ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը միավորվեն Հայաստանի դեմ

ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը միավորվեն Հայաստանի դեմ

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որ ՀՀ դեսպանը ՌԴ-ում կանչվել է ԱԳՆ և նրան բողոքի նոտա է տրվել։

Պատճառը ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից անընդունելի ու հակառուսական քայլերն էին՝ մասնավորապես Փաշինյանի կնոջ՝ ԱՆնա Հակոբյանի, ինչպես ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում է նշված՝ Կիևյան նացիստական ռեժիմին աջակցելը, ՆԱՏՕ-ի հետ զորավարժություն անելն ու ՀՀ ԱԺ նախագահի կողմից Զախարովայի հասցեին ուղղված հայտարարությունները։ Սակայն, նշվում էր նաև, որ ՀՀ պետականությունն ու ժողովուրդը շարունակում են մնալ ՌԴ դաշնակիցները։

«Հրապարակի» հետ զրույցում քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթևոսյանն ասաց, որ այս հայտարարության մեջ ՌԴ-ի վերնախավը հստակ սահմանագիծ է դնում ՀՀ ներկա իշխանությունների և հայ ժողովրդի միջև ու դա դրսևորվել է վաղուց։

«Հիշո՞ւմ եք, երբ Վալդայում Վլադիմիր Պուտինը մեկնաբանելով Արցախյան հակամարտության ներկայիս կարգավորման գործընթացը, բավականին լուրջ շեշտադրումներ արեց, ասեց, որ Հայաստանի ղեկավարությունը կամ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է այս պատկերացումները ունենալ, բայց հայ ժողովուրդը համաձա՞յն է սրա հետ, թե ոչ։ Ինչից հետո, հիշո՞ւմ եք, Արցախի Հանրապետությունում առաջին մեծ, խոշոր հանրահավաքը եղավ։ Փաստորեն ստացվեց, որ Պուտինը Ստեփանակերտում հանրահավաք կազմակերպեց։ Իրենք դեռ Վալդայի համաժողովից հետո խոսում են հայ ժողովրդի հետ, իրենք վաղուց արդեն պատրանքներ, ինձ թվում է, ՀՀ իշխանությունների հետ չունեն։ Դրա պատճառով է, որ իրենք դիմում են Հայաստանի ժողովրդին, այլ խնդիր է, որ ինչպես Հայաստանի իշխանություններին դիմելու որոշակի լիմիտներ ունի ռուսական կողմը, նույն էլ ժողովրդին է վերաբերվում։ Այսինքն, եթե մենք անցնենք ինչ-որ կարմիր գծեր՝ որպես պետություն, որպես ժողովուրդ, ինձ թվում է, արդեն էլ չեն դիմելու, արդեն իրենք կարող են օրինակ աչքեր փակել որոշակի բաների վրա, որոնց վրա չպետք է աչք փակեն, այլ հավասար պայմաններում»,-ասաց Մաթևոսյանը։

Արդյո՞ք Ռուսաստանը մի օր Հայաստանը կարող է դիտարկել նույն հարթության մեջ, ինչ Ուկրաինային հիմա, չնայած այն բանին, որ նույն Պուտինը ասում էր, որ Փաշինյանը դավաճան չի, ասաց, որ ռուսական կողմը հավանաբար որոշում է կայացրել, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ինքը սխալ է եղել, սակայն որոշվել է Փաշինյանին չանվանել դավաճան, չխառնել Հայաստանի ներքին գործերին, չխառնվել իշխանությունների գործունեության մեջ։ Սակայն, Պուտինի այդ հայտարարությունից հետո երեք տարի է անցել ու Հայաստանի և Ռուսաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Հայաստանի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ։

«Այսինքն, իրենց լիմիտը Հայաստանի իշխանությունների հարցով այսքան տևեց, հիմա ինչքան կտևի իրենց լիմիտը հայ ժողովրդին դիմելու հարցում, դա այլ խնդիր է։ Երբ որ մենք ասում ենք, որ իրենք դիմում են հայ ժողովրդին, իրենք իրականում դիմում են նաև հայ ժողովրդի տնտեսական և քաղաքական էլիտային, ովքեր նույնպես Հայաստանի Հանրապետության բնակիչներ են, քաղաքացիներ են, իրենք նույնպես կարող են ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա։ Ես պատահաբար չասեցի, որ Պուտինը փաստորեն Ստեփանակերտում հանրահավաք կազմակերպեց։ Դա այնպես չի, որ ամեն օր ՌԴ նախագահը պետք է դրանով զբաղվի։ Ռուսներն, իմ գնահատմամբ, սխալ են եղել այն մարդիկ, ովքեր խորհուրդ են տվել Պուտինին՝ չանվանել Փաշինյանին դավաճան, հարցազրույցում հատուկ դա ընդգծել։ Բայց Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի հետ իր բոլոր հարցերը ֆունդամենտալ լուծելու համար պատմական շանս է տեսնում հենց հայ-ռուսական հարաբերությունների խզման տիրույթում»,-ասաց Մաթևոսյանը։

