Ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը կամ Գեւորգ Պապոյանը դիվերսիֆիկացվեն

Ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը կամ Գեւորգ Պապոյանը դիվերսիֆիկացվեն

Հայաստանը եւ Նիկոլ Փաշինյանի վարչախումբն աշխարհին նվիրեցին քաղտնտեսության կամ տնտեսագիտության մի կորիֆեյի, որի նմանն աշխարհը չէր տեսել Ադամ Սմիթի եւ Ժան Ժակ Ռուսոյի ժամանակներից հետո: Փաշինյանը Հայաստանի էկոնոմիկայի նախարար նշանակեց Գեւորգ Պապոյանին, ով միանգամից բացահայտեց իր խորաթափանցությունը եւ գիտելիքները տնտեսության եւ տնտեսագիտության ոլորտում, որոնք, անշուշտ, ծառայեցվելու են Հայաստանի տնտեսական թռիչքին: Նախարարի պաշտոնում իր առաջին իսկ հարցազրույցում նախանշելով Հայաստանի տնտեսության զարգացման հետագա հնարավորությունները՝ Պապոյանը հայտարարեց. «Ես իմ հարցազրույցներում նշել եմ, որ տնտեսության դիվերսիֆիկացումը դա այն իրավիճակը չէ, երբ քո մեկ խոշոր առեւտրային գործընկերը փոխարինվում է բոլորովին մեկ այլով, այլ այն, երբ որ դու ունես մի քանի խոշոր առեւտրային գործընկերներ եւ բազմաթիվ ավելի փոքր առեւտրային գործընկերներ: Տնտեսության դիվերսիֆիկացումը դա վերջիվերջո մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհի երկրներից, եւ աշխարհի երկրներն էլ իրենց համաչափ չափով կախված են լինում Հայաստանից»:

Եթե մինչեւ նախարար նշանակվելը Գեւորգ Պապոյանն ազատ ժամանակ ունենար, հաստատ գիտական աշխատություն կգրեր տնտեսության դիվերսիֆիկացման մասին, որը կդառնար բեսթսելլեր տնտեսագիտության ոլորտում, հաստատ կարժանանար Նոբելյան մրցանակի եւ լրագրողների հետ շփումներում մեջբերումներ կաներ իր գիտական աշխատություններից, բայց քանի որ խիստ ծանրաբեռնված է եղել, ստիպված է առայժմ բավարարվել իր իսկ հարցազրույցներից մեջբերումներ անելով:

Պապոյանը Փաշինյանի կրկնօրինակն է՝ խելքով, մտքով, գաղափարով, ամեն ինչով: Փաշինյանը Հայաստանի անվտանգությունն է դիվերսիֆիկացնում, Պապոյանն էլ՝ տնտեսությունը: Բայց ինչ աշակերտ, որն առաջ չի ընկնում իր ուսուցչից: Ի տարբերություն Փաշինյանի, ով համեստորեն չի հայտարարում, որ աշխարհը պետք է անվտանգության ոլորտում կախված լինի Հայաստանից, Պապոյանն ուզում է հասնել նրան, որ աշխարհի տնտեսությունը կախված լինի Հայաստանի տնտեսությունից, իհարկե՝ համաչափորեն, այսինքն՝ ոչ մի ձեւ: Իսկ ինչպե՞ս ի հայտ եկավ անվտանգությունը, տնտեսությունը եւ մնացած ամեն ինչը դիվերսիֆիկացնելու գաղափարը, մի՞թե դա գոյություն չուներ նախկինում, եւ դա առաջինը հայտնագործեց եւ իր հարցազրույցներում այդ մասին խոսեց Պապոյանը:
Ցանկացած տնտեսվարող գիտի եւ փորձում է դիվերսիֆիկացնել իր մատակարարումների եւ արտահանումների շուկան, եթե նման հնարավորություն կա, եւ ամենեւին պետք չէ, որ ինչ-որ մեկը նրան դրա մասին ասի, իսկ այժմ՝ պարտադրի: Հարցն այն է, որ Հայաստանի իշխանությունը հետեւողականորեն եւ գիտակցված փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերն է:

