Հերթական «գունավոր հեղափոխության» տապալո՞ւմը

Հերթական «գունավոր հեղափոխության» տապալո՞ւմը

Վերջին երեք տարում անընդհատ զարմանում եմ, թե մարդիկ ինչու չեն ցանկանում սովորել այլոց սխալների վրա: Սեփական սխալների վրա չսովորելը ևս առկա է, բայց դրա մասին մի փոքր ուշ: Այլոց սխսլների վրա սովորելու դեպքում, օրինակ, ոչ չակերտավոր «արաբական գարունը» վրա կհասներ ոչ թե 2010 թվականի դեկտեմբերի կեսին, այլ հաջորդ տարվա մարտից սկսած: Եվ այն ոչնչով չէր տարբերվի մինչ այդ եղած բոլոր գարուններից, երբ արաբական աշխարհում հիմնականում խաղաղություն էր տիրում: Իսկ որպեսզի հասկանալի լիներ, թե ուր կարող է հասցնել ազգային դրոշմով տարվա եղանակը՝ գրագետ արաբները կարող էին դաս առնել վրացական «վարդերի հեղափոխությունից»: Ինչի վերջնարդյունքում 2008 թվականի օգոստոսին Վրաստանն անվերադարձ կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան: Իհարկե, այդ երկրում դեռևս հույս են տածում, որ խաղաղ նախաձեռնությամբ հնարավոր է Վրաստանի գիրկը վերադարձնել «եղբայր» օսերին ու աբխազներին, բայց դե…

Եվ եթե մենք խելացի լինեինք, ապա վրացական օրինակը մեզ համար ևս պետք է դաս լիներ՝ էլ չասած «արաբական գարնան» հետևանքների մասին: Բայց մեզ և անձամբ տողերիս հեղինակին թվում էր, թե մենք ավելի խելացի ենք ու հաստատ կխուսափենք վրացական դառը փորձառությունից: Ինչպես չէ, լավ էլ խուսափեցինք: Մենք, ի տարբերություն վրացիների, այնքան անկարողունակ ենք, որ նույնիսկ չսովորեցինք սեփական սխալների վրա: Եվ նշանակություն չունի, որ դրա «ճարտարապետը» ՀՀ վարչապետի աթոռից կառչած Փաշինյան Նիկոլն է: Նրա թիկունքին կանգնած է «նիկոլիզմ» անվանված մի հսկայական զանգված, որի աջակցությամբ էլ վերը նշված անձն անդունդ է գլորում մեր հայրենիքը: Իսկ մենք՝ թեկուզ բողոքելով (հանրության փոքր մասի դեպքում), անտարբեր դիտում ենք, թե ինչպես է ընթանում այդ գործընթացը:

Ժամանակին վրացիներին անուն էինք կպցրել՝ «տուտուց» (թեթևասոլիկ, թեթևամիտ): Բայց վրացիները մեզանից շատ ավելի խելացի գտնվեցին: Նախ, իշխանությունից հեռացրին 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի պարտության պատասխանատու և մեղավոր Սահակաշվիլուն: Երկրորդ, լինելով Եվրամիության կազմում ընդունվելու հիմնական թեկնածուներից մեկը՝ դրսևորեցին պետական մտածողություն և վրաց-ռուսական սահմանին չբացեցին երկրորդ ճակատը: Ինչը նրանցից անընդհատ պահանջում էին թե՛ «եղբայր» ուկրաինացիները և թե՛ Եվրամիության ղեկավարությունը: Եվ դրանով հանդերձ՝ հասան նրան, որ դարձան Եվրամիության անդամության թեկնածու երկիր: Ի տարբերություն Հայաստանի, որին նույնիսկ Նիկոլի վարչապետության շարունակման դեպքում (Աստված ոչ արասցե) դժվար թե ընդունեն վերպետական այդ կառույցը:

Աչքիս, մեր օրին են նաև սերբերը, որ ժամանակին բարեկամ էին մեզ: Դրանք դաս չքաղեցին վերը նշված ժողովուրդների դաժան փորձառությունից: Եվ ճիշտ մեզ նման՝ դաս չքաղեցին նաև սեփական ոչ վաղ անցյալի պատմությունից: Եվ այս օրերին դուրս են եկել փողոց՝ «Սերբիան ընդդեմ բռնության» կոալիցիայի կոչով: Կարծում եմ, որ կոալիցիայի անվանման առումով շատ ճիշտ ընտրություն է կատարվել, քանի որ բողոքավորներն արդեն հասցրել են ջարդել Բելգրադի քաղաքային խորհրդի շենքի դուռը: Ծանոթ պատմություն է, չէ՞. «սիրո և համերաշխության» անվան ներքո 2018-ի գարնանը մեզանում ջարդում էին Ռադիոտան շենքի դուռը և մնում անպատիժ: Գլխավոր և թաքնված պատճառն այն է, 2022 թվականին Սերբիայի ազգայնական նախագահ Ալեքսանդր Վուչիչը չմիացավ համաեվրոպական հակառուսականության ալիքին՝ փորձելով նորմալ հարաբերություններ պահպանել թե՛ Արևմուտքի և թե՛ Ռուսաստանի հետ: Ինչը, բնականաբար, դուրս չէր գալիս արևմտյան պետությունների ղեկավարությանը: Ու որոշել են հերթական «գունավոր հեղափոխությունը» կազմակերպել Սերբիայում: Հիշեցնեմ, որ 20-րդ դարավերջին Արևմուտքը ոչ միայն մասնատեց Սերբիան, այլև նրանից պոկեց ու անկախացրեց նրա տարածքի մաս հանդիսացող Կոսովոն: Բացի այլևայլ գործոններից, այդ հարցում կարևոր դեր կատարեց Ռուսաստանի ուղղությամբ ավանդական սերբական կողմնորոշումը:

Ի դեպ, դեկտեմբերի 17-ին Սերբիայում տեղի էին ունեցել արտահերթ խորհրդարանական և տեղական մարմինների ընտրություններ: Ընդունելով խորհրդարանականի արդյունքները, բողոքավորները չեն ճանաչել մայրաքաղաքի քաղաքային խորհրդինը: Որովհետև եթե առաջինում իշխող քաղաքական ուժը ստացել էր քվեների 47 տոկոսը (վերը նշված «հակաբռնական» ընդդիմությունը՝ 23 տոկոս), ապա երկրորդի առումով պատկերն այդպիսին չէ. իշխանությունը ստացել է 38 տոկոս, ընդդիմությունը՝ 34 տոկոս: Միաժամանակ, ըստ դիտորդների (ենթադրաբար՝ միջազգային), ընտրարշավն ուղեկցվել է ահաբեկումներով և լրատվամիջոցների կողմնակալությամբ: Բայց ինչպես երևում է, Վուչիչն այնքան էլ նման չէ «մերժված» Սերժին. իրավապահներն արդեն հասցրել են ձերբակալել մի քանի տասնյակ ցուցարարի, և այդ թվում հատկապես կազմակերպիչների: Եվ երեկվա դրությամբ էլ ոնց որ թե կարողացել են «հանգստացնել» բողոքավորներին: Եվ կարծես թե Ալեքսանդր Վուչիչին հաջողվել է տապալել հերթական «գունավոր հեղափոխությունը»:

Վերջաբանի փոխարեն. նախագահ Վուչիչը նախորդ գիշերը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, իսկ վարչապետ Անա Բրնաբիչը շնորհակալություն է հայտնել ռուսական հատուկ ծառայություններին նախապատրաստվող անկարգությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: