Այդ սիմվոլիկ եկամուտը մեզ օդ ու ջրի պես պետք է
Նախօրեին, ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ հատուկ նիստի ընթացքում հայտարարեց, որ առաջիկայում գրադարանները եւ թանգարանները կվերաբացվեն, իսկ թատրոնները եւ համերգասրահները կգործեն բացօթյա։ Ըստ այդմ, մոտակա օրերին կհրապարակվի ուղեցույցը, եւ այդ կանոնները ուժի մեջ կմտնեն։
Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասում է, որ շատ երկար էին սպասում այս որոշմանը, որին, փաստացի, դեռ բանավոր ձեւակերպում է տրվել եւ ոչ՝ գրավոր հրահանգ․ «Ես առաջինն եմ ուրախացել այդ լուրից եւ կարծում եմ՝ մոտ օրերս կլինի նաեւ որոշումը։ Մենք այդ ոսկե սեզոնը բաց թողեցինք, որովհետեւ ապրիլից սկսած մեր մարզային մասնաճյուղերում (Դսեղի՝ Թումանյանի տուն թանգարանում, Գորիսում՝ Ակսել Բակունցի թանգարանում, Աշտարակում՝ Պերճ Պռոշյանի տուն թանգարանում) մեծ հոսքեր են լինում, եւ հատկապես՝ Դսեղում։ Ես ամեն շաբաթ կիրակի լինում եմ բոլոր մասնաճյուղերում եւ սրտի մեծ կսկիծով նկատում եմ, որ հատկապես հանգստյան օրերին, մարդիկ ընտանիքներով գալիս են ու ցանկապատից այն կողմ կարոտով նայում թանգարանի դռներին ու այգուն։ Մենք էլ, բնականաբար իրավունք չունենք ներս թողնել»,-ասում է նա ու ընդգծում, որ փակ սահմանների եւ արտակարգ իրավիճակի պայմաններում ներքին տուրիզմը շատ բանուկ դարձրեց մարզային թանգարան տանող ճանապարհները։
Վարդանյանը նկատում է՝ թեպետ տոմսի արժեքը 300 դրամ է, բայց անգամ դրանով կարողանում էին իրենց մեծ տնտեսությունը կենսունակ պահել։ Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակով պայմանավորված թանգարանների աշխատանքային գրաֆիկին, ապա ինքը գրեթե ամեն օր ԳԱԹ-ում է եղել․ «Ֆիլմաշարեր սկսեցինք մշակել եւ ստեղծել, թատերական ներկայացումներ, նույնիսկ կատակում ենք, որ սկսել ենք արդեն այս ամիսների ընթացքում ոտք մեկնել թատրոնների եւ համերգային կազմակերպությունների հետ։ Եվ քանի որ միջոցառումների բաժնի մեր խումբը ամեն օր ինձ հետ միասին այստեղ է եղել, ըստ այդմ որոշակի փորձ ունենք, մուտքից սկսած ախտահանումը ապահովել ենք եւ երբ բացվեն թանգարանները ու սկսենք ընդունել առաջին այցելուներին, բնականաբար հաշվի կառնենք մեր ցուցադրության մակերեսը եւ 3-5 հոգանոց խմբեր պետք է ընդունենք, որպեսզի կարողանանք բոլոր կանոները պահպանել։ Մուտքի մոտ կխնդրենք, որպեսզի ձեռքները ախտահանեն, դուրս գալուց՝ եւս։ Առայժմ այդպես եմ պատկերացնում մեր աշխատանքի կազմակերպումը, եթե այլ հրահանգ եկավ նախարարությունից, դրանով կառաջնորդվենք»։
Թանգարանի տնօրենն ասում է, որ խնդիր կառաջանա, եթե նախկինի նման՝ խմբերով ու դասարաններով գան թանգարան․ «Խումբ էր լինում՝ մինչեւ 30-40 աշակերտ էր լինում, բնականաբար այդպես մենք չենք կարող ընդունել, առայժմ կսահմանափակվենք 3-5 հոգանոց փոքր խմբերով մինչեւ կճանապարհենք առաջին խմբին, հետո 2-րդին կընդունենք»։
Թե ինչքա՞ն ֆինանսական կորուստներ են կրել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապա. «Մենք նախորդ տարի կարողացանք ապահովել 18-19 մլն-ի արտաբյուջե, որը գուցե Ազգային պատկերասրահի համեմատ չնչին գումար է, բայց Գրականության եւ արվեստի թանգարանի պատմության մեջ, որը ավելի շատ գիտական, արխիվային հիմնարկ է, դա բավականին մեծ ցուցանիշ էր։ Դա վերաբերում է մայր թանգարանին եւ իր 5 մասնաճյուղերին, ընդ որում ամենամեծ հոսքը ապահովել է Դսեղի Թումանյանի թանգարանը՝ 19մլն-ից 8 մլն-ն ապահովելով իր 4 աշխատակիցներով։ Այս տարի էլ մոտավոր այդքան ակնկալիք ունեինք եւ անցած տարեվերջին բազմաթիվ ծրագրեր էինք նախատեսել, բայց ստացվեց այսպես»,-ասում է Վարդանյանը, ում կարծիքով, եթե աշխատանքային բնականոն հունը վերականգնվի, հեշտ կլինի նաեւ ֆինանսական կորուստները վերականգնել։ Միակ խնդիրն այն է, որ սեպտեմբերից դեպի մարզեր հոսքերը սկսում են նվազել, իսկ հոկտեմբերի վերջ իսպառ կտրվում է։
«Ամեն դեպքում այսօր այդ սիմվոլիկ եկամուտը մեզ օդ ու ջրի պես պետք է։ Ախտահանիչ միջոցներից բացի մենք 6 շենք ենք պահում՝ ԳԱԹ-ը եւ 5 մասնաճյուղերը, ամեն օր խնդիր է լինում տանիքի, այգիները ջրելու, ծառերը մշակելու եւ այլ խնդիրների հետ կապված, որոնք մենք արտաբյուջեով էինք ապահովում։ Իսկ արտաբյուջեի գումարը հիմնականում այցելուների տոմսերի վաճառքից էր գոյանում, բայց որոշակի տոկոս էլ մեր մատուցած ծառայություններից՝ ձեռագրերի թվայնացում եւ այլն»։
Կարծիքներ