Ծաղկաձորն ապականելու կուրս են վերցրել

Ծաղկաձորն ապականելու կուրս են վերցրել

Եթե տարիներ առաջ Ծաղկաձորում կառուցված եւ կառուցվող հյուրանոցներն ու ռեստորանները, ցածրահարկ քոթեջներն ու փոքր հյուրատներն զբոսաշրջիկներին գրավում էին, ապա վերջին տարիներին կուրորտային կոլորիտային քաղաքի պատկերը բավականին փոխվել է. առավել խառնիճաղանջ է դարձել, թափով ընթանում են շինարարական աշխատանքներ, բարձրահարկ բազմաբնակարանային շենքերը սնկի պես աճում են: Զբոսաշրջային քաղաքը վերածվել է մեծ շինհրապարակի։

Ըստ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանի՝ մոտ 1.5 միլիարդ դրամի շինարարական աշխատանք ունեն այս տարի իրականացնելու։ Նկատենք, որ 2023-ին Ծաղկաձոր համայնքում հողամասերի մեծածավալ վաճառք է ընթանում, վաճառվում են համայնքապատկան հողատարածքները, որոշ դեպքերում հողի նշանակությունն է փոխվում, որից հետո նոր վաճառվում։ Ծաղկաձորի ավագանու 2023 թվականի որոշումների զգալի մասը հենց հողերի վաճառքին է վերաբերում։ Աճուրդի հանված հողամասերը գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում, մեծ մասը «հատուկ պահպանվող, հանգստի» կատեգորիայի է, մի մասը՝ արդյունաբերական, մի մասն էլ բնակավայրի խառը կառուցապատման կատեգորիայի է։ Ծաղկաձորի ավագանու որոշմամբ այդ հողերի մի մասը ճանաչվել է համայնքային սեփականություն։

Ծաղկաձորի համայնքապետարանից մեր հարցմանը, թե 2020-2023 թթ. ժամանակահատվածում համայնքապետարանը որքան նախագծման (Ճարտարապետահատակագծային առաջադրանք) եւ շինարարության թույլտվություն է տրամադրել Ծաղկաձոր համայնքում եւ հարակից գյուղերում՝ բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցելու համար, եւ որքան դիմում է մերժել, պատասխանել են. «2020-2023 թթ․ ընթացքում Ծաղկաձորի համայնքապետարանը տրամադրել է թվով 15 ՃՀԱ եւ 8 շինարարության թույլտվություն: Հայտնում ենք, որ այն շինությունները, որոնց տրվել են ՃՀԱ եւ շինարարության թույլտվություններ, համարվում են բազմաֆունկցիոնալ համալիրներ (ապարտ հյուրանոցներ): Համայնքապետարանի պահանջով դրանք ունենալու են հյուրանոցի համար նախատեսված բոլոր պահանջները՝ առնվազն 40 տոկոս հասարակական մասեր»:

Նշենք, որ Կոտայքի մարզպետարան նույնպես նմանատիպ հարցում էինք ուղարկել, որտեղից մեզ պատասխանել են, թե նախագծման եւ շինարարության թույլտվությունների տրամադրումը մարզպետարանի լիազորություններից դուրս է:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն եւս հարցում էինք արել. «2020-2023թթ․ ընկած ժամանակահատվածում որքա՞ն դիմում է մուտքագրվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ կապված ՀՀ, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքում, հարակից գյուղերում, ինչպես նաեւ Ծաղկաձոր համայնքին հարակից Հրազդան քաղաքում եւ հարակից գյուղերում նախատեսվող բազմաֆունկցիոնալ եւ/կամ բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ, եւ որքա՞ն դիմում է ստացել դրական եզրակացություն»։

Ինչպես նաեւ նախարարությանը խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն՝ արդյո՞ք Ծաղկաձոր համայնքում կառուցվող եւ կառուցվելիք բազմահարկ բնակելի շենքերի դեպքում հաշվի են առնվել ինժեներական եւ տրանսպորտային մայրուղային ցանցերի խտությունը, հասարակական նշանակության օբյեկտներով հագեցվածությունը, տարածքի ինժեներական նախապատրաստումը, ներդրումային գրավչությունը, բնակչության խտությունը, պատմամշակութային եւ ճարտարապետալանդշաֆտային արժեքները, կանաչապատ տարածքները, անտառները։ Նախարարությունից հայտնել էին, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր եւ Հրազդան համայնքներում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցման վերաբերյալ 2020-2023 թվականների ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության է ներկայացվել 9 նախնական գնահատման հայտ, որից 7-ը ստացել է դրական եզրակացություն, 2-ը գտնվում է փորձաքննության փուլում:

Իսկ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին ուղղված մեր երկու հարցումներն անպատասխան են մնացել: Ուշագրավ է, որ առավել համապարփակ պատասխան ակնկալում էինք Քաղաքաշինության կոմիտեից, քանի որ մեր հարցումը բազմաբովանդակ էր եւ վերաբերում էր ոչ միայն 2020-2023թթ․ ընկած ժամանակահատվածում մուտքագրված դիմումների քանակին։ Նաեւ հետաքրքրվել էինք Ծաղկաձոր համայնքին հարակից Հրազդան քաղաքում եւ հարակից գյուղերում՝ անտառային, հատուկ պահպանվող տարածքների, ջրային, պահուստային, հատուկ նշանակության, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը՝ բնակելի կառուցապատման նշանակության փոփոխելու թեմայով։ Ինչպես նաեւ խնդրել էինք տեղեկացնել, թե քանի դիմում է ստացել դրական եզրակացություն։

Արձանագրենք, որ քաղաքաշինական նորմերի ու սկզբունքների պահպանում ոչ մի տարածքում առկա չէ՝ ո՛չ Երեւան քաղաքում, ո՛չ մարզերում, ո՛չ էլ անգամ կուրորտային քաղաքներում, որոնց կառուցապատման ձեւն ու չափանիշները շատ կարեւոր են ապագայում զբոսաշրջիկներ ու հանգստացողներ ունենալու հարցում, որ նույնն է՝ եկամուտ ունենալու հարցում։ Եվ եթե այս իշխանությունը 2018-ից հետո իբրեւ թե բացահայտումներ է անում, թե որ համայնքային հողն ու տարածքն են նախկին իշխանությունները սեփականացրել, կառուցապատել, իրենց բիզնեսին ծառայեցրել, ապա այսօր էլ ավելի խայտառակ բաներ են կատարվում։ Պետական ու համայնքային հողն աճուրդների է դրվում, վաճառվում, տձեւ ու անճոռնի շենքեր են կառուցվում, իսկ Ծաղկաձորը կառուցապատում են երկնաքերներով, ինչն ուղղակի անթույլատրելի է եւ Ծաղկաձորի բնության հետ անհամատեղելի։