Թուրքն էլ իր յաթաղանով գա՝ մնալու ենք մեր տեղում

Թուրքն էլ իր յաթաղանով գա՝ մնալու ենք մեր տեղում

Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե Արցախում ինչպես են ընդունել նախօրեին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կա՛մ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ առկա խնդիրներին լուծում չի լինելու»։ Արցախցիները հնարավոր համարո՞ւմ են որեւէ ինտեգրացիոն գործընթաց Ադրբեջանի հետ։

«Դա պարզապես խոսակցություն է, որովհետեւ արցախցին միշտ կանգնել է իր դիրքորոշման վրա, այնպես որ՝ ինչ ուզում են, թող ասեն, խոսեն, միեւնույն է, մենք մեր որոշումից ձեռք չենք քաշելու, մենք մեր գիծն առաջ ենք տանելու։ Ամբողջ աշխարհն էլ մեզնից ձեռք քաշի, եթե անգամ մնանք մենակ, ու թուրքն էլ իր յաթաղանով գա, սրի քաշի, բոլորին կոտորի, մենք մնալու ենք հաստատակամ մեր տեղում։ Գնացողներ գուցե լինեն, որովհետեւ ամեն տեղ էլ անհայրենասեր մարդիկ լինում են, բայց ընդհանուր ժողովրդի տրամադրությունը նորմալ է։ Մեկ է, ինչ ուզում են անեն, կանաչն արդեն դուրս է գալիս, եթե անգամ Հայաստանից ինչ-որ բան էլ չհասնի Արցախ, մենք մեր կանաչով յոլա կգնանք եւ ամեն ինչ էլ կանենք։ Այնպես որ՝ այդ հայտարարությունները լուրջ ընդունող չկա, մենք գնում ենք գործի, գալիս ենք, հանդիսատես է գալիս մեր ներկայացումներին, իսկ մեր հարեւան կոչեցյալներն այդ սադրանքները միշտ էլ արել ու անելու են, իրենց այդ խաղաղության պայմանագրին էլ հավատացող չկա»,- նշեց Ք․ Հարությունյանը։