«Հրապարակ». Տարբեր կենտրոններին ականջահաճո հայտարարություններ էին, որոնք մեզ վնասից բացի ոչինչ չեն տալու

«Հրապարակ». Տարբեր կենտրոններին ականջահաճո հայտարարություններ էին, որոնք մեզ վնասից բացի ոչինչ չեն տալու

Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի նախօրեի ելույթը, ինչպես սպասվում էր, անարձագանք չմնաց Ռուսաստանի կողմից։ Մոսկվան հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը համարում է բացարձակ սադրիչ՝ երեկ գրեց ռուսական պետական գործակալությունը (ТАСС-ը)՝ հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրին։ «Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով: Նրանք փորձում են Հայաստանը Մոլդովայի նման վերածել մեկ այլ Ուկրաինայի»՝ նշում է Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետը հերթական հակառուսական ելույթն ունեցավ՝ հայտարարելով, որ Հայաստանը շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով. արտաքին ագրեսիա, ապա՝ անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործություն, հետո՝ պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը` Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով օգտագործելու փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով, ներքին անկայունություն հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից:
«Նման իրադրություններ 2020 թվականից ի վեր մի քանի անգամ ենք ունեցել, որոնցից խոշորագույնն Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, որի հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ»,- ասել է նա` մոռանալով, որ Ադրբեջանն ամեն առիթով ատամներով պաշտպանում է իրեն եւ նման «նվեր» ղեկավար դժվար թե երբեւէ պատկերացներ, ուստի իրեն հեռացնելը բոլորովին չի բխում Ադրբեջանի շահերից: «Նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայեր Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»,- ասել է Փաշինյանը։

Նա հայտարարել է նաեւ, որ Հայաստանի անվտանգության համակարգը համարվող ՀԱՊԿ-ն եւ Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները Հայաստանին ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին: Ուշագրավ է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը հավատարմության երդում էր տալիս Ռուսաստանին՝ հրապարակային խոստանալով, որ վեկտորի փոփոխության ոչ մի խնդիր չկա, հիմա արդեն Արեւմուտքին աղերսում է` իր գիրկն ընդունել մեզ․ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»։ 

Մինչ քաղաքական-հասարակական ակտիվ շրջանակներում քննադատում են Փաշինյանի ելույթը՝ մտավախություններ հայտնելով, որ Ռուսաստանը չի մարսի հերթական այս դեմարշը, եւ դա կարող է ծանր նստել Հայաստանի ու հայ ժողովրդի վրա, դիցուք` նոր պատերազմ կարող են հրահրել կամ Ալիեւին «չխանգարել, որ իրագործի Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական իր ծրագրերը», իշխանական քարոզչամեքենան ոգեւորված տարածում է Փաշինյանի «խիզախ» ելույթը։

Նիկոլ Փաշինյանի հակառուսական ելույթներն ու հայտարարությունները Հայաստանին ավելի շատ օգնո՞ւմ են, թե՞ վնասում, ի՞նչ շոշափելի ձեռքբերումներ ենք ունեցել նման ելույթներից հետո, ի վերջո՝ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ հակառուսական դեմարշ է անում, եւ վստահ ենք՝ վերջինը չի լինելու։ Դիվանագետ Վահագն Մելիքյանի կարծիքով՝ եթե ՀՀ իշխանությունները որոշել են Ռուսաստանին փոխել Արեւմուտքով, այն է՝ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության հարց է դրված, ապա նախ պետք է լավ հաշվարկեն, հասկանան դրա արդյունքն ու հետեւանքը, նոր միայն հայտարարություններ անեն: Հաշվարկը չկա, փոխարենը` հայտարարություններն ավելի շատ վնասում են, քան օգուտ են տալիս: «Երկրորդ կարծիք չկա, որ ավելի շատ վնասում են՝ այն պարզ պատճառով, որ երբ դու փորձում ես ինչ-որ մի բան մյուսով փոխել, պետք է այնքան ֆունդամենտ ստանաս, որ կարողանաս նման քայլի գնալ, այնքան հաշվարկներ պետք է անես, ծանր ու թեթեւ, նոր խոսես։ Ես վստահ եմ, որ ոչ մի հաշվարկ արված չէ, պարզապես պահի տակ տարբեր կենտրոնների, մայրաքաղաքների համար ականջահաճո հայտարարություններ են, որոնք մեզ վնասից բացի ոչինչ չեն տալիս»։

Վահագն Մելիքյանի կարծիքով՝ Փաշինյանն անվստահելի, փոփոխական, ոչ կայուն գործընկերոջ իմիջ ունի, եւ թող իշխանականները չարդարացնեն, թե հստակ դիրքորոշում է պետք հայտնել, որ եվրոպական ընտանիքն ընդունի իր շարքերը․ «Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանին էր խոստանում, որ վեկտոր չի փոխվելու, երեկ խնդրում էր, որ իրեն շատ մոտիկ ընդունեն Եվրոպայում, հիմա ո՞րն է այստեղ հստակությունը, այսինքն՝ հստակից հստա՞կ էլ կա։ Առավոտը մի բան ենք լսում, ցերեկը` ուրիշ, երեկոյան՝ երրորդ բանը»։ Դիվանագետի համոզմամբ՝ ՌԴ-ից հստակ պատասխանը չի ուշանա․ «Ռազմական գործողություններն ամեն դեպքում լինելու են, ես շատ ցավով եմ սա արձանագրում, այնպես չէ, որ սա իմ դիրքորոշումն է։ Մեկ տարի առաջ էլ էի ասել՝ լինելու է, ու հիմա այնպես չէ, որ ուրախությունից թռչկոտում եմ, որ իմ ասածներն իրականություն են դառնում։ Ոչ: Բայց նման հայտարարությունները կարող են ամենաանկանխատեսելի իրավիճակի հանգեցնել, հատկապես՝ այս լարված պահերին։ Ինչ է` մենք այլ թեմաներ չունեի՞նք բարձրաձայնելու, մենք արցախահայերի իրավունքների թեմա չունեի՞նք, Արցախի ապագայի հարցեր չունեի՞նք, թե՞ մեզ թվում է` էջը փակել ենք, ու հանգիստ պետք է ի գիտություն ընդունել։ Այդ էջը նոր է բացվում»։