Ռեպրեսիա՝ պատժական միջոցառում, պատիժ

Ռեպրեսիա՝ պատժական միջոցառում, պատիժ

Փաշինյանը, իսկ մենք դրան սպասում էինք, արդեն գործողության մեջ է դրել իր ամենակեղտոտ զենքը՝ ռեպրեսիաների մեքենան: Ես այն մի քանի առիթով տեսել եմ: Առաջին անգամ մեր տուն եկան 2 ոստիկան, ցույց տվեցին իմ ֆեյսբուքյան էջից արված ճեպանկարը («սքրինը») եւ խնդրեցին ջնջել տվյալ գրառումը: Հարցրեցի՝ խի՞: Եթե չջնջես, քեզ կտանենք բաժին, որ բացատրություն գրես առ այն, թե ինչու չես ուզում կատարել մեր օրինական պահանջը: Մնացի ապշած: Ասում եմ՝ պարոնայք ոստիկաններ, ես ավելի «թունդ» գրառումներ ունեմ, ինչո՞ւ եք կենտրոնացել հենց այդ «անմեղ» գրառման վրա: Եվ ապա՝ ձեզ ո՞վ է ասել, որ ջնջել տաք գրառումը: Վերջապես՝ կարող եմ ապացուցել, որ այդ գրառման մեջ ոչ մի վիրավորանք չկա:

- Ընչի դու ո՞վ ես, որ մեր ղեկավարությանը բան ապացուցես,- մռայլվեց ոստիկաններից մեկը:
- Ես 40 տարվա լրագրող եմ եւ շատ լավ պատկերացնում եմ թե՛ իմ եւ թե՛ դիմացինիս իրավունքները: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, կներեք, ես մի քիչ խիստ եմ: Այս գրառումը տիպիկ քաղաքական գնահատական է հանրային լայն ճանաչում ունեցող գործչի քայլերին:
- Լրագրո՞ղ ես:
- Այո:

Վերցրեց զանգեց «վերեւ», թե այսպես ու այսպես, ինքը լրագրող ա… Հետո դարձավ ինձ՝ բախտդ բերեց, ասում են՝ բաժին մի բերեք, բայց գրառումը թող ամեն դեպքում ջնջի: Ընկա մտածմունքի մեջ՝ արժի՞ մի գրառումի պատճառով տարվել բաժին, չգիտեմ ինչ գլխացավանքի մեջ ընկնել: Էդ գրառումներից, մեկ է, լիքը ունեմ՝ չհաշված հազարի հասնող հոդվածներս: Համակարգիչը միացրի, բացեցի ՖԲ էջս ու ոստիկանի աչքի առաջ ջնջեցի «խնդրո առարկա» գրառումը: Նորից զանգեց «վերեւ»՝ ջնջեց: Վեր կացան, որ գնան, առաջարկեցի սուրճ խմել, չմերժեցին: Այդ ընթացքում ինձ մի «լավ հարցազրույց տվեցին»:
- Նման դեպքերը շա՞տ են, թե՞ առայժմ փորձում եք կանխել:
- Տո սուս, այ հոպար, արդեն մի ամիս է՝ ավելի շատ Ֆեյսբուքով ենք զբաղված, քան հանցագործ բռնելով:

Դպրոցականից մինչեւ թոշակառու գրում ու գրում են, գրում ու գրում… Չենք հասցնում տեղներս մի քանի րոպե տիտիկ տալ: Սա այն օրերին էր, երբ կարգադրվել էր սատանա բռնել, եւ ոստիկանների հեռանալուց հետո ես ինձ լրիվ սատանայի կարգավիճակում էի զգում: Էդիկ Անդրեասյան, պոչդ խուզել, խառնվել ես ջահելներին, բա 60 տարեկան սատանա կլինի՞, բա որ տանեին ու դատեին, կարողանալո՞ւ էիր ապացուցել, որ սատանա չես:
Որոշ ժամանակ անց ռեպրեսիաների ուղտը նորից չոքեց իմ դռանը, բայց այս անգամ՝ արդեն շատ ավելի լուրջ դեմքով: Միանգամից ասացին, որ տանում են բաժին՝ հարցաքննության:
- Հիմա՞ ինչ է պատահել:
- Վարչապետին ես վիրավորել, ասել ես՝ պուտանկա:
- Ենթադրենք՝ վարչապետին եմ վիրավորել, դո՞ւք ինչ կապ ունեք:
Իրար երեսի նայեցին.
- Ո՞նց թե՝ ինչ կապ ունենք:
- Հա, վարչապետը բողոքե՞լ է:
- Չէ:
- Չէ ու ջան, ուրեմն չեմ վիրավորել եւ ոչ մի բաժին էլ չեմ գա, մինչեւ վարչապետի բողոքն ինձ չներկայացնեք:

