«Հրապարակ». Տիգրան Առաքելյանի կալանքը երկարացվեց

«Հրապարակ». Տիգրան Առաքելյանի կալանքը երկարացվեց

Օգոստոսի 15-ին եւս երկու ամսով երկարացվել է ՀԱԿ նախկին անդամ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց հանրային պաշտպան Սիփան Կեսոյանը։ Նա չասաց, թե ինչ հիմնավորումներով է դատարանը որոշել, որ Առաքելյանը պետք է կալանավորվի։ «Ես դեռ չեմ ստացել համապատասխան որոշումը»,- ասաց նա։ Հարցին, թե արդյոք դատարանում հիմնավորում չի՞ հնչել, պատասխանեց, որ ինքն իրավասու չէ տեղեկություններ հայտնել գործի վերաբերյալ, սակայն չի բացառվում, որ բողոքարկի կալանքի որոշումը։ «Հավանաբար, կբողոքարկեմ»,- ասաց փաստաբանը։ Նաեւ հայտնեց, որ Տիգրան Առաքելյանը կալանքի երկարացման նիստին չի մասնակցել։ Նա դիմում է ներկայացրել, որ չի կարող մասնակցել նիստին։ Փաստաբանը հրաժարվեց պատասխանել նաեւ այն հարցին, թե ինչն է եղել պատճառը։ Հնարավո՞ր է, որ առողջական խնդիրներ ունի։ «Չեմ կարող ասել»,- պատասխանեց նա։ Տպավորություն է, որ փաստաբանը կաշկանդված է, որ քննչական մարմնից նրան արգելել են խոսել։ 

«Իսկապես, շատ-շատ կաշկանդված է հանրային պաշտպանը։ Երեի թե ճնշում են քննչականից»,- ասում է Առաքելյանի հարազատներից մեկը։ Նաեւ նշում է, որ կալանքի միջնորդությունը բավարարող դատավորը եղել է Վահե Դոլմազյանը։ 
Հիշեցնենք․ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 10-րդ կետերով (Շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ խոշոր չափով) եւ 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (Դատավորի, դատախազի․․․ վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելը): Գործն առնչվում է Դոգի եւ Արտակ Գալստյանի մեղադրանքին։ Այս գործին զուգահեռ ԱԱԾ-ում քննություն է տարվում Տիգրան Առաքելյանին Քննչական կոմիտեում խոշտանգելու գործով։ Նա տուժող է ճանաչվել։ Առաքելյանի հարազատները հայտնում են, որ այս գործով որեւէ տեղաշարժ չկա։ Տիգրան Առաքելյանը խոշտանգման գործով փաստաբան չունի։ 

Ինչպես հայտնի է, Առաքելյանն իր ֆեյսբուքյան լայվերից մեկում պատմել էր, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը եւ Երեւանի քննչական վարչության պետ Ազատ Գեւորգյանը նրան անձամբ խոշտանգել են ու պահանջել ցուցմունքներ տալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի դեմ, գրել, որ նրանք տեղեկություններ են տվել իրեն՝ Վարդան Ղուկասյանին փոխանցելու համար։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները՝ Հայաստանում» 2023թ․առաջին կիսամյակի արտահերթ զեկույցը, որտեղ, որպես խոշտանգման դեպք, հիշատակվում է Տիգրան Առաքելյանի խոշտանգումը Քննչական կոմիտեում։