Լկտի ու անմեղսունակ

Լկտի ու անմեղսունակ

Կա միտումնավոր հանցագործություն եւ անզգույշ։ Կա անփութություն եւ կա դիտավորյալ ձախողում։ Անզգույշ հանցանքն ու զանցանքը մի կերպ կարելի է ներել, միտումնավորը՝ ոչ։ Պարզ է, որ գործող իշխանությունների թույլ տված սխալների ու վրիպումների մեծ մասը անգրագիտությունից, անփութությունից, անփորձությունից է գալիս։ Բայց կան սխալներ, որոնք չարամիտ հանցագործություններ են, քանի որ բխում են ցինիզմից, լկտիանալուց, սեփական անսխալականության զգացումից եւ այն համոզմունքից, որ իրենց ամեն ինչ կարելի է։

Ասենք, պատերազմից հետո այս շիկացած ու նյարդային օրերին, երբ մարդիկ խոշորացույցով հետեւում են նրանց, ամեն ինչ նկատում, եւ ամեն օր կարող է համբերության բաժակը լցվել, ի՞նչ իմաստ ունի ինչ-որ մեկի մտերիմին նշանակել տնօրեն՝ դեմ գնալով կոլեկտիվի ցանկությանը եւ նրանց ստիպելով, որ դուրս գան փողոց։ Քանի օր է՝ մենք հետեւում ենք Աբովյանի թիվ 1 դպրոցի բողոքի ակցիաներին եւ ապշում՝ ո՞վ է Ռոմանոս Պետրոսյանը, որի համար իշխանությունը գնում է նման քայլի։

Կամ՝ իշխանությունների հանդեպ մերժումի եւ զայրույթի այս օրերին ինչ-որ անարժան մեկը նշանակվում է նախարար, ապա գործուղման մեկնում Իրան՝ մեզ համար կարեւոր երկիր, որի պահվածքից շատ բան է կախված, այնտեղ հարբում եւ սկանդալի հերոս դառնում։

Կամ՝ վարչապետի կինը մեկնում է Մոսկվա, ողջ հասարակությունը քայլ-քայլ հետեւում է նրա վոյաժներին, համացանցը լցվում է զայրույթով ու հայհոյանքով, սակայն նա Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո ԱՄՆ է մեկնում։ Մի՞թե այս իշխանությունն իսկապես թքած ունի հանրային կարծիքի վրա եւ կարծում է, որ իրեն ամեն ինչ ներվելու է։ Բայց չէ՞ որ նման պահվածք ունեին նաեւ հանրապետական նախկին իշխանությունները։

Պատմությունից ոչ մի դաս չե՞ք քաղում։