Մասիսում հանդիպեցին Շուշանիկ Կուրղինյանը, Զապել Եսայանը, առաջին կին պատգամավորները…

Մասիսում հանդիպեցին Շուշանիկ Կուրղինյանը, Զապել Եսայանը, առաջին կին պատգամավորները…

Մասիսի Երաժշտական դպրոցի դահլիճում երեկ ներկայացվեց դրամատուրգ Սամվել Խալաթյանի հեղինակած՝ «Հանդիպում հարյուր տարի անց» պիեսի թատերական բեմադրությունը՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլի ներկայացմամբ: Բեմականացումն ստեղծվել է «Ականավոր հայ կանայք՝ հանուն կանանց իրավազորման» քարոզարշավի շրջանակներում: Հարյուր տարի անց հանդիպում են հայ ականավոր կանայք՝ գրող-հրապարակախոս, հասարակական քաղաքական գործիչներ Շուշանիկ Կուրղինյանը, Զապել Եսայանը, առաջին հանրապետության առաջին կին պատգամավորներ Վարվառա-Վարյա Սահակյանը, Կատարինե Զալյան-Մանուկյանը՝ Արամ Մանուկյանի կինը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը: Վերջիններս հպարտությամբ են հիշում, որ հարյուր տարի առաջ, երբ այսօրվա ազատ Եվրոպայում դեռեւս կանայք ընտրելու իրավունք չունեին, իրենք արդեն ընտրված պատգամավորներ էին: Նրանք խորհում են հասարակության մեջ կնոջ խնդիրներ, դերի ու կարեւորության մասին: Հայ կանայք առաջամարտիկներ են եղել խավարի եւ կանանց հանդեպ բռնությունների դեմ պայքարում: Նորից վեր է բարձրացնվում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության խնդիրը: Բեմականացումը համամված էր երաժշտական կատարումներով: 

«Ականավոր հայ կանայք հանուն կանանց հզորացման» քարոզարշավը նպատակ ունի խթանել գենդերային հավասարությունը, հաղթահարել խտրական սոցիալական նորմերը եւ վնասակար գործելակերպը, ինչպես նաեւ՝ կանխել պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրությունը Հայաստանում: Քարոզարշավի շրջանակում պիեսը ներկայացվել է Արմավիրում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վանաձորում:

Առաջիկայում կներկայացվի այլ մարզերում ու քաղաքներում: