Շենգավիթում ՊՆ-ին պատկանող գույք է օտարվել, ինչո՞ւ որևէ մեկը դա քննության հարց չի դարձնում

Շենգավիթում ՊՆ-ին պատկանող գույք է օտարվել, ինչո՞ւ որևէ մեկը դա քննության հարց չի դարձնում

Գրիգորի Խաչատուրովի գործով մեղադրյալ Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Խաչատուրովի գործով ուղղորդված քննություն է ընթանում։ Դրա մասին է վկայում Աննա Վարդապետյանի արած հայտարարությունը՝ Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան․

«Պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե Աննա Վարդապետյանը ասում է, թե «գույքը ՊՆ-ին անհրաժեշտ էր, թե անհրաժեշտ չէր, ես ռազմագետ չեմ, նախաքննությանը որևէ տեղեկություն չեն տրամադրել այդ մարդիկ՝ անհրաժե՞շտ էր, թե՞ անհրաժեշտ չէր, նախաքննություն էլ այդ ուղղությամբ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերել։ Իրենք մոռանում են իրենց զբաղեցրած պաշտոնը, իրենց պարտականությունները, ախր եթե նույնիսկ ենթադրենք, որ այս ամենը իրականության հետ կապ ունի, եթե նույնիսկ պաշտպանության կողմը որևէ փաստական տվյալ է ներկայացնում, ասում է, որ, օրինակ անհրաժեշտություն չի եղել այս զորանոցը կամ տարածքը պահպանել ՊՆ բալանսում, գլխավոր դատախազությունը, քննություն իրականացնող մարմինը ոչ թե մեզ պիտի ասի գնացեք դրա վերաբերյալ փաստաթղթեր բերեք, այլ հակառակը՝ ինքը պիտի քննություն անի այդ ուղղությամբ, իրենք պետք է այդ ներկայացված փաստարկները հերքելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնեն, որը չեն կատարում ու բոլորի համար դա նորմալ է»,- ասաց Պողոսյանը։

Ըստ փաստաբանի՝ գույքի առքն ու վաճառքը նորմալ գործընթաց է, վերջերս էլ ՊՆ-ին պատկանող գույք է վաճառվել․

«ՊՆ-ի կողմից գույք օտարելը արգելված բան չէ, մի քանի օր առաջ ընդամենը պաշտպանության նախարարությունը կրկին աճուրդ էր հայտարարել իր բալանսում գտնվող որոշ գույքերը օտարելու հետ կապված, ինչո՞ւ որևէ մեկը դա քննության հարց չի դարձնում։ Մարտի 9-ի որոշմամբ Շենգավիթ համայնքում գտնվող ՊՆ-ին պատկանող տարածք է օտարվել, այդպիսի դեպքերը 100-ավոր են, երբ ՊՆ-ն գույք է վաճառում, ձեռք է բերում։ Եթե չեմ սխալվում՝ 2012-13 թվականներին Նիկոլ Փաշինյանի քավորից էր ՊՆ-ն Իջևան քաղաքում գույք գնել։ Այսինքն՝ դա գործառույթ է, ՊՆ-ն ըստ նպատակահարմարության նայում է, թե որ գույքն է իրեն պետք, որ գույքը՝ պետք չէ, և ըստ այդ գնում է կամ վաճառում է։ Այս ամենը բերել կապել, թե զորմաս է եղել, դա հանրությանը մոլորեցնելու ամենակարևոր միֆերից մեկն է»։

Հիշեցնենք, որ մարտի 9-ին «Հրապարակը» գրել է, որ Շենգավիթ համայնքում վաճառքի հանված գույքը ՊՆ-ին պատկանող նախկին ռուսական զորմասն է։