Քանի՞ քաղաքացի է ստանալու ավանդների փոխհատուցում և ովքե՞ր կարող են դիմել

Քանի՞ քաղաքացի է ստանալու ավանդների փոխհատուցում և ովքե՞ր կարող են դիմել

2021 թ. ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 1,2 մլրդ դրամ՝ շուրջ 6,500 անձի ավանդի փոխհատուցման համար: 

Այս մասին մեզ հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժնից։ Մենք նրանցից հետաքրքրվել էինք, թե որքա՞ն գումար է նախատեսված ավանդների փոխհատուցման համար, քանի՞ քաղաքացու է այն տրամադրվելու և ո՞ր թվականի ծնված:

Նախարարությունից տեղեկացրին, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը սկսվել է 2006 թվականից և կրելով շարունակական բնույթ՝ տարբեր ժամանակահատվածներում դիմելու իրավունք է տրվել որոշակի սոցիալական խմբերի: Ավանդի դիմաց փոխհատուցում ստացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունն՝ ըստ տարիների, անձանց և վճարված գումարի չափը կցվում է: 

2006-2021 թթ. նախատեսվել է 22,1 մլրդ դրամ, որից վճարվել է 112,911 անձի ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 19,6 մլրդ դրամ գումարի չափով: Ընդ որում՝ 2021 թ. նախատեսված գումարից վճարվել է դեռևս միայն հունվար ամսին: Ավանդի դիմաց փոխհատուցման ծրագիրը շարունակական բնույթ ունի և, եթե փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք իրենց տարիքային սոցիալական խմբին համապատասխան իրավունքի սահմանման ժամանակահատվածում չեն դիմել՝ իրազեկված չլինելու պատճառով, ապա կարող են 2021 թ. ընթացքում դիմել, քանի որ գործող ծրագրով սահմանվել է շահառուների տարիքով պայմանավորված նվազագույն շեմը: Օրինակ՝ եթե մինչև 1936 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար չեն դիմել 2020 թվականին, ապա կարող են դիմել 2021 թ. ընթացքում, քանի որ 2021 թ. ևս ունեն դիմելու իրավունք (մինչև 1938 թ. ծնված են)»,-ասացին մեզ նախարարությունից։