Բիզնեսի ներկայացուցիչների եւ շարքային քաղաքացիների մոտ Փաշինյանի այս գործելաոճն անհանգստություն է առաջացնում, որովհետեւ մարդիկ մտածում են, որ դա կհանգեցնի տնտեսական կապերի ոչնչացման, իրենք կկորցնեն աշխատանքը, եկամուտը եւ բարեկեցությունը: Նրանք իշխանությունից պատասխան են ուզում այդ քայլերի համար, ուզում են հասկանալ, թե ինչու է իշխանությունը ոչնչացնում իրենց տնտեսությունը, իրենց աշխատանքը: Բնականաբար, հայ գործարարների մեծ մասը սարսափելի վախկոտ է եւ բացահայտ չի մեղադրում Հայաստանի իշխանություններին, այլ մեղքը բարդում է Ռուսաստանի վրա, բայց ներքուստ գիտի, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից հայկական բիզնեսի դեմ ուղղված քայլերի պատճառը Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունն է, իսկ նրանց հակազդեցությունն ընդամենը այդ քաղաքականության հետեւանքն է: Հայաստանի իշխանություններն էլ պատասխանում են, որ, ճիշտ է, մենք փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, կործանում ենք ձեր բիզնեսը, բայց մեզ մեղադրելու փոխարեն դուք պետք է բիզնեսը դիվերսիֆիկացնեք, հումքը գնեք եւ ձեր արտադրած ապրանքներն արտահանեք ոչ թե Ռուսաստան, այլ Եվրոպա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, եւ այսպես շարունակ:

Սա չլինող բան է: Որպեսզի Նիկոլ Փաշինյանը, Գեւորգ Պապոյանը կամ մյուս ՔՊ-ականները դա հասկանան, բացատրենք առարկայական: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վարչապետ է աշխատում, հակասահմանադրական հեղաշրջում է իրականացրել ու իրեն հռչակել վարչապետ, Գեւորգ Պապոյանին նշանակել է էկոնոմիկայի նախարար, իսկ Արարատ Միրզոյանին` արտգործնախարար: Հիմա եթե դիվերսիֆիկացիան ներկայացնենք նրանց օրինակի վրա, պետք է ասենք, որ եթե հայ ժողովուրդը Հայաստանում նրանց ազատի աշխատանքից, նրանք կարող են այդ նույն գործն անել Արեւմուտքում, ԵՄ անդամ որեւէ երկրում կամ Արեւելքում`Կամբոջայում, Ֆիլիպիններում կամ Թաիլանդում: Բայց Փաշինյանին այդ երկրներում ոչ թե վարչապետ, իսկ Պապոյանին ոչ թե էկոնոմիկայի նախարար, այլ նույնիսկ հավաքարար կամ ռեստորանում աման լվացող չեն ընդունի: Դե, որովհետեւ որեւէ եվրոպական կամ արեւելյան երկիր նրանց որեւէ գործ չի վստահի՝ վստահ լինելով, որ այդ մարդիկ ցանկացած աշխատանք կարող են տապալել: 

Հայաստանի տնտեսությունն առանց ռուսական էժան էներգակիրների եւ առանց ռուսական շուկայի դատապարտված է կործանման: Հայաստանը ո՛չ զարգացած արդյունաբերություն ունի, ո՛չ գյուղատնտեսություն, ո՛չ սպասարկման ոլորտ, ո՛չ էլ լոգիստիկա, որ աշխարհի այլ երկրներին առաջարկելու բան ունենա: Մենք, ինչ է, մեքենանե՞ր պետք է արտահանենք, էլեկտրոնիկա, բժշկական սարքավորումներ, գյուղտեխնիկա: Մենք արտահանում ենք գյուղատնտեսական արտադրանք, շինանյութ, խմիչքներ եւ հանքային ջուր, որի մի մասը՝ նաեւ այլ երկրներ, բայց դրա սպառողը մեր հայրենակիցներն են, եւ այդ շուկան արդեն կա ու խիստ սահմանափակ է: Այն ընդլայնվում է միայն այստեղից գնացողների հաշվին, իսկ այդ ռեսուրսը եւս շատ սահմանափակ է, որքան էլ Փաշինյանը, Պապոյանը եւ մյուս ՔՊ-ականներն այդ ուղղությամբ ջանասիրաբար չաշխատեն:

Բայց մեղավորը Գեւորգ Պապոյանը չէ եւ ոչ էլ նրան այդ աշխատանքին նշանակողը, մեղավորը Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչներն են, որ խոնարհաբար ծառայում են սրանց իշխանությանը եւ վախենալով կորցնել իրենց օրվա կոպեկը՝ տանուլ են տալիս տարիների աշխատածը, հետն էլ՝ հայրենիքը:

Ավետիս Բաբաջանյան