Կիրակնօրյա մտքեր

Կիրակնօրյա մտքեր

Կենսաթոշակային

Արդեն երրորդ տարին է, ինչ ինձ համար ոչ մի նշանակություն չունեն Ամանորը, ծննդյան օրերը, եկեղեցական տոները և այլն։ Ինձ համար նշանակություն չունի նաև այն, որ 2020 թվականի աշնան սկզբին, ավելի ճիշտ՝ Գիտելիքի և դպրության օրը (սեպտեմբերի 1-ին) ես դարձա գործազուրկ։ Ընդ որում, այն կազմակերպությունում, որի կայացման համար առաջին տարիներին հսկայական ներդրում եմ ունեցել։ Բայց դրանից 70 օր անց և մինչև այժմ՝ երբ արդեն կենսաթոշակառու եմ, ես գիտակցորեն մոռացության եմ մատնել թե՛ այդ կազմակերպությունը և թե՛ նույնիսկ իմ կենսաթոշակառու լինելը։ Երկրորդի մասին հիշում եմ ամիսը մեկ՝ դրա սկզբին, երբ թոշակային բանկային հաշվին փոխանցվում է հերթական աղքատաթոշակը։ Եվ այդ օրը մեջս ցանկություն է առաջանում մաղթել, որպեսզի նույնը զգան նրանք, ովքեր այսօր միլիոնից ավելի աշխատավարձ ու պարգևավճար են ստանում։ Ստանում են իմ ու ինձ նմանների հաշվին։ Ոչ թե այն առումով, որ իրենց ստացածը բաժանեն մեր միջև․ դա յուրաքանչյուրիս առումով կոպեկներ կկազմի։ Այլ ներդրումներ կատարեն կապիտալ ծրագրերում։ Որի վերջնարդյունքում կավելանան նաև մեր կենսաթոշակները։

Պետական

Նախորդ օրը մեր հարևան Իրանի պետական կառավարման նմանությամբ առաջարկ էի կատարել «Հրապարակ»-ում․ https://hraparak.am/post/15d224c752425ea155a844ae169bf72d։ Որպես կիրակնօրյա ընթերցանության նյութ՝ հիմնավորեմ այն։ Պատկերացրեք, որ դուք, աշխատելով որևէ ձեռնարկությունում կամ կազմակերպությունում, միաժամանակ դրա որևէ բաժնեմասի սեփականատերն եք։ Նախ, դուք ավելի արդյունավետ կկատարեք ձեր աշխատանքը և երկրորդ՝ ավելի ուշադիր կլինեք այդ կազմակերպության ղեկավարության ընտրության և դրա գործունեության վերահսկման առումով։ Ինչի շնորհիվ ամսական ձեր պայմանական 100 «փող» աշխատավարձին այդ թիմի արդյունավետ գործունեության շնորհիվ կգումարվի, ասենք, լրացուցիչ 10 «փող» եկամուտ։ Դա նշանակում է, որ դուք կլինեք ակտիվ սեփականատեր, կմասնակցեք բաժնետերերի բոլոր ժողովներին, կընդգրկվեք բաժնետերերի կողմից կազմակերպվող կառավարման մարմիներում։ Ու կրկին ակտիվորեն կմասնակցեք դրանց աշխատանքներին։ Իսկ այժմ պատկերացրեք, որ Հայաստանի Հանրապետությունն այդպիսի կազմակերպություն է։ Եվ յուրաքանչյուրդ, որպես ՀՀ քաղաքացի, այդ կազմակերպության աշխատակից եք ու միաժամանակ դրա բաժնետերը։ 

Իսկ ի՞նչ է առկա իրականում։ Իրականում մարդիկ, հատկապես վերջին ժամանակներս, անտարբեր են դարձել պետական կառավարման հարցերի առումով։ Դրա շնորհիվ տարբեր ազգերի պոպուլիստները հնարավորություն են ստացել ստանձնելու ընտրովի կամ նշանակովի պաշտոններ։ Ինչպես, օրինակ, Փաշինյան Նիկոլը մեզանում։ Եվ գործեն ոչ թե որպես նվիրյալներ, այլ խոպանչիներ։ Իսկ եթե դուք ձեզ պատկերացնեք երկրի իրական տեր, ապա կվարվեք այնպես, ինչպես նկարագրված է նախորդ պարբերությունում։ 

Իշխանական - հոգեբանական

Հայտնի է, որ թույլ մարդիկ պաշտոն ստանալով՝ վերածվում են «քաջ և արի» այրերի։ (Վրացական նման մուլտիկ կա՝ տեսած կլինեք․ մուկը առյուծի վերածված)։ Որոնց կնախանձեին նույնիսկ հռոմեական գլադիատորները, որոնք տարիներով մարզվում էին, որպեսզի մի օր փառքի արժանանան կամ զրկվեն կյանքից։ Նման քաջերից է, օրինակ, Ազգային ժողովի քպկական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Վերջինս ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության օրն իրեն պահեց հանց հաղթական գլադիատոր։ Իսկ «www.para.tv» առցանց հեռուստաընկերությունում, որտեղ ինքն աշխատել է նախքան իշխանության մաս կազմելը, նրա պահվածքը, տնօրենի ամուսնու վկայությամբ, հեչ գլադիատորական չի եղել՝ մեղմ ասած։  

Գաղափարախոսական - կենցաղային

Պարզվում է, որ 2018 թվականի ապրիլի առաջին տանօրյակում Սիմոնյան Ալենի՝ Գյումրիից Երևան քայլելու շնորհիվ Սփյուռքից մեր հայրենակիցը, որը ՀՀ քաղաքացի չէ, ԻՐԱՎՈՒՆՔ  է ստացել քաղաքի կենտրոնում Ալենին բնութագրելու որպես դավաճան։ Այս դարակազմիկ մտքի հեղինակը, ինչպես կարող էիք ակնկալել, Ազգային ժողովի քպկական «ազգընտիր» Աղազարյան Հովիկն է։ Իմ կողմից ավելացնեմ այն, ինչը չի մտածել պարոն Հովիկը։ Այդ քայլելու շնորհիվ, միաժամանակ, ՀՀ քաղաքացի Ալեննն  իրեն իրավունք է վերապահել թքելու մարդու դեմքին՝ մինչ այդ իշխանական լիազորություններն օգտագործելով և ապահովագրելով իրեն պատասխանից։ 

Հ․ Գ․ Կիրակնօրյա նյութը, ինչպես տեսաք, ուրախ չստացվեց։ Եվ չէր էլ կարող ստացվել՝ քանի դեռ չենք թոթափել Փաշինյան Նիկոլի վարչապետությունը։