«Նիկոլը թողեց փախավ»

«Նիկոլը թողեց փախավ»

2018 թվականի «դուխով» ու երբեմնի «ժողովրդի փրկիչ» Նիկոլը ոչ ևս է: Նրա փոխարեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է մի անձ, որն «արժանի չէ տղամարդ կոչվելուն և թողնում-փախչում է ժողովրդից»: Այն ժողովրդից, որը ժամանակին իրեն կարգեց վարչապետ՝ խախտելով հայաստանյան օրենքները: Նիկոլի շնորհակալությունն էլ այն եղավ, որ բոլորին անվանեց վարչապետ ու խոսքի մակարդակով իրավունք տվեց ոտքով բացել կառավարության շենքի դուռը՝ երբ դա անհրաժեշտ լինի: Իսկ այնուհետև երկաթե ճաղավանդակներով ամրացրեց այդ դուռը՝ պատսպարվելով նույն այդ ժողովրդից: Սա է իրականությունը, ինչը նշանակում է, որ կառավարության շենքի դիմաց բողոքող ժողովրդին նա ասելիք չունի: Ընդ որում, ասելիքը բացակայում է հնարավոր բոլոր խնդիրների առումով: Ասվածը նշանակում է, որ իմաստ չունի հավաքվել այդ շենքի դիմաց և ժամերով սպասել նրա հետ հանդիպմանը: Հատկապես, որ դա նմանատիպ ո՛չ առաջին հավաքն է և ո՛չ էլ, դժբախտաբար, լինելու է վերջինը:

Մեծերի կողմից ասված խոսք կա՝ եթե որևէ խնդիր լուծում չի ստանում անընդհատ օգտագործվող որևէ գործիքակազմով, ապա պետք է փոխել գործիքները: Որովհետև խնդրի առումով անընդհատ գրանցվող անհաջողությունն առաջ է բերում հուսահատվածության զգացում: Իսկ այն վատագույն զգացումն է, որը ներկա ժամանակներում անհրաժեշտ է մեր հասարակությանը: Իսկ թե ինչ պետք է անեն զոհված զինվորների ծնողները՝ պետք է որոշեն հենց իրենք: Կարող են օգտագործել քաղաքացիական անհնազանդության բոլոր այն ոչ բռնի մեթոդները, որ ներկայացրել է ամերիկացի քաղտեխնոլոգ Ջին Շարփը: Ի դեպ, վերջինիս մեթոդները Նիկոլի իշխանության օրոք օգտագործելի են ճիշտ այնպես, ինչպես նախկինների ժամանակ: Եվ որևէ մեկը չպետք է խաբվի այն հանգամանքով, որ նախկինների օրոք դիկտատուրա էր, իսկ Նիկոլը՝ դեմոկրատիայի «հայր»: Որովհետև այսօր նրա դիկտատորական հակումները շատ ավելի ընդգծված են, քան դրանք առկա էին Սերժ Սարգսյանի օրոք:

Չնայած 44-օրյա պատերազմի զոհված տղաների ծնողների ցավը երկուսուկես տարվա ընթացքում որոշակիորեն բթացել է, բայց ճիշտ կլիներ, եթե նրանք միանային Ազատ գյուղում զոհված տղաների ծնողների պայքարին: Ու օժանդակեին այն իրենց քանակով ու ուղղորդեին այն պայքարի իրենց փորձով: Այդ դեպքում իրենց միահամուռ պայքարը կարող էր ավելի արդյունավետ լինել: Ինչը կարող էր նաև հույս առաջացնել, որ այդ պայքարին կմիանան նաև բազմաթիվ այլ հայաստանցիներ: Եվ այդ դեպքում կլուծվեր ոչ միայն «մեծարգո» (ինչպես դիմում են նրան կառավարության նիստերում) վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հարցը: Այլև, ինչն ավելի կարևոր է, ոչ մեծարգո այդ անձին վարչապետի պաշտոնից հեռացնելու խնդիրը: Իսկ դրանից հետտո կարելի է վստահաբար պնդել, որ Հայաստանում և Արցախում նրա պատճառով ծագած բոլոր խնդիրները կգտնեն իրենց տրամաբանական լուծումը:

Հ. Գ.Հոդվածի երկրորդ նախադասության չակերտավոր մասն առնված է ապրիլի 21-ին Ազատ գյուղում զոհված տղաների ծնողների հերթական բողոքի ցույցից: Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր կգա այն պահը, երբ ոչ միայն զոհվածների ծնողները, այլ ընդհանապես ողջ հասարակությունը թքած կունենա Նիկոլի հետ հանդիպման անհրաժեշտության վրա: