Առանց պաշտոնականության

Առանց պաշտոնականության

Առաջինը կարծես ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր, որ առաջարկեց պատերազմում զոհված հերոսների հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններին մասնակից դարձնել պատգամավորներին, տեղական իշխանության ներկայացուցիչներին։

Դա ողջունելի գաղափար չէր, կամ ողջունելի չէր առնվազն դրա հրապարակայնացումը։ 
Այնուամենայնիվ, զինվորի հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններին պաշտոնյաների մասնակցության «պարտադիր» լինելու միտքը շուտով «որդեգրեցին» նաեւ ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ արարողություններին մասնակցելու են տվյալ տարածքից ընտրված պատգամավորներ։

 Գաղափարն ակնհայտորեն «զարգացավ», թեեւ շուտով պարզ դարձավ, որ այն կարող է նաեւ խեղաթյուրված դրսեւորումներ ստանալ։ Լրատվակայքերում հայտնվեցին զինվորի հոգեհանգստյան արարողության  մասին պատմող նյութեր՝ «․․․ արարողությանը ներկա էին ․․․ պատգամավորը․․․ մարզպետը․․․ քաղաքապետը» վերնագրերով։ Ահա, այսպես պաշտոնականացվում է մի բան, որ ամենեւին չի կարելի, եթե նույնիսկ դրանով միասնականության խնդիր է լուծվում, կամ իշխանության շուրջ ժողովրդի համախմբվածության անհրաժեշտությունն է առարկայանում։ Հայերիս մոտ երբեք ընդունված չի եղել վերջին հրաժեշտի արարողություններին վշտակցության կամ հարգանքի տուրք մատուցելու համար «հրավերներ» ուղարկել կամ դրա մասին ակնարկել։ Առավել եւս՝ պաշտոնական «հասցեներով»։ Վստահ ենք՝  եթե ամեն ինչ թողնվեր բնական ընթացքին, զոհվածների վերջին հրաժեշտի արարողություններին ինքնաբուխ կերպով կմասնակցեին թե՛ պաշտոնյաները, թե՛ պատգամավորները, թե՛ հոգեւոր (թեմական) կառույցները՝ առանց որեւէ ներքին պայմանավորվածության կամ հրահանգի։

Բայց քանի որ գաղափարը եւ դրան հաջորդած պաշտոնական հրահանգներն արդեն «աշխատում» են, մնում է ընդամենը կոչ անել գործընկեր լրագրողներին՝  տեղեկատվական նյութերում բացառել որեւէ պաշտոնյայի՝ հրաժեշտի որեւէ արարողության ներկա գտնվելու հիշատակություն, առավել եւս՝ այդ պաշտոնյայի անվանական հիշատակում, որովհետեւ մայր հողի գիրկը հավերժորեն գնացող մեր հերոսների հետ վերջին պահին ներկա են բոլորը՝ աղոթքներով, երախտագիտությամբ, ցավով, եւ բոլորի սրտերում են փառքով պսակված նրանց անունները։