Հաշվեքննիչ պալատն աղաղակող փաստեր է հայտնաբերել հեղափոխականների թալանի մասին

Հաշվեքննիչ պալատն աղաղակող փաստեր է հայտնաբերել հեղափոխականների թալանի մասին

Մինչ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջագայությունների ընթացքում իր բոլոր մեղքերն ու ձախողումները փորձում է բարդել նախկին «թալանչիների» վրա ու ասում, որ նրանք են զինվորի հացի ու բանակի փողը տասնամյակներ շարունակ գողացել, եւ հենց դրա պատճառով է, որ ունենք այն, ինչ ունենք, իսկ իրենք  թալանով չեն զբաղվում, բյուջեն չեն մսխում, Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունից պարզ է դառնում, որ Փաշինյանի իշխանության ներսում կոռուպցիոն դրսեւորումները չեն զիջում նախկին երեւույթներին։ Այսինքն՝ հեղափոխականներն էլ են աչքի ընկնում բյուջեից միլիոններ գրպանելու մեծ ախորժակով։ Նախ կարեւոր է նշել, որ ՀՊ-ն ոչ թե գերատեսչությունների ծախսերն ամբողջությամբ է ուսումնասիրում, այլ դրանց մի մասը՝ ընտրովի։

Այսպիսով՝ 2020 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանի աշխատակազմում եղել են աշխատակիցներ, ովքեր աշխատավարձից ավելի պարգեւավճարներ են ստացել։ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր եւ հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ վարչապետի աշխատակազմին, որի շուրջ կեսը՝ որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգեւավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր սոցվճարներ։ Պարգեւավճարներն ամենաքիչը տրվել են պատերազմի մեկնարկին՝ հոկտեմբեր ամսին, պարգեւատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ սեպտեմբերին պարգեւատրվել է 504 աշխատակից՝ ընդհանուր 56 միլիոն դրամի։ Մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել ե՛ւ պարգեւատրվողների թիվը, ե՛ւ պարգեւավճարի չափը՝ 500 աշխատակից ստացել է մոտ 235 միլիոն դրամ, միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր աշխատակցի մոտ կես միլիոն՝ 500 հազար դրամ պարգեւավճար է տրվել։ Պատերազմում կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը թերեւս այս ճանապարհով է որոշել կանխել թիմից արտահոսքը եւ իր կողքին պահել աշխատողներին։ Պալատի զեկույցում նշված է, որ աշխատավարձի չափը գերազանցող պարգեւավճարը հակասում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կետին, ըստ որի՝ այն չպետք է գերազանցի մինչեւ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը։

Պարգեւավճարների հարցում նույնքան շռայլ են գտնվել նաեւ առողջապահության նախարարությունում, երբ նախարարն Արսեն Թորոսյանն էր, ով այսօր կառավարության աշխատակազմն է ղեկավարում։ Նա պաշտոնյաներին վճարել է ավելի քան 56 մլն դրամի պարգեւավճար: Դա եղել է  Քովիդ-19 համավարակի դեմ պայքարի ծրագրերին կառավարության հատկացրած մոտ 26,5 մլրդ դրամից: Մինչդեռ, ըստ ՀՊ հաշվետվության, այդ ծրագրերով նախարարության աշխատակիցների համար պարգեւավճարների գումար նախատեսված չի եղել: «Նախարարությունը, չպահպանելով կառավարության որոշումների պահանջը, 2020-ին 56 միլիոն դրամ վճարել է որպես պարգեւավճար: Հաշվեքննության ընտրանքում ներառված 11 աշխատակիցների վերոնշյալ գումարից վճարվել է մոտ 15 միլիոն դրամ պարգեւավճար»,- նշված է ՀՊ ուսումնասիրության մեջ:

Հինգ աշխատակցի էլ վճարվել է 14 մլն-ական դրամի պարգեւավճար: Պալատը շեշտում է, որ, գործող օրենքի համաձայն, հատուկ առաջադրանքի եւ որակյալ աշխատանքի համար պետական ծառայողը կարող է պարգեւատրվել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից: Մինչդեռ  ուսումնասիրության արդյունքում բացահայտել են, որ պարգեւատրված 22 աշխատակիցներից որեւէ մեկին հանձնարարված չի եղել այնպիսի առաջադրանք, որը պարգեւատրման հիմք կլիներ: Դրանից բացի, պարգեւատրումը գերազանցել է օրենքով սահմանված չափը:

