Ինչ կարող է տեղի ունենալ Թուրքիայում այս՝ նախընտրական տարում

Ինչ կարող է տեղի ունենալ Թուրքիայում այս՝ նախընտրական տարում

Ամերիկյան Bloomberg պարբերականը գրում է, որ ընթացիկ տարին վճռորոշ կլինի Թուրքիայի համար, քանի որ այս տարի այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների արդյունքները կորոշեն թե ինչպիսի հաշվարկներ պետք է կազմեն աշխարհաքաղաքական եւ տնտեսական առումով Մոսկվայում եւ Վաշինգտոնում, ինչպես նաեւ՝ եվրոպական մայրաքաղաքներում։ Ավելի պատկերավոր ասած՝ այն ինչ տեղի է ունենալու Թուրքիայում, չի մնալու Թուրքիայի ներսում, քանի որ Թուրքիան թեեւ միջին կարգի պետություն է, սակայն մեծ տերությունները թուրքական ընտրությունների հետ ունեն իրենց հաշվարկները։ Իրականությունն այն է, որ Էրդողանը բավականին զգալի ձեռքբերումներ ունեցել է, տեւականորեն գտնվելով իշխանության ղեկին։

Սակայն թե «տանը» եւ թե «տանից դուրս» նրա ընտրական հեռանկարները բավականին հակասական զգացողություններ են առաջացնում։ Եւ մեծ տերություններից նրանք, որոնք կողմ են, որ Էրդողանը հեռանա, չեն կարող լավատեսական զգացումներ ունենալ կապված այն հարցի հետ, թե ինչ է լինելու հետո, քանի որ հատկապես Արեւմուտքում ուրախ կլինեն, որ հունիսի 19-ը լինի Էրդողանին հրաժեշտ տալու վճռորոշ օրը։ Արեւմուտքում քիչ «ատամներ» չունեն Էրդողանի վրա, ով խաթարել է ՆԱՏՕ-ի անվտանգային միասնական տարածքը, ձեռք բերելով Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության համակարգեր, պառակտել դաշինքը, արգելափակել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին, բազմաթիվ անգամներ սպառնացել, որ կբացի իր սահմանները եւ միգրանտների բազմահազարանոց հոսքերը կուղղի դեպի Եվրոպա, վերջին ամիսներին էլ սպառնում է Հունաստանին։ Էրդողանի կառավարման օրոք Անկարա-Վաշինգտոն հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես մեղադրում են ԱՄՆ-ին՝ Էրդողանի դեմ հեղաշրջում կազմակերպելու եւ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։ ԱՄՆ եւ Եվրոպայի համար թերեւս ավելի ձեռնտու կլիներ միջազգային քաղաքական թատերաբեմը տեսնել առանց Էրդողանի, հատկապես եթե հաշվի է առնվում նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա ջերմացումը՝ Ռուսաստան-Արեւմուտք կարելի է ասել՝ այժմյան աննախադեպ առճակատման ֆոնին։ Եթե Թուրքիան համարենք Արեւմուտք, ապա Էրդողանն Արեւմուտքի լիդերներից միակն է, ով կարողանում է «լեզու գտնել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Իհարկե, չի կարելի մոռանալ, որ նա կարողացավ անցյալ տարի ամռանը նպաստել, որ «Հացահատիկային գործարքը» կայանա, սակայն նրա արդյունավետույունը սահմանափակ է, քանի որ շատ հարցերում նա չի կարողանում ազդել Պուտինի վրա։ Արեւմուտքում իհարկե, դեռ հույս ունեն, որ կկարողանան Էրդողանին «մոլորությունից հետ բերել» սակայն մոռանում են, որ օրըստօրե նրա աշխարհայացքն ավելի արմատական է դառնում, իսկ հավակնությունները հատկապես անմիջական հարեւանների հետ հարաբերություններում, դառնում են ավելի ու ավելի խիզախ եւ նա ոչ թե փորձում է լրացնել ամերիկյան եւ եվրոպական ազդեցությունը, այլ փորձում է դրանք փոխարինել թուրքական ազդեցությամբ։

Այս բավականին բարդ ու նրբազգաց իրավիճակում եթե Էրդողանը հունիսին պատություն կրի, ապա նրա հաջորդը Թուրքիան՝ Արեւմուտքի համար արտաքին քաղաքական իմաստով ավելի հարմարավետ երկրի կվերածի, սակայն դա չի լինելու անմիջապես, այլ աստիճանաբար։ Չպետք է մոռանալ, որ երկու տասնամյակ է, ինչ Էրդողանն իշխանության ղեկին է արդեն ու թուրքական պետական ինստիտուտները, բանակը, գիտական շրջանակները, կրոնական վերնախավն ու մամուլը բերնեբերան լցրել է իր գաղափարակիցներով, որոնց մեկ օրում հնարավոր չի լինի ասպարեզից մի կողմ տանել ու փոխարինել այլ կադրերով։ Թուրքիայի նոր նախագահը նախ պետք է ձեռնամուխ լինի Էրդողանի կառուցած շենքի ապամոնտաժմանը, իսկ դա այնքան էլ հեշտ բան չի լինի, քանի որ նրա էրդողանական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը դեռ զգալի ներկայություն կպահպանի պառլամենտում եւ կատաղի դիմադրություն կցուցաբերի։

Ի վերջո, Էրդողանին էլ տասնամյակներ պահանջվեց, որպեսզի կազմաքանդի դեռ Քեմալ Աթաթուրքի կողմից ստեղծված խորապես աշխարհիկ թուրքական պետական համակարգը եւ այն փոխարինել իր կրոնասեր-արմատական համակարգով։ Եվ ի վերջո, թուրքական հասարակայնությունը բավականին հակասական տրամադրություններ ունի եւ չի կարելի հստակ ասել, թե վերջին պահին ինչպես կքվեարկի շարքային թուրք քաղաքացին։ Ի վերջո, ցանկացած սոցհարցում, որքան էլ հասարակական-քաղաքական տրամադրություններ ու մտայնություններ է չափում, սակայն չմոռանանք, որ գործ ունենք ոչ այնքան ստանդարտ Էրդողանի եւ քաղաքական առումով բավականին յուրօրինակ մոտեցումներ ունեցող թուրքական հասարակության հետ։