Ռուսները կարող են բազմաթիվ անգամ սխալ լինել, սխալ քաղաքականություն վարել, սխալ մարդկանց հետ հույսեր կապել, սակայն Ադրբեջանը հենց այստեղ է իր համար պատմական շանս է տեսնում։ Եթե Ռուսաստանը ֆունդամենտալ այստեղ պարտվի՝ դա նշանակում է դուրս գալ Հայաստանից և Արցախից, իրենք դիրքեր են կորցնելու, այնինչ մենք պետականություն ենք կորցնելու։

«Ռուսաստանն ինքն ակնհայտ խնդիրներ ու անհամաձայնություններ ունի Թուրքիայի հետ աշխարհի տարբեր կետերում, Ռուսաստանը ոչ բոլոր հարցերի շուրջ ունի համաձայնություն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ավելին, եթե պատմությունը մենք նայենք, այնքան պատերազմ, ինչքան Թուրքիան ու Ռուսաստանն են ունեցել, ոչ մի պետություն միմյանց հետ չեն պատերազմել, բայց Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան ունեն մեկ միասնական մոտեցում՝ իրենք դեմ , որ իրենց ազդեցության գոտի մտնեն այլ խաղացողներ և այն կողմերը, այն պետությունները՝ հիմնականում փոքր պետությունները, որոնք փորձում են այս կամ այն մեծ խաղացողին բերել տարածաշրջան, բայց տարածաշրջանային գերտերությունները սովորաբար պատժում են այդ պետություններին։ Հիմա Հայաստանի իշխանությունը պատմական աննախադեպ մի բան է անում, որի շրջանակներում Հայաստանի դեմ միանալու են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Սա ամենամեծ մեղքերից մեկը, որ այս իշխանությունը հայ ժողովրդի և հայկական պետականության դեմ գործում է, հենց սա է։ Սա աննախադեպ բան կարող էր թվալ ընդամենը չորս տարի առաջ, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կարող են միավորվել իրար հետ՝ Հայաստանին պատժելու համար, որ Հայաստանը փորձում է տարածաշրջան արտատարածաշրջանային խաղացող բերել»,- շեշտեց քաղաքագետը։

Խոսքը ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Ֆրանսիայի մասին է։ Ամենևին էլ պատահական չէ, որ տեղեկություններ են հայտնվում այն մասին, թե այս բարդ ժամանակահատվածում ինչու պետք է Ֆրանսիայի նախագահն այցելի Հայաստան, որ Ֆրանսիան խոսում է այն մասին, որ Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ նոր առաջարկներ ունի։

«Սա պատմական ամենամեծ մեղքն է, որ այս մարդիկ հայ ժողովրդի, հայ պետականության դեմ գործում են»,-ասաց Մաթևոսյանը։ Իսկ ՌԴ ԱԳՆ հայտարարության ամենավտանգավորն այն է, որ հատուկ շեշտադրվել է, որ հայկական կողմը աջակցություն է ցուցաբերում նացիստական համարվող պետությանը։
«Մենք, իհարկե, կարող ենք ասել, որ մենք սուվերեն պետություն ենք, մենք ինչպես կուզենք կգնահատենք և այլն, շատ լավ, ինչպես կուզենք կգնահատենք։ Ուրեմն մենք էլ չպետք է նեղանանք, որ Ռուսաստանն էլ ինչպես կուզի կգնահատի սա։ Աննա Հակոբյանն ինչ էր տարել Ուկրաինա՝ սմարթֆոններ, պլանշետներ, գաջեթներ։ Ես առաջինը չեմ, որ կասեմ, որ այս ամենը կարելի է օգտագործել ինչպես կրթական նպատակներով, այնպես էլ ռազմի դաշտում։ Ամենասովորական դրոնը կարելի է ղեկավարել ամենապարզունակ պլանշետով և ամենապարզունակ հեռախոսով։ Դուք ուղղակի չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում, հնարավոր չէր պատկերացնել, որ այս աստիճանին կարելի է հասնել,-եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը։