ԱՄՆ-ն այս պահին փորձում է շահել Հայաստանի վստահությունը, մյուս կողմից` Բաքվին պահել լարվածության մեջ 

ԱՄՆ-ն այս պահին փորձում է շահել Հայաստանի վստահությունը, մյուս կողմից` Բաքվին պահել լարվածության մեջ 

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։ 

- ԱՄՆ-Ադրբեջան փոխհարաբերությունները գոնե հայտարարությունների մակարդակում լարվել են։ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զսպելու միակ միջոցը բարձրաստիճան պաշտոնյաների այցը հետաձգե՞լն է, թե՞ սա պարզապես արտաքին տպավորություն ստեղծելու համար է եւ ոչ ավելին։ 

- Նախ մեզ համար հստակ սահմանենք Ադրբեջանի տեղը տարածաշրջանում և դերը գլոբալ քաղաքականության մեջ։ Ադրբեջանը գտնվում է Կասպիական ավազանի ամենակարևոր հանգուցային կետում, որը Զբիգնև Բժեզինսկին անվանում է Կասպիական հարստության խցան։ Հետեւաբար ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ունի ռազմավարական նշանակություն, այն դեպքում, երբ Հայաստանի դերը մարտավարական է` դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից, իսկ մյուս կողմից` սեղմել Իրանի շուրջ օղակը։ Հետեւաբար` չնայած աշխարհում տեղի ունեցող վերափոխումներին, ԱՄՆ-ն շարունակում է մնալ ֆինանսական, տնտեսական, տեխնոլոգիական , քաղաքական, ռազմական առումով հեգեմոն դիրքերում։ Հետեւաբար, ԱՄՆ-ն ունի լայն գործիքակազմ: Դա պատկերացնելու համար բավարար է նայել Հս. Կորեայի, ՌԴ-ի, Իրանի նկատմամբ վարվող քաղաքականությանը։ Այլ հարց է, որ գոնե այս օրերի տրամաբանության մեջ ԱՄՆ-ն դժվար թե գնա գործնական քայլերի` պատժամիջոցներ տնտեսական, ֆինանսական, ինչպես նաև ընդհուպ մինչև ռազմական ակտիվ աջակցություն ՀՀ-ին, կամ ուղիղ միջամտություն։ Հետեւաբար ԱՄՆ-ն այս պահին նախ փորձում է շահել Հայաստանի վստահությունը, իսկ մյուս կողմից` Բաքվին պահել լարվածության մեջ, որպեսզի վերջինս չփորձի տեղավորվել հակաամերիկյան տիրույթում։ 

- Թուրք-ադրբեջանական տանդեմին զպսելու համար Միացյալ Նահանգները կամ հավաքական Արևմուտքն ի՞նչ լծակներ ունի, որոնցից չի օգտվում։ 

-Գործիքակազմը լայն է, բայց հարցն այն է, թե արդյոք կա՞ քաղաքական նպատակահարմարություն։ Ես կարծում եմ, որ այսօրվա իրավիճակում Արեւմուտքը նման քաղաքական նպատակահարմարություն չի տեսնում, և հավանաբար, մինչև Միջին Ասիայում և Հարավային Կովկասում Արևմուտքը չամրապնդի իր դիրքերն` ի հաշիվ ՌԴ-ի և Չինաստանի, Ադրբեջանի դերն ու նշանակությունը չի փոխվի։ Ուստի, առավելագույնը, որ այսօր կարելի է սպասել Արևմուտքից և մասնավորապես ԱՄՆ-ից, դա դիվանագիտական ճնշումն է, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի հետ պայմանագիր ստորագրի հենց արեւմտյան հարթակում։ 

- Արդյոք ԱՄՆ-ն այնքան թուլացա՞ծ է, որ չի կարող զսպել Ադրբեջանին։ 

- Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այնքան է թուլացել, որպեսզի չկարողանա ազդեցություն գործադրել Ադրբեջանի վրա։ Բայց քաղաքական նպատակահարմարությունը, տարատեսակ լոբբիստական ջանքերը, և այլ հարակից նշանակալի ու աննշան գործոններ թույլ չեն տալիս ԱՄՆ-ին գործել այնպես, ինչպես օրինակ Իսրայելի դեպքում։ Ի դեպ, այստեղ բոլորովին կապ չունի ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների կարգավիճակը, այլ ԱՄՆ-ի ռազմավարական շահը։ Ռազմավարական շահով է առաջնորդվում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։ 

- Տեսակետներ կան, որ Թուրքիան Ռուսաստանի հետ որոշակի կոալիցիա է կազմել, քանի որ չի հանդուրժելու մեր տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժի ներկայություն։ Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը։ 

- Թուրքիան և ՌԴ-ն որոշ դեպքերում համագործակցում են, որոշ դեպքերում մրցակցում։ Եվ այստեղ, ցավոք, նրանց շահերն համընկնում են։ Ընդ որում, ի դժբախտություն մեզ, Իրանի շահերը ևս համընկնում են այս առումով, և Իրանն էլ հաճախ հայտարարում է արտատարածաշրջանային ուժերի մուտքը տարածաշրջան թույլ չտալու օգտին։ Ըստ էության, արտատարածաշրջանային ուժերի, իսկ այս դեպքում` Արեւմուտքի, և հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայությունը տարածաշրջանում լինելու է Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցության և հավակնությունների հաշվին։ Եւ սա իրական մտահոգություն է առաջացնում տարածաշրջանի հիմնական դերակատարների մոտ։