Էլ անպատիվ, անկարգ խոսքեր, էլ հեր ու մե՛ր․․․

Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,  էլ հեր ու մե՛ր․․․
Երեվանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունը մեզ տարավ հեքիաթի ժանր․ «Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման մեկ տարին»: Նման չի՞ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթին․
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:  
Եթե փորձենք թումանյանական շքեղ լեզուն պահպանել  արձակի մեջ, այսպիսի բան է եղել․

«Ժամանակով Նիկոլը վարչապետ էր, ժողովուրդն էլ նոր քաղաքապետ կուզեր,  միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի, Տարոն անունով մի քաղաքապետ կար։ Վերջը հանին էդ Տարոնին, քաղաքապետ դրին  դուխով Հայկոյին։ Հայկոն ասաց՝ միամիտ մընացե՜ք ամեն բան կանեմ»։

Անցավ տարին, ու երբ եկան ու հարցրին՝  ու՞ր է Հայկոն, արածը ո՞րն է․

 

Հայկոն եկավ քուրքը հագին,
Լրագրող տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց
Լրագրողի վըրա թընդաց.

Էլի՞ աղբը... վա՛հ, տընա՜շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

«Մի ամբողջ տարի մարդիկ «դադարգյուն են եղել»՝ աղբը հա աղբը՝ Հայկոն ու՞ր է, փափախս ու՞ր է․․․», նույն պատասխանը՝ հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
ցըրցամ տըվել, թե որ կարեմ: Վերջը ափերից մարդիկ  դուրս են գալիս՝ քաղաքապետ ենք ընտրել, մի գործ արա, թե չէ էսօր էգուց կանիմ, համ ասում ես, համ չես անում, համ խոսում ես, վրես գոռում, հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ, քանի», ախպեր, գնամ ու գամ․․․»։

Հեքիաթի վերջը գիտեք ու գիտեք նաև, թե Հայկոն ինչ մեծ պլաններից ու իրականացվելիք ծրագրերի մասին էր այսօր խոսում, երկրորդ տարին թե դիմանա, հավանաբար կսկսվի հեքիաթի երկրորդ մասը․

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար,
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՛ր, էլ հեր ու մե՛ր,
Էլ գող Փիսո՛, էլ քաչալ Շո՛ւն...
Բանը հասավ դիվանբաշուն: