադրբեջանականին, իսկ գուցե կա երրո՞րդ տարբերակ։ Սրանք կարեւորագույն հարցեր են եւ պետք է որ դառնային հանրային քննարկման առարկա, բայց մեզ մոտ չի ստացվում նման մթնոլորտ ձեւավորել, որովհետեւ քաղաքական գործիչները միայն կարողանում են կենացներ ասել, հայրենասիրական դատարկ ճառեր արտասանել, քանզի, իրենց կարծիքով, դա է իսկական հայրենասիրությունը։ Իշխանություններին թողնենք մի կողմ եւ համարենք, որ ընդդիմությունը ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը դավադիր ծրագիր է իրականացնում, իսկ ո՞րն է ընդդիմության տեսլականը, որեւէ մեկը գիտի՞, թե ինչպիսի լուծումներ է տեսնում ընդդիմությունը։

Ընդդիմության շարքերում հայտնի իրավաբաններ, միջազգայնագետներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, անգամ՝ նախկին նախագահներ կան, ի՞նչ մտքեր են նրանք գեներացրել մինչ օրս՝ ընդամենը մեկ․ «Դավաճան կապիտուլյանտն Արցախը հանձնեց թուրքին»։ Ակնհայտ է, որ նորից կանգնած ենք ծանրագույն մարտահրավերների առաջ, եւ դատելով իրավիճակից՝ իշխանությունները մտել են փակուղի եւ կանգնած են շատ անբարենպաստ որոշումներ ընդունելու պարտադրանքի, չի բացառվում՝ անգամ նոր պատերազմի շեմին։ Մի՞թե հենց հիմա չէ ժամանակը, որ ընդդիմությունը վերջապես հստակեցնի իր դիրքորոշումը, հստակ ճանապարհային քարտեզ ներկայացնի, որում կետ առ կետ նշված կլինեն, թե, իրենց կարծիքով, ինչ զիջումների կարող է գնալ Հայաստանը, որոնք են անցանկալի զիջումները եւ որոնք են ընդհանրապես անընդունելի զիջումները, այսինքն՝ կարմիր գծերը։ Այդ դեպքում իշխանությունները ստիպված կլինեն բացել իրենց խաղաքարտերը, եւ կսկսվի լուրջ քննարկում, ու գուցե անգամ օրակարգ ձեւավորվի։ Եվ եթե ընդդիմությունն իրոք համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի գիծը վտանգավոր է Հայաստանի համար, ապա նրանք պետք է գնան այդ ռիսկին եւ ներկայացնեն ընթացիկ լուծումների վերաբերյալ սեփական տեսլականը։ 

Իհարկե, այստեղ ռիսկերը մեծ են, շատ ավելի հեշտ է անկյունից քննադատել եւ սպասել իշխանությունների հերթական ձախողումներին, բայց ցանկանում եմ հիշեցնել հարգելի ընդդիմադիրներին, որ նոյեմբերի 9-ից հետո հենց այդ անհասկանալի դիրքորոշումն էր նաեւ պատճառներից մեկը, որ շարժումը ձախողվեց, եւ իշխանափոխություն չեղավ։ Ինչպես հիշում ենք, նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը հայտարարեց, որ ստորագրված փաստաթուղթը դավաճանական է եւ կապիտուլյացիոն, բայց իրենք չեն պատրաստվում այն չեղարկել։

Նման հայտարարությունից հետո արդեն կարող էին զուր ջանքեր չգործադրել՝ դա նույն պարտվողական դիրքորոշումն էր եւ չէր կարող հանգեցնել դրական արդյունքի։ Հիմա նորից ընդդիմադիրները նույն սխալն են գործում, երբ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումն ինքնին կբերի իշխանափոխության։ Նրանց նորից մեծ հիասթափություն է սպասվում, որովհետեւ ժողովուրդը պարզ տեսնում է, որ ընդդիմությունն առաջարկելու ոչինչ չունի՝ բացի հայրենասիրական, պոպուլիստական ճառերն ու ոտանավորները։ Հետեւաբար, եթե ընդդիմությունը նախապես հրապարակի որեւէ հստակ իրատեսական փաստաթուղթ, որում կլինեն նախատեսված նաեւ որոշակի զիջումներ, այն, իհարկե, կարող է դաժան քննադատության ենթարկվել, բայց, այնուամենայնիվ, դրանով հստակ կընդգծվի, որ ընդդիմությունը ոչ թե փորձում է կրակի վրա ձեռքերը տաքացնել, այլ բացառել հրդեհը։

Պողոս Պողոսյան