Թևիդ կապած ես դուրս եկել, ուրեմն օգտագործել ես

Թևիդ կապած ես դուրս եկել, ուրեմն օգտագործել ես

Քաղաքացի Մ․ Բադալյանը դիմել է «Հրապարակի» խմբագրություն՝ բողոքելով Eiffel ժամացույցների խանութից։ Բանն այն է, որ քաղաքացին իր կնոջ համար ժամացույց է գնել, հետո տարել, որպեսզի փոխի այն մեկ այլ ժամացույցի հետ, սակայն նրան ասել են, որ այն արդեն օգտագործված է․ «Հարգելի խմբագրություն, դեկտեմբերի 15-ին երեկոյան ժամը 19-ի սահմանում կնոջս հետ Դալմա Գարդեն մոլի Eiffel-ի վաճառակետից գնեցինք 59.500 դրամ արժեցող կանացի ժամացույց:

Քանի որ այն մի փոքր մեծ էր, աշխատակիցը կարճացրեց՝ հարմարեցնելով կնոջս ձեռքի չափին: Այնտեղ առկա ժամացույցներից մեկը ևս դուր էր գալիս կնոջս, հետևաբար մենք հարցրինք՝ արդյոք հնարավո՞ր է փոշմանելու դեպքում բերել և ապրանքը ոչ թե վերադարձնել, այլ փոխանակել: Մեզ պատասխանեցին՝ այո: Ուստի ոչ թե մեկ օր, այլ մի քանի ժամ անց՝ դեկտեմբերի 16-ին` կեսօրին, մենք մոտեցանք Դալմա Գարդեն Մոլի Eiffel-ի վաճառակետ և խնդրեցինք փոխանակել ապրանքը: 

Վաճառողը պատասխանեց՝ ապրանքը չեն փոխանակում, քանի որ գործարանային տեսքից շեղվել է: Մեզ փոխանցեցին մենեջեր Լուսինեի հեռախոսահամարը: Նա պատասխանեց՝ տնօրենն ասում է՝ ում ուզում եք դիմեք, ապրանքը չենք փոխանակելու, կուզեք, դիմեք լրատվամիջոցներին, կուզեք, դիմեք սպառողների շահերով զբաղվող կազմակերպություններին: Այսինքն նոր ժամանակների Հայաստանում ոչինչ չի՞ փոխվել:

Ի դեպ, այսպես կոչված, սև ուրբաթի ժամանակ ևս, Eiffel-ի երևանյան խանութներում մոլորեցրել են հաճախորդներին»: 
Խանութի տնօրեն Արտյոմ Մկրտչյանը պնդում է, որ ժամացույցն օգտագործվել է, և էական չէ, որ մի քանի ժամ է օգտագործվել, բացի այդ գործարանային տեսքից շեղում կա, և որ իրենց աշխատակիցը տեղեկացրել է, որ օգտագործելու դեպքում ապրանքը ետ չեն վերցնում և չեն փոխանակում, մանավանդ, որ կինը ժամացույցը ձեռքին կապած է լքել խանութը։ Այդ դեպքում համարվում է, որ ժամացույցը արդեն օգտագործված է։

Բադալյանի կինը՝ Աննա Թադևոսյանն էլ ասաց, որ վաճառողը իրենց որևէ բան չի զգուշացրել, չի ասել, որ կարճացնելու կամ այն կրելու դեպքում ապրանքը չի փոխվում՝ հատկապես, որ 14 օր ժամանակ է հատկացվում, և եթե ինքը տուփով այն դուրս բերեր խանութից և տանը կրեր, ապա ոչ ոք չէր իմանա՝ ժամացույցը օգտագործե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ ժամացույցը կարճացրել է իրենց աշխատակիցը, այլ ոչ մեկ ուրիշ մասնագետ։

Հասկանալու համար, թե տվյալ դեպքում խանութի կողմից կա սպառողի իրավունքների ոտնահարում, կապվեցինք «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ, հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանի հետ։ Նրա խոսքով՝ գործարանային տեսքից շեղումների դեպքում բիզնեսը իրավունք ունի ապրանքը ետ չվերցնելու, նաև  էական չէ,թե ապրանքը որքան ժամանակ է օգտագործվել, մինևնույն է՝ այն համարվում է օգտագործված։
«Այսպիսի օրինակ բերեմ՝ մարդը շոր գնի, դրանով գնա հարսանիք և հետ բերի, դա հետ պետք է վերցվի՞, թե՞ չէ։ Ոչ, քանի որ օգտագործել է, նույնն էլ այս դեպքում, և էական չէ, թե որքան է օգտագործե»։ 
Իսկ հարցին, թե վաճառողը պարտավոր չէ՞ սպառողին տեղեկացնելու, թե որ  դեպքերում ապրանքը հետ չի ընդունվում, Բաբեկ Պիպոյանը ասաց, որ ներկայիս օրենքով պարտավոր չէ, սակայն իրենք փոփոխություններ են նախապատրաստում․
« Վաճառողը չի կարող գուշակել, թե որ դեպքում է ինքը իրը հետ վերցնելու։ Օրենքը չի ասում, որ պարտավոր է, մենք հիմա ուզում ենք, որ օրենքը ասի, թե որ դեպքում կարող են հետ բերել։ Ոչ թե որ դեպքերում կարող են հետ չբերել, որովհետև այդ դեպքերը շատ ավելի շատ են։ Պատրաստում ենք օրենքի փոփոխություն, որ բիզնեսը պարտավոր լինի այդպիսի վահանակ հրապարակել»։