«Հայրենիք» հիմնադրամը դրամաշնորհներ է տալիս՝ սկսած 200 հազար դրամից

«Հայրենիք» հիմնադրամը դրամաշնորհներ է տալիս՝ սկսած 200 հազար դրամից

Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» զարգացման հիմնադրամը դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում։ Վերջերս նման դրամաշնորհային ծրագիր էր իրականացվել հետաքննական լրագրության ոլորտում։

Խոսքը Թիվի 5-ի պատրաստած տեսանյութ-ֆիլմի մասին է, որտեղ բացահայտում էին, թե իշխանությունն ինչ է արել հեղափոխությունից հետո եւ իշխանության տարբեր օղակներում գտնվող անձինք եկամուտների ինչ աճ են արձանագրել այս 2 տարվա ընթացքում։ Մենք հետաքրքրվեցին, թե ուրիշ ինչ դրամաշնորհային ծրագրեր է ֆինանսավորում «Հայրենիքը»։

Հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մոտ ապագայում դրամաշնորհային ծրագրեր կիրականացվեն իմնադրամի հոգաբարձուների կողմից՝ ռազմավարական հռչակված ուղղություններով․ «Մենք ունեցել ենք տարբեր ծրագրեր, տասնյակից ավելի ծրագրեր են իրականացվել «Հայրենիք» զարգացման հիմնադրամի շրջանակներում, ունեցել ենք հետաքննական լրագրության ուղղություն, այդ ուղղությամբ Լոռու մարզի «ֆորտունա» հեռուստաընկերությունն է հրապարակումներ իրականացնում, և դիմել է նաև ստեղծագործական կոլեկտիվ, որը ևս իրականացնում է հետաքննական լրագրության այդ շարքը։ Մի քանիսը արդեն ցուցադրված է, թեմատիկ նյութեր ապագայում սպասվում են։ Մեր ծրագրերը տարբեր ոլորտների վերաբերյալ են։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դեռ մարտ-ապրիլ ամիսներին հայտարարվեց դրամաշնորհային մրցույթ, իրականացրել ենք ծրագրեր հեռավար կրթության հետ կապված, ինտելեկտուալ ուղղություններով։ «Արցախ- հայրենիք» ռազմավարական ուղղություն ունենք, այդտեղ ենք ծրագրեր իրականացնում։ Նախորդ շաբաթ հոգաբարձուների խորհրդի նիստ է տեղի ունեցել, որոշվել են առաջիկա ամիսների ռազմավարական ուղղությունները․ նախապատվությունը տրվելու են հակաճգնաժամային տնտեսական զարգացման միջոցառումներին և քայլերին, փորձագիտական աշխատանքներ են իրականացվելու, ինչպես նաև առողջապահական ուղղությունը ևս որպես ռազմավարական ուղղություն է հռչակվել ապագա ամիսների համար, այդ 2 ուղղություններով հիմնադրամը պատրաստվում է համագործակցության պայմանագրեր կնքել ոլորտի փորձառու մասնագետների հետ»,- ասաց Գալստյանը։

Նա դժվարացավ կոնկրետ նշել, թե ինչ չափի գումարների մասին է խոսքը, սակայն նշեց մոտավոր միջակայքը․ «Այս պահին կոկրետ գումարային թվեր չեմ կարող ասել, դրանք տարբեր են՝ կախված խնդիրներից, նպատակներից, շահառուներից և այլն, սկսվում են 200 հազար դրամից, վերջանում ՝ մի քանի միլիոն դրամանոց ծրագրերով։ Հիմնադրամն աշխատում է մի քանի ձևաչափերով, լինում են դրամաշնորհային մրցույթի հրավերներ, որոնք բաց և հրապարակային են լինում, լինում են նաև անհատական, երբ առաջարկը ստացվում է՝ ներկայացվում է հոգաբարձուների խորհրդին։

Հիմնադրամի դռները բաց են բոլոր ցանկացողների համար, հենց այսօր էլ՝ այս պահին, ես ստացել եմ համագործակցության առաջարկ, բոլորը հավաքվում են, ներկայացվում է, և ըստ մեր հիմնադրամի առաքելության և նպատակների, որոշվում է, թե որ ծրագրերը պետք է կյանքի կոչվեն»։
Այս ծրագրերի հիմքում, իհարկե, նաեւ քաղաքական շահ եւ հետաքրքրություն է ընկած, բայց քիչ չեն նաեւ տնտեսական, սոցիալական եւ այլ բնույթի նախագծերը, որոնք ֆինանսավորվում են <Հայրենիք> հիմնադրամի կողմից։