Օնլա՞յն, թե՞ օֆլայն. երկու իրականությունների արանքում

Օնլա՞յն, թե՞ օֆլայն. երկու իրականությունների արանքում

Օնլայն իրականությունից մինչեւ օֆլայն երջանկություն տանող ուղիները մի նուրբ լարով այսօր կապված են իրար։ Մենք ապրում ենք մի առօրյայում, որտեղ ավելի կարեւոր է լինել օնլայն, քան՝ իրական։ Մենք էլ փորձեցինք մի քանի ժամով կտրվել վիրտուալ աշխարհից ու ապրել իրական կյանքով։ Իսկ դրա լավագույն միջոցը թատրոնն է, այս պարագայում՝ մնջախաղային ներկայացումը։

Լուռ, առանց խոսքի, միայն մարմնի միջոցով արտահայտել ավելին, քան կարող ես, խոսքերը խանգարում են։ Արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը դիպուկ է նկատել․ «Լռություն ու փակ վարագույր՝ թաքնված խոստում մի կյանքի, մի խորհուրդ մեզնից վեր եւ մաքուր եւ լուռ սպասում մի խոսքի»։ Այս անգամ ամեն ինչ անսովոր է․ լռությունը ներկա է, իսկ առանց վարագույր ամեն ինչ ավելի անմիջական է։ Խոսքին երկար սպասելու կարիք չկա, միայն մի փոքր սպասում, եւ լռությունը կընդհատվի խոսքով։

Մնջախաղի թատրոնում այս անգամ ներկայացումն անսովոր է։ «Օֆլայն»՝ թվում է, թե անունն արդեն ամեն ինչ ասում է ներկայացման գաղափարական հիմքի մասին։ Ներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնի փոքր դահլիճում է։ Փոքրաթիվ հանդիսատես, անմիջական միջավայր, որտեղ յուրաքանչյուրի ներկայությունը կարեւորվում է ինչպես ընտանիքի անդամի, սպասել, մինչեւ վերջին աթոռին նստած կլինի հանդիսատեսը, եւ, ահա՝ ներկայացումը կարող ենք սկսված համարել։

Ռեժիսորն Արսեն Խաչատրյանն է, իսկ բեմահարթակին Կարեն Խաչատրյանն ու Լուիզա Մելքոնյանն են։ Ներկա է ավանդական հնչող ձայնը, որը հուշում է բջջայիններն անջատելու մասին։ Բայց այս անգամ ձայնն անսովոր է, մի քանի անգամ կրկնում է նույն արտահայտությունը, վերջում արձագանքի միջոցով նույն արտահայտության կրկնություն է դառնում, եւ դերակատարներն արդեն հայտնվում են բեմին։ Կրկնվող միատոն ձայնային էֆեկտներ, որ մեզ տանում են այլ իրականություն, որը հաճախ դժվարանում ենք հասկանալ։ Ներկայացումը պետք է անջատի մարդուն իրականությունից, իսկ այս պարագայում տարաբնույթ միջոցներ են ընտրված ռեժիսորի կողմից։

«Օֆլայն»-ը պսիխոդրամա է այն մասին, որ այսօր մենք շատ հաճախ չենք նկատում մեր կողքին գտնվող մարդկանց եւ իրականության մեջ լինելով, միեւնույն է՝ օնլայն կյանքն ավելի ենք կարեւորում ու ինչ-որ առումով նմանվում զոմբիացված կերպարների։ 

Հանդիսատեսը երբ լսում է մնջախաղային ներկայացումների մասին, պատկերացնում է առանց խոսքի գործողություններ։ Այս ներկայացումն ապացույցն է այն բանի, որ խոսքը կարող է ավելի գույներ տալ ներկայացմանը, դա գուցե սկզբնական գործողությունների ոչ այնքան հասկանալի ընթացքն է։ Մի քանի մասից բաղկացած գործողությունների շարք, որոնց բաժանում է ձայնը՝ իր յուրահատուկ հարցերի շարքով։ Այս հարցերը յուրաքանչյուրիս համար մտածելու առիթ են տալիս, մտորել այն մասին, թե մենք ինչու ենք միշտ օնլայն՝ ընկերների հետ շփվելու, մեզ գովազդելու, թե ժամանակ անցկացնելու համար։ Ո՞վ ենք մենք օնլայն իրականությունում եւ ով ենք մենք իրական կյանքում։ 

Անսովոր գործողությունների շարքն ընդհատվում է ու տանում հանդիսատեսին մինչեւ մանկություն։ Որո՞նք էին մանկության մեր սիրելի խաղերը․ ահա եւ հերթական հարցը՝ դերակատարուհուն տրված ձայնի միջոցով, ով հիշում է ռեզինը, յոթ քարը եւ բազում այլ խաղեր։ Բեմահարթակին մեզ հաճելի եւ հոգեհարազատ խաղ է՝ ռեզինը, բայց ֆեյսբուքյան նամակների հերթական շարքը նորից դերակատարներին կտրում է իրականությունից։ Ռեզինը դառնում է միջոց՝ կապվելու իրականության հետ, բայց սոցիալական ցանցերը ռեզինի պես կապում են մարդկանց ու, ի վերջո, հաղթում։

Մինչ հանդիսատեսի դուրս գալը դահլիճից, ներկայացումը դեռ շարունակվում էր․ դերասանները հանդիսականի շարքերում էին եւ սելֆի էին անում յուրաքանչյուր հանդիսատեսի հետ՝ անմիջական դարձնելով հանդիսատես-դերակատար կապը։

Ներկայացումը կստիպի մտածել, թե որն է ավելի կարեւոր՝ օնլայն երջանկությո՞ւնը, թե՞ օֆլայն իրականությունը, որը թեեւ ոչ միշտ է հարուստ երջանիկ պահերով ու լիքն է վայրիվերումներով, բայց, միեւնույն է՝ ավելի իրական է եւ հետաքրքիր։


Մոնիկա Չամանյան- Թատերագետ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