Ադրբեջանը հաստատեց

Ադրբեջանը հաստատեց

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է, ադրբեջանական կողմը նահանջել է՝ չեզոք գոտում թողնելով դիակ: Այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «հերքում» է տարածել, ըստ որի՝ «մերձճակատային գոտու զորամասերից մեկի զինծառայող Ռամին Շավքեթ օղլու Աբդուլռահմանովը, որը մոլորվել էր հակառակորդի դիրքի դիմացի տարածքում, սպանվել է»:

Հակառակորդի ռազմական գերատեսչությունը նաեւ հայտնում է, որ զինծառայողի դիակն «անվտանգ դուրս բերելու նպատակով ադրբեջանական կողմը դիմել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությանը»: Ինչպես հասկացվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունից, սպանվածը ժամկետային շարքային չէ, ինչը բացառում է, որ նա մոլորվեր հայկական դիրքի դիմացի տարածքում: Ի մի բերելով չափազանց սուղ տեղեկատվությունը, կարելի է ասել, որ Ադրբեջանը փաստացի հաստատում է իր կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին Արցախի ՊԲ տարածած հաղորդագրությունը: Ուշագրավ է, որ այդ սադրիչ քայլին ադրբեջանական կողմը դիմել է Նյու-Յորքում արտգործնախարար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը զուգահեռ, մի հանգամանք, որ կասկածի տակ է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: Արժե՞ քաղաքական երկխոսություն շարունակել մի երկրի հետ, որը հետեւողականորեն փորձում է սրել իրավիճակը: