Ուկրաինայում ավելի շատ Ռուսաստանին հաղթելու, քան իշխանափոխության պահանջ կա

Ուկրաինայում ավելի շատ Ռուսաստանին հաղթելու, քան իշխանափոխության պահանջ կա

Զելենսկի-Զալուժնի հակասությունների աղմուկը չմարած՝ Ուկրաինայում նոր սկանդալ է հասունանում։ Կիեւի քաղաքապետը հայտարարել է, որ երկրի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ճշմարտությունն է ասել, երբ ՌԴ-ի հետ պատերազմում առկա իրավիճակը որակել է որպես փակուղի։ Բացի այդ, Վիտալի Կլիչկոն աղմկահարույց հայտարարություններ է արել եւ Զելենսկուն մեղադրել մի շարք սխալներ թույլ տալու մեջ՝ նշելով, որ դրանց համար երկրի ղեկավարը պետք է պատասխան տա։ Ի՞նչ ներքաղաքական զարգացումներ են ծավալվում շուրջ 2 տարի պատերազմող Ուկրաինայում։ Այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել ենք Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդայի հետ։

- Փաստորեն, Վիտալի Կլիչկոն բացեիբաց պաշտպանեց Զալուժնիին՝ նշելով, որ վերջինս ճշմարտությունն է ասել՝ ռազմաճակատում առկա իրավիճակը փակուղային անվանելով։ Նա նաեւ անարդար է համարել քաղաքական որոշ գործիչների՝ ԶՈՒ գլխավոր հրամանատարի հասցեին հնչած քննադատությունները՝ ասելով, որ պետք չէ էյֆորիայի մեջ հայտնվել եւ խաբել սեփական ժողովրդին։ Ինչո՞վ կբացատրեք Կիեւի քաղաքապետի այդ քայլը։

 - Վիտալի Կլիչկոն լայնածավալ ներխուժման պահից գտնվում էր Կիեւում եւ Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտպանության կազմակերպիչների թվում էր։ Նա առնվազն սեփական գնահատականների իրավունք ունի։ Ինչ վերաբերում է «Զալուժնիին պաշտպանելուն», ապա հազիվ թե վերջինս պաշտպանության կարիք ունենա, քանի որ նա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ամենահայտնի մարդն է Ուկրաինայում։ Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու է Վլադիմիր Զելենսկու շրջապատը մեծացնում կոնֆլիկտը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ նախագահի հարաբերություններում։ Կարծում եմ՝ մինչեւ հաղթանակ պայքարելու պատրաստակամության մասին նրանց համատեղ հայտարարությունը պարզապես անհրաժեշտ է։ 

- Կլիչկոն հայտարարել է, որ իրեն չի զարմացնում Զելենսկու վարկանիշի անկումը, եւ պնդել, թե նախագահը պետք է վճարի իր թույլ տված սխալների համար։ Խոսքը պատերազմին ոչ պատշաճ պատրաստ լինելու մասին է։ Ըստ Ձեզ, որքա՞ն հեռուն կգնա իր մեղադրանքներում Կիեւի քաղաքապետը, եւ արդյո՞ք սրանով նա երկրի պոտենցիալ ղեկավարի հայտ չի ներկայացնում գալիք նախագահական ընտրություններից առաջ։

- Պատերազմի ժամանակ Վլադիմիր Զելենսկու ժողովրդականության անկումը, եթե կուզեք, բնական գործընթաց է։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացած է պետության ղեկավարի ձեռքում, բայց միեւնույն ժամանակ մեծանում է նաեւ պատասխանատվությունը։ Վիտալի Կլիչկոն փորձառու քաղաքական գործիչ է, ով այսօր չի հայտնվել քաղաքական ասպարեզում, եւ նա հասկանում է, որ պետք է հիշեցնել իր մասին։ Որպես բռնցքամարտիկ՝ նա հայտնի էր Արեւմուտքում եւ այսօր նա օգտագործում է այդ փաստը։ Միաժամանակ, ես չէի շտապի խոսել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ մինչեւ Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների ավարտը։ Այսօր մեր հասարակության մեջ ագրեսորի նկատմամբ հաղթանակի շատ ավելի ուժեղ պահանջ կա, քան՝ իշխանափոխության։ Կարծում եմ՝ հայ ընթերցողները սա ֆենոմեն չեն համարի։ Ուկրաինացիներն ամբողջ աշխարհին ապացուցեցին, որ երկիրը հաջողության է հասել որպես անկախ պետություն։ Այսօր մենք իրականում անկախության պատերազմ ենք մղում, եւ ընտրությունների անցկացման հարցը երկրորդական է թվում։

