Դատախազությունն ասում է. «Այ ախպեր, դու էլ հո չասի՞ր»
Գլխավոր դատախազությունում ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ Նիկոլյանը հրապարակել էր HSBC բանկի փաստաթուղթ, որում երեւում է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հաշվին Ադրբեջանից 2 մլն դոլար է փոխանցվել։ Նիկոլյանն այնուհետեւ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, որ Ֆրանսիայի դեսպանը հօգուտ Ադրբեջանի լրտեսությամբ է զբաղվել Հայաստանում, նույնիսկ խոսվում է, որ Լույոյին շուտով պաշտոնանկ կանեն եւ նրա փոխարեն այլ դիվանագետի՝ Օլիվիե Դեկոտինիեին պիտի նշանակեն։ Քանի որ ֆրանսիացի լրագրող Նիկոլյանը նման փաստաթուղթ է հրապարակել ու նման հայտարարություն արել, փորձեցինք պարզել, թե ՀՀ գլխավոր դատախազությունն արդյոք այդ հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ նախաձեռնե՞լ է, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածը սահմանում է, որ «Օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ օտարերկրյա հասարակական կազմակերպությանը, կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ հանձնելու նպատակով դա հավաքելը, հափշտակելը, շորթելը, պահելը կամ այդ տեղեկությանը ծանոթանալու համար պայման ստեղծելը, ինչպես նաեւ օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություն հանձնելը կամ հավաքելը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ արարքը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»: Գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթ նախաձեռնված չէ։ Այսինքն՝ դատախազությունն այս հայտարարությունները ըստ պատշաճի ուսումնասիրելու, դրանց իսկությունը պարզելու անհրաժեշտություն չունի՞, չնայած որ խոսքը վերաբերում է Հայաստանի համար բարեկամական Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչի կողմից ենթադրյալ լրտեսությանը։
Մեզ հետ զրույցում իրավաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դատախազությունը պետք է քրեական վարույթ նախաձեռներ հենց լրտեսության հոդվածով։ «Դիվանագիտական անձանց հետ կապված սահմանափակումներով քննություն պետք է իրականացվի, այդ մարդը պետք է հարցաքննվի, եւ արդյունքում, օրինակ, այդ մարդը կարող է պերսոնա նոն գրատա հայտարարվել՝ այդ վարույթի նյութերը հիմք ընդունելով։ Օրինակ, եթե համեմատենք, թե ինչպես են պերսոնա նոն գրատա հայտարարել ազգությամբ հայերին, ապա ոչ մի նյութ չկա դրա համար, ամեն ինչ գաղտնի է։ Սա լավ օրինակ է՝ ցույց տալու համար, որ այդ ինստիտուտը սրա համար է։ Կարճ ասած՝ պետք է վարույթ իրականացվի, հնարավորինս պարզվի ճշմարտությունը, որի հիման վրա որոշում կայացվի, օրինակ, պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին»,- ասաց իրավաբանը։
Դատախազությունում, հավանաբար, լսելով Նիկոլյանի խոսքերը, ասել են․ «Տո լավ, է, այ ախպեր, դու էլ հո չասի՞ր», ու շարժվել են հենց այդ տրամաբանությամբ։ Կամ, հավանաբար, ըստ գլխավոր դատախազի ու իրավապահ մարմինների մյուս ղեկավարների, լրտեսներին պետք է միայն պայմանագրային զինծառայողների ու սպաների շարքերում փնտրել ու ադրբեջանական սոցցանցային կեղծ էջերին ենթադրաբար ուղարկված մի 2 լուսանկարը ներկայացնել որպես դարի լրտեսություն։ Նշենք, որ Լեո Նիկոլյանը Ֆրանսիայում բավականին հայտնի բլոգեր, հետաքննող հեռուստալրագրող է։ Նրա հրապարակումները սոցցանցերում միլիոնների հասնող դիտումներ են հավաքում։ Նա սերտ կապեր ունի Հայաստանի հետ։ 90-ականներին, որպես ռազմական լրագրող, եղել է Հայաստանում, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, բազմաթիվ սյուժեներ ունի՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ նկարահանած։ Հարցազրույցներ ունի Հայաստանի բոլոր նախագահների հետ։
Կարծիքներ