Մասնավորապես, փոխնախարար Լ․ Ն․-ն (Լենա Նանուշյան) մարտ-հունիս ամիսներին 4 մլն 250 հազար դրամի փոխարեն պագեւատրվել է 7 մլն 349 հազար դրամով, կատարվել է մոտ 3 մլն դրամի չափով ավելի վճարում: Նման կարգով պարգեւավճարներ ստացել են նախարարության այլ աշխատակիցներ եւս: Առողջապահության նախարարությունը խախտումներ է թույլ տվել նաեւ արձակուրդային նպաստների վճարումներում: Նույն Լ. Ն.-ն, 2020-ի արձակուրդն ամբողջությամբ չօգտագործած, ստացել է եւս երեք օր այս տարվա հասանելիք արձակուրդից եւ ստացել է 1 մլն 761 հազար դրամ արձակուրդային նպաստ: Պալատը նշում է, որ նրան արձակուրդից հետ կանչելիս չեն պահպանվել օրենքի պահանջները: Եղել են նաեւ չնախատեսված հաստիքներ, օրենքով սահմանված չափը գերազանցող աշխատավարձեր եւ այլ բնույթի խախտումներ:

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ 2019-ի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ, երբ նախարարի պաշտոնում Զարուհի Բաթոյանն էր։ Այստեղ էլ համատարած խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կառույցը հայտնաբերել է, որ մի շարք մատակարարված ապրանքների քանակները կա՛մ ավել, կա՛մ նվազ են եղել պայմանագրով սահմանված չափաքանակներից: Խոր ռիսկային է համարել պայմանագրով սահմանված 220 խնամվողի համար 300 հատ բրդյա սվիտերի գնումը: 

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ն իր հաստիքացուցակը հաստիքային յոթ միավորով ավելի է սահմանել՝ չպահպանելով պահանջը, եւ դրա հետեւանքով տարեկան 14,8 մլն դրամով ավելի աշխատավարձի ֆոնդ է հատկացվել: Իսկ 2019-ին մանկատանն արձանագրվել է աշխատակիցների աշխատավարձերի եւ հավելավճարների 5,2 մլն դրամի գերածախս: Խախտումներ ու չարաշահումներ են հայտնաբերվել նաեւ Վարդենիսի եւ Երեւանի թիվ մեկ տուն-ինտերնատներում, գրեթե բոլոր տեղերում արձանագրվել է, որ կառույցների սանիտարահիգիենիկ վիճակը պարզապես անմխիթար է։

Ավելի խայտառակ փաստեր էլ կան՝ պարզվել է, որ քաղաքացին մահից 2 օր հետո պրոթեզավորվել է, պետական ծրագրերով լսողական սարքեր եւ հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել անձանց համար, ովքեր երկրում չեն, սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավելի են եղել, քան նախատեսված է եղել մրցութային ծրագրով եւ կնքված պայմանագրում, 16 միլիոն դրամից ավելի գերածախս են տվել անօթեւանների համար նախատեսված ծրագրով, նաեւ կադաստրում խախտումներով անշարժ գույքի տարբեր գործարքներ են կատարվել տուն-ինտերնատի բնակիչների անունով։ Կառույցի գնահատմամբ՝ պետությանը միայն սոցապի գծով հասցված վնասի չափը կազմել է 3.4 մլրդ դրամ: 

Կառույցը բացահայտել է նաեւ, որ բարձր տեխնոլոգիաների  նախարարությունը 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովի համար ԱՏՁՄ ՀԿ-ին 750 հազար դոլարի դրամաշնորհ է փոխանցել, որպեսզի ՀԿ-ն համաժողովի մասնակիցներից հավաքված գումարներով պետբյուջեի 750 հազար դոլարը հետ փոխանցի, բայց ՀԿ-ն կառավարությանն է դիմել գումարը հետ չվերադարձնելու խնդրանքով, կառավարությունն էլ բավարարել է ՀԿ-ի դիմումը եւ, չգիտես ինչու, ներել է այդ գումարը։ 

Ներկայացված փաստերն ընդամենը մի քանի գերատեսչության մի քանի ոլորտային ուսումնասիրության արդյունքներն են։ Առաջիկայում կներկայացնենք Հաշվեքննիչ պալատի այլ բացահայտումներ եւս, որոնք վկայում են, որ իշխանությունների՝ կոռուպցիայից զերծ լինելու մասին խոսակցությունները լեգենդներ են՝ հյուսված մարդկանց խաբելու համար։