Ռուսաստանը որոշակի քայլերով փորձում է Հայաստանը բերել ռուսական հարթակ

Ռուսաստանը որոշակի քայլերով փորձում է Հայաստանը բերել ռուսական հարթակ

Ռուսական կողմի խոսակցությունները խաղաղության պայմանագրի ու այլնի մասին տրամաբանական են՝ իրենց շահերից իսկ ելնելով, իրենք փորձում են կատարվածից հետո գոնե վերահսկողությունը բանակցությունների ու դրա արդյունքների վրա իրենց ձեռքը վերցնել, հետևաբար՝ տրամաբանական է, որ իրենք փորձելու են տարբեր մեսիջներով բերել հայկական կողմին իրենց բանակցային հարթակ։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Պատահական չէր, որ ընդամենը նախօրեին մենք տեղեկացանք, որ Ռուսաստանի Պետդուման որոշում է կայացրել դիզվառելիքի հատուկ մատակարարումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն, այսինքն՝ ինչ-որ գործողություններ են իրենք, այնուամենայնիվ, անում, որ խթանեն Հայաստանի կողմնորոշվելը դեպի ռուսական հարթակ։ Այն հարցին՝ արցախցիների վերադարձ Արցախ հնարավո՞ր է, եթե նույնիսկ Ադրբեջանը երաշխավորի հայերի անվտանգությունն ու ապահովությունը, քաղաքագետն ասաց, որ Արցախի Հանրապետության տարածք արցախցիների պոտենցիալ վերադարձի մասին խոսում են թե արևմտյան չինովնիկներն ու պաշտոնյաները, թե ռուսական կողմի ներկայացուցիչները։

«Ավելին, հիշեցնեմ, օրերս Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն իր բավականին ծավալուն հարցազրույցում անդրադարձել էր այս խնդրին, նշելով, որ կարևոր է, որ խաղաղության պայմանագրում հստակ ընդգծվեն արցախահայերի խաղաղության և անվտանգության երաշխիքների հարցը։ Տրամաբանական է, որ իրենք փորձելու են այդ անվտանգության երաշխիք ասվածի տակ ձևակերպումներ տալ, որոնք թույլ կտան ռուս խաղաղապահներին նաև 2025 թվականից հետո մնալ Արցախի Հանրապետությունում։ Նաև սրանով շահագրգռված լինելով, Պուտինը խոսում էր այն մասին, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան, այնուամենայնիվ, որ որոշակի հայկական ներկայություն ապահովեն Արցախում»,-ասաց քաղաքագետը։

«Եթե հայերի մի խումբ վերադառնա Արցախ, ապա դա իսկապես հնարավորություն կտա ռուսներին Արցախում շարունակել իրենց խաղաղապահական առաքելությունը ու սա իսկապես հնարավորություն է ռուսների համար։ Ինչ վերաբերվում է արցախահայերի` Արցախ վերադառնալու հարցին, մի կողմ թողնելով ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի ու Եվրամիության դիրքորոշումը, Հայաստանի իշխանությունները հավուր պատշաճի ընդունելություն չեն կազմակերպել այդ մարդկանց համար, տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են ապրել այնպիսի պայմաններում, որոնք կեցության համար անմարդկային են, բացի այդ, մենք տեսնում ենք, որ եթե չլիներ քաղաքացիական հասարակության, անհատների, նաև ընդդիմության ներկայացուցիչների աջակցությունը, շատ բարդ կլիներ ստեղծված իրավիճակում հարցերի լուծումն իրականացնել։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ մեծամասնությամբ իսկապես սրտացավ են, փորձում են արցախահայերին օգնել, թե կեցավայրի, թե աշխատանքի, հագուստի, սննդի հետ կապված, բայց եկեք անկեղծ լինենք, ոչ մի անհատ չունի այն հնարավորությունները, որոնք ունի պետությունը։ Իսկ պետությունը որերորդ անգամ է թերանում ճգնաժամային իրավիճակում ճիշտ մենեջմենթ իրականացնելու հարցում։ Դա եղավ քովիդի ժամանակ, դա եղավ 44-oրյա պատերազմի ժամանակ, դա լինում է հիմա, երբ որ արցախցիները փաստացիորեն ցեղասպանության ենթարկվելով տեղափոխվեցին Հայաստան՝ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրենք կառավարությունից համապատասխան աջակցություն չեն ստանում»,- նկատեց վերջինս։

Քաղաքագետը շեշտեց, որ բռնագաղթված արցախցիները Արցախում ունեցել են որոշակի մասնավոր սեփականություն, մի կողմից տեսնում ենք, որ Ադրբեջանը հարց է բարձրացնում այն մասին, որ մենք պետք է ինչ-որ ռեպարացիաներ իրենց վճարենք, քանի որ իրենց ձևակերպմամբ «օկուպացրած» ենք պահել Արցախը։ բայց չէ որ հայկական իշխանությունները կարող են հարց բարձրացնել այն մասին, որ հայերը դուրս են եկել Արցախից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների պատճառով ու իրենք ունեն իրավունք՝ իրենց մասնավոր սեփականությունը պաշտպանելու հարց, սակայն այս իշխանությունները դա էլ չեն անում։