ՀՀԿ-ի օրինակով՝ Հայկ Սարգսյանն արդեն տոկոսներ է խփում

ՀՀԿ-ի օրինակով՝ Հայկ Սարգսյանն արդեն տոկոսներ է խփում

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր 2013-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում հայտարարում, թե «ինչքան ուզես, էնքան կխփենք»։
«Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80, 70, թե՞ 60, էդ ա»,-Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ ասել էր Սարգսյանը՝ պատասխանելով իր շանսերի վերաբերյալ լրագրողի հարցին։ Նրա այս մեծամիտ հայտարարությունը մինչ օրս հիշում են ու երեսով տալիս։

Հիմա նույն արատավոր ճանապարհով գնում են այս իշխանություններն ու նրանց օդիոզ դեմքերը։ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում պարբերաբար «տոկոսներ խփելու» վերաբերյալ նկարներ է հրապարակում ու գրառումներ անում։

Օրինակ՝ Նորակերտ համայնք կատարած այցից հետո նա լուսանկար է հրապարակել ու գրել․ «Նորակերտի հզորները խոստացան 90% խփել»։ 

Մեծ Մասրիկ այցից հետո էլ լուսանկարին կից գրել է․ «Մեծ Մասրիկում՝ 70 տոկո՞ս»։
Ու չնայած Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշը գնալով ընկնում է՝ հասնելով արդեն 18-20 տոկոսի, բայց իմքայլականներն իրենք իրենց հույս են տալիս ու դեռ ընտրարշավը չավարտված՝ «տոկոսներ խփում» տարբեր համայնքներում։ Փաստորեն, նրանք ոչ միայն իրենց սխալներից դասեր չեն քաղում, այլեւ անգամ ուրիշների, այս դեպքում՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի սխալների վրա չեն սովորում, ինչպես անում են խելոք մարդիկ։ Փաշինյանն ու իր թիմակիցներն այս երեք տարում դեռեւս միայն կրկնել ու կրկնապատկել են նախկինների թույլ տված սխալները։

Եվ հետաքրքիր է, թե ինչի կամ ում հաշվին է Հայկ Սարգսյանն այդքան վստահ, որ նման բարձր «տոկոսներ են խփելու»՝ թաղային ու քրեական հեղինակությունների՞, որոնք այս օրերին ՔՊ-ի շտաբներից դուրս չեն գալիս եւ տարբեր վայրերում դիմավորում են Նիկոլ Փաշինյանին, թե՞ ցածր ինտելեկտ ունեցող ու զոմբիացման հասած զանգվածի, որոնք, վստահաբար, մեծ տոկոս չեն կազմում մեր երկրում։