«Ո՞վ է հիմա ապրում մինչև 85 տարեկան»․ Խնայդրամարկղի ավանդատուն հորդորում է փոխել ավանդների փոխհատուցման տարիքային շեմը

«Ո՞վ է հիմա ապրում մինչև 85 տարեկան»․ Խնայդրամարկղի ավանդատուն հորդորում է փոխել ավանդների փոխհատուցման տարիքային շեմը

Որոշել էի դիմել ՀՀ կառավարությանը, Սոցապ նախարարին, ԱԺ սոց.հարցերով մշտական հանձնաժողովին: Բայց իմանալով, որ այդ դիմումները մի կաբինետից մյուսն անցնելով ի վերջո չեն տա բավարարող պատասխան մտքերս հանձնում եմ մամուլին: Ինձ նման մարդիկ էլի կան, որոնք կհամաձայնվեն բարձրաձայնածս հարցի հետ:

Կյանքս ստացվեց այնպես, որ ես՝ ծն.1949 թ., 1979 թ օրինական ամուսնացա 1934 թ. ծնված մարդու հետ: Ունեցանք երկու երեխա ծն.1980 և 1981 թ.: 1994 թ. հունվարի 19-ին ամուսինս հանկարծամահ եղավ: Չենք ունեցել ոչ շարժական, ոչ էլ անշարժ սեփականություն: Բնակարանը սեփականաշնորհվել է իր մահից հետո իմ անունով: Մեր սերունդը վստահ լինելով լավ ապագայի վրա իր և իր ընտանիքի համար միջոցներ էր խնայում: Մենք էլ մեր երեխաների ապագայի, մեր նեղ օրվա համար մեր խնայած գումարները որպես ավանդ ամուսնուս անունով պահում էինք խնայդրամարկղում:

Այս տարի ավանդների փոխհատուցման հերթը հասավ 1934 թ. ծնվածներին: Մեծ հույսով բոլոր փաստաթղթերը 2019 թ. մարտի 5-ին ներկայացրեցի ՎՏԲ բանկ փոխհատուցման պահանջով: Օրենքով սահմանված 90-ի փոխարեն 115 օր հետո հեռախոսազանգով հունիսի 28-ին Մալաթիա-Սեբաստիա ՍԱՏ բաժնից հայտնեցին, որ դիմումիս պատասխանը ստացվել է: Մինչ այդ իմ բանավոր հարցմանը պատասխանել էին, որ ես փոխհատուցում կարող եմ ստանալ միայն 1949 թ. ծնվածների հերթով, այն էլ 50 % չափով:

Ես մանրամասն (մոտ 120 էջ) ուսումնասիրել եմ 07.01.2005 թ, ընդունված ավանդների փոխհատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքը, կիրարկման մեխանիզմները, կառավարության որոշումները: Ոչ մի տեղ, ոչ մի հոդվածում գրված չէ, որ մահացած ավանդատուի ամուսինը իրեն հասանելիք 50 % պետք է ստանա ըստ իր ծննդյան թվի և մեկնաբանում են ով ինչպես հասկանում է:
Այդ տարիներին, հասկանելի է, բյուջեից գողանում էին բոլորը, ում ձեռքը հասնում էր, ինչ-որ հաշվարկներ արվել են այդ ժամանակների իրավիճակից ելնելով: Այժմ իրավիճակ է փոխվել: Ստացվում է, որ հանգուցյալ ավանդատուն իր հետ հանդերձյալ աշխարհ է տարել իր բաժինը, թողնելով զավակներին ձեռնունայն, իսկ ամուսինն էլ դատապարտված է 85 տարի գոյությունը քարշ տալու:

Հաջորդ հարցս-ՀՀ կառավարությունը սահմանել է նաև փոխհատուցման հաշվարկը: Իմ օրինակով ստացվում է, որ երբ հաշվում եմ յուրաքանչյուր խնայգրքույկի գումարը առանձին փոխհատուցման գումարը կազմում է 708.505 դր, որի 50 % ≈ 354.000 դրամ: Կառավարության որոշմամբ մի քանի խնայգրքույկների գումարը հաշվվում է որպես մեկ ընդհանուր գումար, իմ օրինակով այդ դեպքում փոխհատուցման գումարը կազմում է 386.544 դր., որի 50% ≈ 193.272 դր:
Ստացվում է, մեկ գրքույկի վրա 5200 ռուբլի ունեցող 85-ամյա զառամյալ ավանդատուն ստանում է նույնքան փոխհատուցում, որքան որ ինձ նման ավանդատու ամուսին կորցրած 52000 ռ խնայողություն ունեցողը:
Ընդունե՛ք, որ սա խայտառակ զավեշտ է, նվաստացուցիչ փոխհատուցում, վիրավորական է: Շատ ամոթ է, որ օրենքը պարտադրում է հասնել 85 տարեկան հասակի:

Շատ կուզենայի, որ այս հոդվածը կարդային պատկան մարմինների բարձր պաշտոնյաները, կառավարության անդամները: Հիմա իրավիճակ է փոխվել, բյուջեն լցվում է, չի թալանվում: Ոչ թե մի քանի անգամ բարձրացրեք առանց այդ էլ շատ բարձր աշխատավարձերը, այլ լուծեք մեր նման ամբողջ կյանքում երկիրը կառուցած տարեցների սոցիալական հարցերը:
Ամոթ է, փոխեք փոխհատուցման ստացման տարիքային շեմը, ո՞վ է հիմա ապրում մինչև 85 տարեկան հասակը: Մի զրկեք ընտանիքի անդամներին իրենց համար խնայված այդ խղճուկ փոխհատուցման գումարից:
Մենք Հայաստանի հպարտ քաղաքացիներն ենք, աշխատել և պայքարել ենք: Եղեք արդար և թույլ մի տվեք հիասթափվել:

Թամարա Միրազիզյան