Ստահոդ ճառողն ու նրա սին փառքը

Ստահոդ ճառողն ու նրա սին փառքը

Ընդդիմադիր շարժման թափառքի եւ իշխանության, մասնավորապես ոստիկանության բիրտ արձագանքի համադրումն ստիպում է վերջնականապես համոզվել, որ այս իշխանությունների հեռացման ցանկացած տարբերակ կլինի սահմանադրական, քանի որ հենց նրանք են բազմիցս տապալել սահմանադրական կարգը։ Նիկոլ Փաշինյանն իր անձնական օրինակով հատել է ցինիզմի, անբարոյականության եւ սրբապծղության հնարավոր բոլոր գծերը՝ այդ վարվելակերպը պարտադրելով իշխանական վերնախավին եւ անգամ պետական ապարատի շատ հնաբնակների։ Նա ոչ միայն չի քաշվում, այլեւ հպարտանում է իր անբարո ցինիզմով, հղի կնոջ վրաերթի դեպքը՝ վկա։

Մահաբեր, գուժկան, չարիքի իշխանություն է սա, որի ցանկացած, անգամ ամենաբարի մղումը որեւէ արդարացում չի կարող ունենալ։ Այս կառավարությունն ինքնին հպարտանալու որեւէ առիթ չունի, նախկինում Փաշինյանի թվարկած մի քանի «100 փաստերը» վաղուց ի դերեւ են ելել, տակը մնացել է քափը՝ ապազգային ոչնչությունների հավաքածուն, որոնցից օր առաջ պետք է ազատվել։ Փաշինյանը Երեւանի նորօրյա եւ ինքնահռչակ խանն է, որը 2018-ին սահմանադրական հեղաշրջմամբ եկել է իշխանության, անցած չորս տարում տասնյակ անգամ բացահայտորեն ոտնատակ է տվել Սահմանադրությունը եւ զբաղված է բացառապես ապօրինի հրամանների արձակմամբ։ Ցավոք, դրանք իրագործողները քիչ չեն։

2018-ի իր քայլարշավի հայտնի երգի տեքստում Փաշինյանը գրել էր «ստահոդ ճառողի սին փառքի» մասին։ Այդ ձեւակերպումն առավել, քան երբեւէ, այսօր իրեն է պատշաճում։ Մանր կենցաղային խնդիրներից մինչեւ աշխարհաքաղաքականություն՝ այս վարչախմբի արտաբերած ամեն բառը սուտ է։ Մայր օրենքը դարձրել են ջնջոց, բավարար խելք ու հեռատեսություն էլ չունեն՝ սթափ գնահատելու իրավիճակն ու գոնե իրենց ընտանիքներին փրկելու համար՝ ինքնակամ հեռանալու։ Միեւնույն է՝ Փաշինյանի ֆիզիկական ներկայությունը կառավարության շենքում գրեթե ոչինչ չի փոխում, նրա իշխանությունը փաստացի անգո է, Հայաստանում անիշխանություն է։ Ընդ որում, դա ավելի ու ավելի ակնառու է դառնում հատկապես մարզերում։ Որքան Երեւանից հեռանում ես, այնքան մարդիկ ավելի են խորասուզված անորոշության մեջ։

Ներքաղաքական ճգնաժամն այսօր ավելի ահարկու, սպառնալից ու անհաղթահարելի է, քան անգամ Հայրենիքի փրկության շարժման օրերին։ Փաշինյանն այս անգամ ընտրել է մի վերջնական ինքնաոչնչացման ուղին, որը հանգեցնելու է, հին ու բարի շախմատային բառապաշարով ասած, ցուգցվանգի։ Իշխանախումբը, փորձելով քողարկել սեփական  վախերը, շուրջբոլորը միայն քաոս ու անճարակություն է սփռում, հուսահատություն ու բարոյալքում։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին խոստացված՝ արժանապատիվ կեցվածքի, ինքնիշխանության վերականգնման եւ այլ ծրագրային դրույթներն այսօր ծիծաղելի ու ողբերգական են թվում, քանի որ Հայաստանի ինքնիշխանությունն ամբողջապես զիջված է այլ ուժերի, այդ թվում՝ թշնամական։

Կառավարության վերջին նիստում Փաշինյանը խոսում էր անգրագիտության վերացման անհրաժեշտության մասին։ Այստեղ, սակայն, նույնպես նա իրեն բնորոշ երեսպաշտություն է դրսեւորում, քանի որ չի խոստովանում, որ իր ընտրազանգվածի բացարձակ մեծամասնությունը հենց անգրագետ ու կիսագրագետ մարդիկ են՝ զուրկ տեղեկատվության ստուգման տարրական հմտություններից։ Մարկ Տվենի «Արքայազնն ու աղքատը» վեպում Ուելսի արքայազնը մտքում ինքն իրեն ասում է․ «Երբ ես թագավոր դառնամ, ռամիկներին ոչ միայն կկերակրեմ ու ապաստան կտամ, այլեւ կկրթեմ, քանի որ կուշտ փորը գրոշ չարժե, երբ միտքն ու սիրտը տկար են։ Երբ մարդ կրթված է, նա կարեկից է եւ ողորմած»։ Եվ, ուրեմն, ապագա իշխանության առաջին գործը պետք է լինի պոպուլիզմի, բանսարկությունների եւ քաղաքական խառնակչության հիմքերի իսպառ վերացումը՝ հանրակրթության արմատական բարեփոխման, կրթությունը որպես գերակա արժեք դիրքավորելու միջոցով։ Միայն այդ պարագայում կբացառվեն նոր փաշինյանների ծնունդն ու առաջխաղացումը հայ քաղաքական դաշտում։

Դավիթ Սարգսյան