Գլուխներդ ի՞նչ ցավեցնեմ: Քրեական գործ հարուցվեց, խափանման միջոցը քննիչը տվեց ձեռքս, ու բանը հասավ դիվանբաշուն: Բոլոր ինստանցիաներում համոզում էի, որ «պուտանկա» բառը վիրավորանք չէ, որ վարչապետն իմ աշակերտն է եղել եւ հրաշալի գիտի այդ բառի նշանակությունը: Ասում էի՝ նա չէր կարող վիրավորվել դրանից: Պնդում էին՝ չէ որ չէ, վիրավորել ես: Վերջին հույսս մնացել էր դատավորը: Կարծում էի, որ նա հաստատ կիմանա, թե ինչ ասել է «պուտանկա», եւ ինձ կների: Իմ բախտից էր երեւի, որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ եվրոպաներից նախատինքներ եկան մեր իշխանությունների հասցեին, եւ «սատանա բռնելու» հիմար օրենքն իմ դատից առաջ կասեցվեց: Բայց դատը տեղի ունեցավ: Ի պատիվ դատավորի, պիտի ասեմ, որ շատ շքեղ դատ ստացվեց: Մեղադրողն ու ես անմիջապես ընդունեցինք օրենքի չեղարկման հիմքով գործի քննությունը կասեցնելու դատավորի առաջարկն ու պատրաստվում էինք բաժանվել, երբ իմ մեջ կրկին խոսեց «սատանան»:
- Հարգելի դատարան, ես առարկություն չունեմ՝ այս գործի կասեցման հետ կապված, բայց կուզենայի, որ այն կասեցվեր այլ հիմքով:
- Օրինա՞կ,- հետաքրքրվեց դատավորը:
- Ես չէի ուզենա մեկնումեկի մոտ կասկած մնար, որ վիրավորանք եմ հասցրել վարչապետին ու պլստացել զուտ այն պատճառով, որ մի ապուշ օրենք դադարել է գործել: «Պուտանկա» բառը վիրավորանք չէ: Դա նշանակում է «խառնաշփոթ», «խառը վիճակ», «խառնակիչ»…
Է՛լ բառարան բերել դատարանի դահլիճ, է՛լ «Google» մտնել…
- Տեսա՞ք, հարգելի մեղադրող,- ոգեւորվեցի ես,- դուք այդ բառը շփոթել եք մեկ այլ բառի հետ՝ «պուտանայի», բայց նույնիսկ «պուտանան», ցանկության դեպքում, կարելի է վիրավորանք չհամարել այս իշխանությունների հասցեին, քանզի Պուտանան հին հնդկական դիցաբանության մեջ մի չար կին էր, որն ուզում էր սպանել Բուդդային: Օֆ, դե եսիմ…

Կարող է հարց առաջանալ, թե ինչու գրեցի այս ամենը, երբ լուրեր են պտտվում, որ նույն ռեպրեսիոն մեքենան նորից է գործի դրվել, եւ ժողովրդավարության բաստիոնում նորից սատանա բռնելու ժամանակներ են սկսվել: Երեկ «Հրապարակում» կարդացի, որ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ իր գրառման պատճառով, որի մեջ, իբր, հրապարակային բռնության կոչ է հնչեցրել: Ասում են՝ գրել է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասվում է Հեբելսի ճակատագիրը»: Առաջին իսկ ցանկությունս եղավ, որ հասկանամ, թե այդ գրառման մեջ որտեղ է «հրապարակային բռնության կոչը»: Կարծես՝ գտա, կապված է «Հեբելս» բառի հետ: Ալեքսանդր Հեբելսը մի երիտասարդ տղա է, որն ունի ֆեյսբուքյան էջ, որտեղ վերջին գրառումը կատարել է 2016թ. ապրիլի 4-ին: Հլա վառեք՝ 2016թ. ապրիլի 4… մենք այդ օրն ապրիլյան պատերազմի մեջ չէի՞նք: Եվ, ուրեմն, հարգելի Քննչական կոմիտե, դուք ի՞նչ գիտեք այդ տղայի ճակատագրի մասին, որ Արմինե Ադիբեկյանին մեղադրում եք բռնության կոչ անելու մեջ: Հարգելի ՔԿ (համարյա ՔՊ), դուք այս էլ որերո՞րդ անգամ եք գործ կարում մարդու վրա՝ չհասկանալով մարդու գործածած բառի եւ իրականության միջեւ կապը: «Google» չունե՞ք, թե՞ միշտ մտածում եք այնպես, ինչպես ուզում եք: Դե հիմա փորձեք ապացուցել, որ Արմինեն նկատի է ունեցել ոչ թե Ալեքսանդր Հեբելսին, այլ՝ Պաուլ Յոզեֆ Հեբբելսին կամ, առավել եւս՝ Պաուլ Յոզեֆ Հյոբելսին: Հասկանում եմ, որ ձեզ Հիտլերի անունն է շփոթեցրել, բայց լավ կլիներ իմանայիք, որ ձեր իմացած Հեբելսի ազգանունը գրվում է երկու բ-ով:

ՀԳ. Հարգելի ՔՊ, ներողություն, ՔԿ, ես՝ 40 տարվա լրագրողս, երբեք չեմ զլացել համագործակցել մեր իրավապահ համակարգի հետ, քանզի համարել եմ, որ այդ համակարգը մեր պետությանը պետք է: Որպես համագործակցության վառ ապացույց՝ կներկայացնեմ մի քանի ցայտուն օրինակ, իսկ դուք փորձեք գտնել այդ հրապարակային բռնության կոչերի հեղինակին ու ծակը կոխել: «Մենք ձեզ փռելու ենք ասֆալտին», «ձեզ ծեփելու ենք պատերին», «ձեզ բռնելու ենք՝ շինենք»: