Եթե չի վատթարացել

Եթե չի վատթարացել

Մի հարցի շուրջ Հեգելին փորձում են համոզել՝ վկայակոչելով, թե փաստերն ուրիշ բան են ասում, Հեգելը պատասխանում է՝ ավելի վատ փաստերի համար:

Բրիտանական BBC-ի HARD talk հաղորդմանը տեսակապով տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մարտնչում էր փաստերի դեմ՝ այն դեպքում, երբ ինքը ոչ փիլիսոփա է, ոչ էլ, առավել ևս, Հեգել: 

Եվ այդ ամենը նրա հայ ունկնդրի, հայրենակցի համար բավական անհարմար դրություն էր ստեղծում: Մեկնաբանը ասում է՝ ձեր երկրում վիճակը 6 անգամ վատ է, քան հարևան Վրաստանում, ավելի վատ է, քան Ադրբեջանում, վարչապետը, փոխանակ ընդունի փաստերի անառարկելի ճշմարտությունը, փորձում է խուսանավել, մանիպուլացնել: Ընդհանրապես այն տպավորությունն էր, որ վարչապետն այնքան էլ լավ չի ընկալել այդ ձևաչափով հարցազրույցի բուն էությունը: Եթե նրան թվում էր, թե Սթիվեն Սակուրը կապվել էր իր հետ, որ տեղեկություններ ստանա Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի, ներքաղաքական կյանքի կամ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, ուրեմն հազիվ թե նա ճիշտ պատկերացում ունի հարցազրույցի այդ ձևաչափի մասին, որտեղ հարցերը չեն հնչում պատասխան ստանալու ակնկալիքով, այլ իրենց մատուցմամբ դրանք ավելին են, քան ենթադրվող հարցերը:

Միամտություն է նաև կարծել, թե Հայաստանի մասին իր տեղեկությունները Ս. Սակուրը պիտի ստանար վարչապետի պատասխաններից: Հետևաբար հարկ կար հարցերի գոնե այն խմբին, որոնց պատասխանները գաղտնիք չէին թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար, անդրադառնալ հնարավորինս ճշմարտացիորեն, որ հետո, երբ մյուս պատասխանում պնդելիս լինես, թե Հայաստանում, դիցուք, դատական համակարգն անկախ է, լսողի մոտ նախորդ հարցերի ճշմարացիությունից այն թվացողությունը ձևավորված լինի, թե այս անգամ էլ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե փոքր-ինչ ճշմարտացի պատասխան է հնչել:

Պարզամիտ, ծիծաղելի էր վարչապետի անդրադարձը Հայաստանի տնտեսական աճին: Խոր աղքատության, գործազրկության մեջ թաղված երկիր ունենալու պարագայում պարծենալ Եվրոպայում տնտեսական աճի թվերով («առաջինը»), նշանակում է այն, ինչ ասել է փիլիսոփա Հեգելը՝ ավելի վատ այդ թվերի համար, եթե ոչինչ չեն փոխել սովորական քաղաքացու կյանքում. ինչպես վատ եղել, այդպես էլ մնացել է: 
Եթե չի վատթարացել: