Ուրիշ բաներ էլ եմ շահել` դասալսումներ եմ անելու, տեսչական ստուգումներ

Ուրիշ բաներ էլ եմ շահել` դասալսումներ եմ անելու, տեսչական ստուգումներ

Մենք լուր էինք հրապարակել, որ պատմաբան, հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանն էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիր է կնքել` 64 հազար դոլարի, որ «Գիտության եւ գործարարության օրեր» անունը կրող համաժողովի հանրայնացման աշխատանքն անի՝ սոցցանցերում էջեր վարի, հաղորդագրություններ, գովազդ տեղադրի, նաեւ ապահովի 30 լրատվամիջոցի ներկայությունը համաժողովին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-ին եւ 2-ին։ Պատմաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռեւս գումար չի ստացել պետությունից՝ ստանալու է աշխատանքն ավարտելուց հետո, եւ ոչ թե էկոնոմիկայի նախարարությունն է իրեն գումար տրամադրել, այլ մրցույթ է հայտարարվել՝ ինքը հաղթել է մրցույթը:

- Ես միայն սա չեմ շահել, ուրիշ բաներ էլ եմ շահել` դասալսումներ եմ անելու, նաեւ` տեսչական ստուգումներ: Ի դեպ, Դուք էլ կարող էիք մասնակցել մրցույթին եւ շահել: Ձեր լուրից տպավորություն է ստեղծվում, որ էկոնոմիկայի նախարարությունը քնեց արթնացավ եւ որոշեց Վահրամ Թոքմաջյանի հետ պայմանագիր կնքել: Դա այդպես չէ: 5-6 մարդ է մրցույթին մասնակցել: Մենք շատ այլ աշխատանքներ էլ պետք է անենք:

- Մի քիչ մանրամասնեք:

- Ոչ միայն ֆեյսբուքյան էջեր են լինելու, այլեւ հրապարակումներ են լինելու, հարցազրույցներ, հոլովակներ, պատվավոր հյուր է լինելու` Նասիմ Թալեբը:

- Ի՞նչ բնույթի հրապարակումներ եք անելու:

- Գիտաժողովի վերաբերյալ: Խոսելու ենք արդյունաբերողների, արտադրողների, գիտնականների մասին: Ի դեպ, այդ հրապարակումները ոչ թե իմ էջով ենք անելու, այլ դրանց վրա թիմ է աշխատում: Երկրորդ տարին է, որ նման ծրագիր է իրականացվում: Նախորդ տարի մենք չէինք շահել:

- Այսինքն` այդ ծրագիրը կապ չունի Ձեր բուն մասնագիտության՝ պատմության հետ:

- Ես ինը տարբեր աշխատանքներ եմ անում եւ բոլորն էլ լավ եմ անում, պարզապես համեստությունս հիմա չի ների՝ այդ մասին խոսել: Ամեն դեպքում, օրենքը պատմաբանին չի արգելում պետական գնումներին մասնակցել: Դուք էլ` բոլորդ, կարող եք մասնակցել, բայց ունենք նաեւ այլ ծրագիր, որն իմ մասնագիտության հետ կապ ունի: Դասալսումներ ենք անելու, ամեն տարի ծրագիրը մրցույթի է դրվում, եւ ամեն տարի մարդիկ մասնակցում են մրցույթին: Կարող է 10 դասալսում լինի, կարող է՝ հարյուր… կարող եք կառավարությունից հարցում անել եւ մանրամասներին ավելի կոնկրետ ծանոթանալ:

- Ի՞նչ դասալսումներ եք անելու, որտե՞ղ:

- Դպրոցներում:

- Ի՞նչ առարկայի շրջանակներում:

- Հայոց լեզու եւ մաթեմատիկա: Բովանդակային չափորոշիչներին համապատասխան: Ուսուցիչների մասնագիտական որակներ, հարաբերություններ, շփումներ եւ այլն:

- Զարմանք է առաջացնում այն, որ Դուք եթերում քննադատում եք իշխանություններին, սակայն, փաստորեն, մի քանի պետական մրցույթ եք շահել:

- Ես միշտ եղել եմ ընդդիմադիր ու հիմա էլ եմ ընդդիմադիր: Շուտով նորից սուր հրապարակում եմ անելու, դա կապ չունի ոչ մի բանի հետ: Էնպես չէ, որ մեզ բերել տվել են, մենք հաղթել ենք: Շատ պարտաճանաչ աշխատանք ենք արել, համոզված եղեք, որ եթե մի բան էն չանեինք, պրոբլեմներ կունենայինք: Բայց չկա մի բան, որ սխալ արած լինենք, հակաօրինական ոչինչ չենք արել: Երկար պրոցես է եղել, թե չէ՝ հնչեղ թիվ եք նշել` 64 հազար դոլար: Մեզ դեռ փող չեն տվել, մինչեւ գործը չանենք, փող չեն տալու, կարող է փողի մի մասը տան, ինչ-որ բաղադրիչներ դուրս գան: Ես պարզապես չանդրադարձա այդ հարցին եւ մանրամասներ չնշեցի:

- Բայց եթե հաղթել եք մրցույթն ու կատարել եք աշխատանքը, ինչո՞ւ պետք է գումարի կեսը տրամադրեն: Պատմության նոր դասագրքերի աղմուկով պայմանավորված՝ ինչո՞ւ պատմություն առարկայի դասալսումներ չեք իրականացնում:

- Դասագրքի մասին հոդված ունեմ հրապարակած: Վահրամ Թոքմաջյանը եղել եւ լինելու է Հայաստանի Հանրապետության ռացիոնալ քաղաքացի եւ երբեք չի վարանելու արտահայտել իր օբյեկտիվ կարծիքը:

- Նաեւ նշում եք, որ թիմային աշխատանք եք անում: Ովքե՞ր են թիմում ներառված:

- Շատ տարբեր մասնագետներ կան, անիմատորներ, բլոգերներ, շատ տարբեր:

- Նշված է, որ 30 լրատվամիջոց պետք է ապահովեք համաժողովին: Ո՞ր լրատվամիջոցներն են դրանք:

- Որեւէ սահմանափակում չի լինելու: Կարող է 30-ի փոխարեն 100 լրատվամիջոց լինել: Էկոնոմիկայի նախարարն էլ է միջոցառմանը մասնակցելու: Մենք բոլորին հրավիրելու ենք, նույնիսկ ասուլիսներին, ով ինչ ուզում է, կարող է անել: Տարբերակում չենք դնելու լրատվամիջոցների մեջ, բոլորի համար հրավերը լինելու է բաց: