Պուտինը կործանվո՞ւմ է

Պուտինը կործանվո՞ւմ է

Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ «հանուն արդարության» Եվգենի Պրիգոժինի հայրենասիրական արշավի դեպքը հերթական անգամ մատնացույց արեց ռուսատյաց հայաստանցիների մտածողության խնդիրները տրամաբանության հետ: Արշավն, ինչպես հայտնի է, կանգ առավ Մոսկվայից 200 կմ հեռավորության վրա: Իսկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ Պրիգոժինի հեռախոսազրույցներից հետո 25 հազարանոց բանակը վերադարձավ դաշտային ճամբարներ: Իսկ այնուհետև նրա բանակը կազմաքանդվեց, իսկ ինքը հայտնվեց Բելառուսում՝ ստանալով անվտանգության երաշխիքներ ՌԴ և Բելառուսի նախագահների կողմից: Այս իրադարձությունը ռուսատյացները գնահատեցին որպես Վլադիմիր Պոտինի իշխանության ուղղահայացի ճեղքում: Սակայն ճեղքվածք կարող էր լինել միայն այն դեպքում, եթե Պրիգոժինը հասներ Մոսկվա ու շրջապատեր Կրեմլը: Ինչը տեղի չունեցավ, իսկ այն ինչ տեղի ունեցավ՝ դա ոչ թե Պուտինի անձիշխանության թուլացումն էր, այլ հաղթանակը: 

Որովհետև ռազմական նման դրվագներից հետո հաջողություն գրանցած կողմը ոչ թե թուլանում է, այլ հակառակը՝ ուժեղանում: Իսկ գործընթացն, ինքնին, եթե դրան ոչինչ չի հետևում, իրենից որևէ «արժեք» չի ներկայացնում: Իսկ դրան ոչինչ չի կարող հետևել, քանի որ պրիգոժինյան «հայրենասիրական» խռովության ըյնթացքում և դրանից հետո Պուտինի հեղինակությունն ավելի է բարձրացել Ռուսաստանում: Դրա վկայությունը սոցհարցումների արդյունքներն են՝ 80 տոկոսից բարձր: Այստեղ նույնիսկ չեմ քննարկում այն հարցը, որ պրիգոժինյան արշավն անձնապես ընդդեմ Պուտինի չէր, այլ նրա պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի, որոնց հետ ուներ անձնական խնդիրներ: Իսկ Պրիգոժինը հայտնի էր Պուտինի հետ իր բարեկամությամբ («Պուտինի խոհարար») և Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն էր:

Իսկ հիմա դիտարկենք ֆրանսիական իրականությունը: Մի քանի տարին մեկ Փարիզում և այլ քաղաքներում ծագում են խռովություններ, որոնք ուղեկցվում են անշարժ և շարժական գույքն այրելով, աջ ու ձախ ջարդերով և թալանով: Ընդ որում, արդեն էական չէ, թե որն է լինում հերթական խռովության պատճառը: Բայց քանի որ դրանք դարձել են շարունակական, ապա մարդ մտածում է, որ արդեն պետք է փնտրել ոչ թե պատճառ, այլ ընդամենը առիթ: Իսկ պատճառներն արևմտյան քաղաքակրթության լճացման խորքային գործընթացներն են, որ ամենից ավելի դրսևորվում են հենց Ֆրանսիայում: Թե ինչու հենց Ֆրանսիայում՝ այս պահին դժվարանում եմ ասել: Սակայն 18-րդ դարի ֆրանսիական հեղափոխությունից այս կողմ եվրոպական երկրներում ծավալված հեղափոխությունների կամ խռովությունների մեծ մասը սկիզբ է առել հենց այդ երկրում: Վերջինը 1968 թվականի «հիպիների» բունտն էր ընդդեմ եվրոպական քաղաքակրթության ձևականությունների: Ի դեպ, այսօրվա ֆրանսիական բռնություններն արդեն սկսվում են տարածվել կից երկրներում. Շվեյցարիայում, օրինակ:

Բայց, ինչպես և ենթադրվում էր, ռուսատյացների մեծամասնության համար Արևմուտքում ուշադրության արժանի ոչինչ տեղի չի ունենում: Իսկ այս օրերին ծավալվածն էլ ընդամենը ռասայական խնդրի դեմ ֆրանսիացիների բողոքի արտահայտությունն է: Հիշեցնեմ, որ հերթական խռովությունը ծագել էր ոստիկանության կողմից 16-ամյա սևամորթ պատանու սպանությունից հետո: Վերջինս սպանվել էր մեքենան կանգնեցնելու՝ ոստիկանի հրամանին չենթարկվելու պատճառով: Պատանու մահն ինքնին ողբերգություն է նրա հարազատների համար, և մարդասպան ոստիկանը պետք է պատժվի, բայց դա հաստատ այն պատճառը չէր, որպեսզի դրան հետևեր վանդալիզմը ողջ Ֆրանսիայով մեկ: Չնայած, ինչպես հիշում ենք, երկու-երեք տարի առաջ նույնը տեղի ունեցավ ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ անձի պատահական սպանությունից հետո: Սակայն Եվրոպայում միայն Ֆրանսիան չէ, որ աչքի է ընկնում ոստիկանական բռնություններով: Հիշենք մեկ-երկու ամիս առաջվա բռնությունները Նիդերլանդներում և արևմտաեվրոպական այլ երկրներում: 

Իսկ եթե արևմտյան երկրներում ծագող այդ խռովություններին գումարենք, այսպես կոչված, «հպարտության միամսյակը», ապա պատկերը, կարծում եմ, կամբողջանա: Կարծում եմ նաև, որ... Չէ, ավելի ճիշտ ենթադրում եմ, որ ռուսատյացների մեծամասնությունն այդ հարցում, օրինակ, պահպանել է ադեկվատությունը և չէր ցանկանա, որպեսզի տարին մեկ հայաստանյան քաղաքների փողոցներում տեղի ունենային ԼԳՏԲ համայնքի կողմից կազմակերպված «հպարտության միամսյակի» արշավներ: Այդ առումով մնացած հարցերին (միասեռ ամուսնություն գրանցելու, նման ընտանիքում երեխա որդեգրելու կամ պահելու իրավունք և այլն) չեմ անդրադառնում:
Հ. Գ. Այս հոդվածում չեմ անդրադառնում նաև արցախյան ցավոտ խնդրին, քանի որ ռուսատյացների մեծամասնությունն այդ հարցում ևս ունի ադեկվատ դիրքորոշում: