Բաց նամակ Սեդա Սաֆարյանին

Բաց նամակ Սեդա Սաֆարյանին

Ողջույն, տիկին Սեդա: Հուսամ՝ լավ եք, և իմ բաց նամակը անակնկալի չբերեց Ձեզ: Մենք ծանոթ չենք, եթե չեմ սխալվում, երբեք չենք հանդիպել: Փոխարենը լավ ճանաչում եմ Ձեր եղբորը՝ Սծյոպիկ Սաֆարյանին, որի հետագա ճակատագրով բավականին մտահոգ եմ: Նա մի սարսափելի չարաճճի տղա է՝ վատ շրջապատ ընկած: Կուզենայի իմանալ, տիկին Սեդա, Դուք նրա դաստիարակությամբ չե՞ք զբաղվում: Եթե այո, ապա պետք է ասեմ, որ Ձեր եղբոր դաստիարակության մեթոդներն իրենց չեն արդարացնում, պետք է փոխել դրանք:

Եվ այսպես՝ ի՞նչ է արել Սծյոպան: Նա, տիկին Սեդա, իր ֆեյսբուքյան տնամերձում վայրահաչել է իմ, այսինքն, Ձեզ բոլորովին անծանոթ մի տղամարդու հասցեին՝ հիշատակելով նաև Ձեր անունը: Ձեր եղբայրն ընդդիմության և իմ մասին գրում է. «Իսպառ մոռացել են, թե ինչպես են ստել հանրությանը, թե Արցախն են փրկում, իրականում 5 մանեթանոց լաց է կապվել, թե՝ հարայ, հասեք, այ Ստյոպան, Սեդան ու մյուսներն են գալիս ընդդիմության տեղը զբաղեցնելու․․․»: Տիկին Սեդա, Աստված է վկա, ես Ձեր անունը ընդդիմության տեղի համար պայքարի հավանական թեկնածուների մեջ չեմ նշել: Ազնիվ, ազնիվ խոսք: Դա Ձեր եղբայրն է հորինել: Ես, որ Ձեզ նույնիսկ տեսած չկամ, ինչպե՞ս կարող էի նման բան անել:

Որպեսզի իմ հոդվածին պատասխանի, իսկ իմ հոդվածը «Դռները բացեք, թարմ ուժ է գալի» շքեղ վերնագիրն ուներ, Ձեր եղբայրը, տիկին Սեդա, զոռ է տվել իր ողջ երևակայությանը, որպեսզի իր ՖԲ ընկերներին համոզի, թե Էդիկ Անդրեասյանը, այսինքն՝ ես, քույր և եղբայր Սաֆարյաններին դիտարկում եմ հնարավոր ընդդիմադիրների շարքում: Մինչդեռ իմ հոդվածի մեջ ես Սծյոպային ընդամենը մի էպիզոդիկ դեր եմ հատկացրել՝ մեր ժամանակների ականավոր քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանի կողքին: Ահա այդ հատվածը, որտեղ Սծյոպան խիստ նկատելի երկրորդական դեր է տանում. « Օ՛, պարոն Բաբաջանյան, մի փորձեք թաքնվել, ես տեսնում եմ Ձեզ, իսկ Ձեր հետեւինն ո՞վ է, այն ճաղատ երիտասարդը, լավ չի երեւում այստեղից… Սծյոպն է, այո, Սծյոպն է, ինչպե՞ս իսկույն չճանաչեցի… Կարծում եմ՝ երկուսով ավելի հեշտ կլինի հարթակ ղեկավարելը, ի՞նչ կասեք:
- Մեզ ձեր հարթակը պետք չի…
- Սծյոպ, դու՝ սուս: Պարոն Բաբաջանյան, ի՞նչ կասեք: Գուցե Ձեզ մտածելու ժամանա՞կ է պետք:

Կուսակցություն ունե՞ք: Լավ, իսկ ինչպե՞ս է կոչվում: Հանուն հանրապետությա՞ն… լավ է, շատ լավ, իսկական հարթակին վայել անուն: Բայց, ներողություն, հանուն ո՞ր հանրապետության: Հա՛ա՛ա՛, դե այդպես էլ գրեք՝ Հանուն Հայաստանի Հանրապետության, թե չէ այս համատարած ադրբեջանացման ու թուրքացման պայմաններում մարդիկ ինչ ասես՝ կարող են մտածել ձեր կուսակցության մասին: Պարոն Բաբաջանյան, բայց ասեմ, որ Դուք բոլոր շանսերն ունեք հարթակի ընդդիմության համակարգող դառնալու:

Հիշո՞ւմ ես, Նիկոլը քեզ ու Էդմոնին կռվացրեց, հետո խորհրդարանից դուրս նետեց, բայց վերջում միայն Էդմոնին պաշտոն տվեց: Այ, այս պահը կարելի է օգտագործել՝ քեզնից հարթակի թարմ ուժ ստանալու համար: Դեմքիդ արտահայտությունն էլ մի քիչ կփոխենք, ու կդառնաս զտարյուն ընդդիմադիր: Ի՞նչ, հրաժարվո՞ւմ ես: Ի՞նչ արած, ափսոս…»: 

Ասում էի, չէ՞, տիկին Սեդա, Ձեր եղբայրը գլխապտույտ է ունեցել այս փոքրիկ դերակատարումից:
Ձեր թույլտվությամբ, տիկին Սեդա, պետք է ասեմ, որ ձեր Սծյոպիկը խիստ անհարգալից է ընդդիմադիր հայացքների տեր կանանց հանդեպ, ինչը նրան մի գեղեցիկ օր կկանգնեցնի դժվարին կացության առաջ: Հիշո՞ւմ եք, թե մի անգամ ինչպես էին Սծյոպիկին հոպ-ստոպ արել շքամուտքում և հեռախոսը տարել: Ինչպես էր վախեցել խեղճ տղան… Եվ ահա, ես Ձեզ, տիկին Սեդա, որպես բոլոր կանանց մեծ հարգանքով վերաբերվող քաղաքացի, զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ Սծյոպիկը կարող է կորցնել ոչ միայն հեռախոսը, այլև իր ժողգործիքների մի մասը: Հուսամ՝ հասկանալի արտահայտվեցի:

Եվ վերջում Ձեր եղբոր ևս մեկ վատ սովորության մասին: Նա մի զզվելի գործ տվող է, տիկին Սեդա: Եթե կարող եք, հետ պահեք Ձեր եղբորն այդ վատ ճանապարհից: Հասկացրեք նրան, որ չի կարելի ուրիշի փոխարեն կեղծ վիրավորվել և այդ մարդուն դրդել, որ նա լրագրողին դատի տա: Չե՞ք հավատում: Խնդրեմ, սա Ձեր եղբոր հայտարարությունն է, որ նա արել է իր գրառման վերջում. «Սուրեն Սուրենյանցի փոխարեն դատի կտայի (Էդիկ Անդրեասյանին, Էդ. Ա.) վիրավորանքի համար»:

Այսքանով ավարտում եմ նամակս, տիկին Սեդա, Ձեզ մաղթում ընտանեկան խաղաղություն, իսկ Ձեր եղբորը՝ խելք, որ ոչ թե արգելափակի Էդիկ Անդրեասյանին, այլ նրան ամենաբարձր ստատուսը տա իր ընկերների շարքում, որպեսզի ավելի լավ տեսնի նրա բոլոր հոդվածներն ու գրառումները:

Սիրով և ներողամտությամբ՝
Էդիկ Անդրեասյան