Աննախադեպ օդիոզ

Աննախադեպ օդիոզ

Ի տարբերություն նախորդ բոլոր գումարումների Ազգային ժողովների օդիոզ դեմքերի՝ վերջին Ազգային ժողովի իշխանական խմբակցությունում այդպիսի դեմքերն առանձնանում են իրենց հանդեպ հանրության անվերապահ բացասական վերաբերմունքով, իսկապես զզվանքով եւ ատելությամբ, ինչպես բառն է հուշում։ Գեներալ Սեյրանին, Թոխմախի Մհերին, Շմայսին եւ այլոց ժամանակին նույնպես չէին սիրում, սակայն հանրային բացասական ընկալման մեջ ներողամտության մի քող կար, որն այդ մարդկանց ինչ-որ առումով նաեւ հետաքրքիր էր դարձնում։ Այդ մարդիկ հետաքրքիր էին մանավանդ լրագրողների համար, ովքեր հակված էին սենսացիաների։ 

Մերօրյա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որպես օդիոզ դեմք, սակայն, հետաքրքիր չէ․ նա սոսկ վանող կերպար է։ Հանրային այսպիսի բացասական ընկալման մասին, անշուշտ, գիտե նաեւ իշխանությունը՝ վարչապետը, ԱԺ իշխանական խմբակցությունը։ Գիտե, բայց ոչինչ չի ձեռնարկում նրա բացասական ֆոնից ազատվելու համար։ Գիտե, բայց հաշիվ չի պահանջում, օրինակ, օրերս մամուլում արձանագրված եւ պատգամավորի համար խիստ անվայել պահվածքի համար, որ սույն անձը դրսեւորել էր ռեստորաններից մեկում։ Գիտե, բայց ոչինչ չի ձեռնարկում՝ սաստելու համար պատգամավորին, որն անապացույց պնդումներ է անում լրատվական կայքերի եւ լրագրողների «ֆինանսավորման» մասին եւ ի լրումն այդ ամենի՝ լրագրողուհուց խլում է միկրոֆոնն ու տանում իր աշխատասենյակ՝ թերեւս որպես «իրեղեն» ապացույց իր պնդումների։

Իսկ թե ինչու իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում՝ դա էլ է հայտնի։ «Շիշ բռնող» մականունով այս մարդը, վերջին ժամանակները՝ հատկապես, վարչապետի համար շշից բացի նաեւ մեկ այլ բան է բռնել-բռնում, իսկ դա այնպիսի ծառայություն է, որի համար պետության ղեկին հայտնված մարդն ընդմիշտ երախտապարտ է մնալու նրան, ավելին՝ մնալու է նրանից եւ նրա լռությունից  կախված։ Այո, «բաներ» գիտե Հ․ Սարգսյանը, որը նրան դարձնում է օդիոզ դեմք նաեւ վարչապետի համար, ուստի դեռ որոշ ժամանակ նա կշարունակի, այլ բաների հետ, դամ էլ բռնել իշխանական երգչախմբում։

Մինչեւ երգչախումբը․․․ ցրվի։