Բա էլ կուրանալը ո՞րն է․ տուժածի հարազատի պատասխանը առողջապահության նախարարությանը

Բա էլ կուրանալը ո՞րն է․ տուժածի հարազատի պատասխանը առողջապահության նախարարությանը

Որպեսզի պարզենք, թե «Avastin» դեղամիջոցից տուժածները նախապես զգուշացվե՞լ են հնարավոր կողմնակի ազդեցությունների և հետևանքների մասին, և տվե՞լ են արդյոք իրենց համաձայնությունը՝ այդ դեղամիջոցը իրենց ներարկելու վերաբերյալ , կապվեցինք տուժածներից մեկի հարազատի հետ, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ ոք էլ իրենց չի տեղեկացրել ու ոչ մի փաստաթուղթ էլ չեն ստորագրել։

Դեռ ավելին մեզ փոխանցեցին, որ վերոնշյալ դեղամիջոցը կենտրոնը չի ստանում, այլ գլաուկոմայի բաժնի վարիչ Լուսինե Ոսկանյանն է գնել ու ներարկել, տնօրենի տեղակալ Սմբատ Օհանյանը լրագրողներից մեկին  ասել է, թե այդ հարցով Ոսկանյանին պետք է դիմել, ինքը գործ չունի․
« Իբր էկսպերտիզայի են տվել, տեղակալն ասում է՝ լիարժեք պատասխանները չկա, բայց նախնականով ասել են, որ ցուպիկային հարուցիչ կա, էդ ցուպիկն էլ կղանքի վիրուս է։ Երբեք շվեցարական ֆիրման դա թույլ չէր տա, ամեն ինչի պատճատը այդ հիվանդանոցի փնթի պայմաններն են»,- հավելեց տուժածի հարազատը։ 

Նա  նաև հարկ համարեց անդրադառնալ առողջապահության նախարարության տարածած հերքմանը, որով նրանք հերքում էին «կուրության փաստը»․

«Որ դու 40 կամ 30 տոկոս տեսողություն թողնես, դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է փրկե՞լ մարդուն, հազիվ շողքն է տարբերում։ Բորբոքային պրոցեսը որ մաքրում են, սիլիկոն են դնում աչքի հատակին, որպեսզի թույլ չտա, որ վիրուսը տարածվի, հետո դա հեռացնում են։ Հիմա էլ գցում են սիլիկոնի վրա, իբր դրա պատճառով չի տեսնում։ Իրենց ասածը սուտ է, որ չի կուրացել, բա էլ կուրանալը ո՞րն է, դուք մեզ հույս չեք տալիս, որ վերջում այդ մարդը նորմալ տեսնելու է»։