Որդեգրումների գործով մինչ այժմ ընդամենը 2 նիստ է տեղի ունեցել

Որդեգրումների գործով մինչ այժմ ընդամենը 2 նիստ է տեղի ունեցել

Ապօրինի որդեգրումների աղմկահարույց գործով մինչ այժմ ընդամենը 2 դատական նիստ է տեղի ունեցել, գործը դատարան է գնացել 2022 թվականի հունիսին, առաջին նիստը տեղի է ունեցել հունիսի 4-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 16-ին, հաջորդ նիստերի օրերը դեռ հայտնի չեն։ Հարուցված քրեական գործով կա 11 մեղադրյալ, բոլորն ազատության մեջ են, այսինքն՝ կալանավորված անձ չկա, դատական նիստերն անցել են դռնփակ, նիստերի ընթացքի վերաբերյալ որեւէ տեղեկություն հայտնի չէ։ Այս գործի դատական քննությունը հակակոռուպցիոն դատարանի վարույթում է։

Հիշեցնենք, որ գործով 11 մեղադրյալներն են Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ  Ջերջեյանը, Իտալիայում որդեգրմամբ զբաղվող՝ հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանը,  արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ  Անի Աշոտի Մխիթարյանը, ով այս պահին, լինելով գործով մեղադրյալ, զբաղեցնում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնը, մինչ այդ էլ արդարադատության նախարարությունում Կարեն Անդրեասյանի խորհրդականն էր։ Ինչպես նաեւ՝ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի եւ ապոստիլի բաժնի պետ Ալբերտ Վիրաբյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախկին պետ Իդա Խաչատրյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Շահբազը, թարգմանչուհի Քրիստինե Ժորայի Նարինյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, նույն նախարարության աշխատակից Անուշ Սերյոժայի Բադալյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին քրեական գործ էր հարուցվել երեխաների ապօրինի որդեգրումների ենթադրյալ դեպքով, ըստ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած ծավալուն հայտարարության՝ գործել էր հանցավոր խումբ, որը մորն ու մանկանը բաժանել էր իրարից եւ ապօրինի որդեգրման հանձնել։ Այս քրեական գործի հարուցումից հետո մեծ աղմուկ բարձրացավ, շատ քաղաքացիներ սկսեցին կասկած հայտնել, որ հնարավոր է ժամանակին իրենք էլ են դարձել ենթադրյալ խմբի զոհը, իրենց երեխաները չեն մահացել եւ այլն։ Գործի հարուցումից արդեն 3 տարի է անցել, եւ միայն 2 դատական նիստ է տեղի ունեցել։