- Այդուամենայնիվ, անդրադառնանք նախագահական ընտրություններին, որոնց այդքան ընդդիմանում է Ուկրաինայի նախագահը՝ պատճառաբանելով, թե դրանց անցկացումն անթույլատրելի է պատերազմական իրադրության ժամանակ։ Կլիչկոյի համոզմամբ, սակայն, ընտրություններից հրաժարվելով՝ Ուկրաինան գնում է դեպի ավտորիտարիզմ։

- Դժվար է ինձ անվանել իշխանության կողմնակից, բայց ես նաեւ պատճառ չեմ տեսնում պատերազմական պայմաններում ընտրություններ անցկացնելու համար։ ԱՄՆ-ի 1944 թ․ օրինակը, կներեք, համոզիչ չէ. նրանք օկուպացված տարածքներ չունեին, Ուկրաինան այսօր չի վերահսկում իր տարածքի մոտ 20%-ը, իսկ մեր միլիոնավոր քաղաքացիներ դարձել են փախստական։ Կարծում եմ, որ ներկա պայմաններում ընտրությունների անցկացման թեմայի խթանումը կարող է լինել ռուսական հատուկ տեղեկատվական օպերացիայի մաս, քանի որ ժողովրդավարական երկրում ընտրությունները միշտ մրցակցային են, եւ մենք պետք է մեր բոլոր ուժերը կենտրոնացնենք հաղթանակի վրա։ Բայց, միեւնույն ժամանակ, ես Վիտալի Կլիչկոյին չեմ համարում ռուսական գործակալ, նա պարզապես քաղաքական գործիչ է, ով երկար ժամանակ պատրաստվում է նախագահի պաշտոնի համար պայքարի։

- Ի դեպ, NBC News-ի հերթական հոդվածում կարծիք են հայտնել, որ «Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնանկությունը կլինի «երկրի մոտալուտ ավտորիտարիզմի» թեզի հերթական հաստատումը»։ Դուք նման միտումներ տեսնո՞ւմ եք Ուկրաինայում։

- Նախ՝ Վալերի Զալուժնին շարունակում է ղեկավարել Ուկրաինայի զինված ուժերը։ Երկրորդ՝ նա ներկայացնում է գեներալների մի խումբ, որոնք մարտական փորձ են ձեռք բերել Ռուսաստանի հետ առճակատման մեջ 2014 թվականից։ Երրորդ․ պատերազմի ժամանակ իշխանությունն այս կամ այն կերպ կենտրոնացած է մի ձեռքում, ուստի ավտորիտարիզմի մասին խոսվելու է։ Բայց պետք է միայն համեմատել Ռուսաստանի եւ Ուկրաինայի սոցիալ-քաղաքական իրավիճակը՝ հասկանալու համար, թե որտեղ են առկա ավտորիտար եւ տոտալիտար միտումները, եւ որտեղ են ժողովրդավարության աճող ցավերը:

- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոռետեսական կանխատեսումներ ունի․ նրա պնդմամբ, իրավիճակն Ուկրաինայում ծայրահեղ է եւ կարող է ավելի վատթարանալ՝ կապված Արեւմուտքից ոչ բավարար օգնության հետ։ Նա խոստովանել է, որ դաշինքի անդամները չեն կարողացել բավարարել զինամթերքի աճող պահանջարկը։ Տեսանելի ապագայում ի՞նչ է սպասվում` հոռետեսական մտքերի հիմք կա՞։

- ԵՄ երկրները (ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն կազմով համընկնում են 85-90%-ին) Ուկրաինային մատակարարել են խոստացված միլիոն արկերից 300 հազարը։ Սա պերճախոս կերպով ցույց է տալիս, որ Եվրոպան պատրաստ չէր Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած մեծ պատերազմին: Ինչ վերաբերում է հոռետեսությանը, ապա ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման նախօրեին արեւմտյան փորձագետների 90 եւ նույնիսկ ավելի տոկոսը կանխատեսում էր Ուկրաինայի մոտալուտ պարտությունն ու փլուզումը։ Այդպես չէ՞։ Ուստի ռուս-ուկրաինական պատերազմի ճակատներից լուրերը տարբեր կլինեն, բայց քաղաքակիրթ աշխարհի համար ավելի դրական նորություններ կլինեն։