Դատական համակարգը ձեր բոստանը չէ

Դատական համակարգը ձեր բոստանը չէ

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որոշել են մաքրել դատական համակարգը 40-ից բարձր տարիք ունեցող դատավորներից։ Վերջիններս ավելի ինքնուրույն են, ավելի կայացած եւ իրենց պաշտոններից այնպես կառչած չեն, ինչպես նորելուկները, որոնք գրեթե ուսանողական նստարաններից՝ առանց համապատասխան գիտելիքների ու փորձի, միանգամից դատավոր են նշանակվում։ Բայց դատավոր չեն դառնում, այլ դառնում են Կարեն Անդրեասյանի ու իշխանությունների կամակատարը՝ պատրաստ բոլոր հրահանգները կատարելու։ Ի դեպ, ամենուրեք է այդպես՝ սկսնակները, որպես կանոն, ավելի ենթարկվող են, քան փորձառու մասնագետները։

Եւ այսպես, այս զույգը որոշել է դատական համակարգի «վեթինգը» սկսել ու ավարտին հասցնել Վճռաբեկ դատարանից՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատից, որտեղ դեռ մնացել էին մի քանի փորձառու հին դատավորներ։ Այս անգամ թիրախում հայտնվել են երկու դատավոր՝ Տիգրան Պետրոսյանն ու Արտակ Բարսեղյանը, երկուսն էլ համակարգում հարգված, բարձր վարկանիշ ունեցող դատավորներ, որոնք նաեւ քաղաքացիական օրենքին են լավ տիրապետում։

Արտակ Բարսեղյանը 56 տարեկան է, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, աշխատել է փաստաբան, ապա արդարադատության նախարարությունում նախ՝ որպես օրենսդրական հարցերի վարչության գլխավոր մասնագետ, այնուհետև` նախարարի օգնական։ 1999-ից մինչև 2001-ը եղել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2001 թ․ հոկտեմբերի 19-ին նշանակվել է տնտեսական դատարանի դատավոր, 2008- 2009 թթ՝ Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր: 2009-ի հունվարի 15-ինՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Տիգրան Պետրոսյանը 59 տարեկան է, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, աշխատել է քննիչ, դատախազի օգանական, 1996 թվականից դատավոր է, 2008- 2009 թթ աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր, 2009-ից ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Այս երկու դատավորների նկատմամբ հարուցվող վարույթի հիմքում ընկած են ՄԻԵԴ-ում վճիռները, սակայն Տիգրան Պետրոսյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պահանջելով վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի նկատմամբ, քանի որ առկա է շահերի բախում։ Զույգն ունի ընդհանուր տնտեսական շահեր եւ կամայականորեն է վարույթներ հարուցում անցանկալի՝ իր կողմից անկառավարելի դատավորների նկատմամբ: Վճռաբեկ դատարանում շատ դատավորների որոշումների հետեւանքով է ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ որոշումներ կայացրել, սակայն ԲԴԽ-ն միայն կոնկրետ դատավորների նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցում, այս պարագայում՝ Վճռաբեկի դատավորներ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ են փորձում։

Այսօր նմանատիպ մի հայտարարություն էլ տարածեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին անդամ Սուրեն Անտոնյանը, ում լիազորությունները վերջերս դադարեցրեց ԲԴԽ-ն։ Նա մասնավորապես գրել է․ «ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա հարուցված կարգապահական վարույթների տրամաբանությունը հուշում է, որ առաջիկայում ականատես ենք լինելու քրեական վարույթների` արդարադատության նախարարության այն պաշտոնատար անձանց մասով, որոնք զեկուցագրեր են ներկայացրել բացառապես այն վճիռներով և այն հերթականությամբ, որ այդ գործերով մասնակցած դատավորների կազմում հանկարծ չլինեն այն դատավորները, որոնք կոնսեսուսային տրամաբանության մեջ են ԲԴԽ-ի ևտվյալ դատարանի նախագահի հետ:

Այս պահին քրեական արդարադատության ոլորտում առկա ՄԻԵԴ-ի վճիռներով դեռևս հայտարարված վարույթներ չկան և պարզ չէ ուսումնասիրություններ չեն իրականացվել, թե ԲԴԽ նախագահը համապատասխան պատվեր չի իջեցրել նախարարությանը, քանի որ խայտառակ պատկեր կստացվի և շատ դատավորներ ստիպված կլինել ձեռնպահ մնալ խայտառակ կոնսեսուսից: Ի դեպ այս սցենարի դեպքում կասկածի տակ է հայտնվելու նաև վճռաբեկ դատարանի քրեական պալատի գործող կազմի գոյությունը»:

Արեգ Մարգարյան