Մարդը երաշխիքներ է ուզում 

Մարդը երաշխիքներ է ուզում 

Սեփական կուսակցության անդամների էլիտայի հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյան Նիկոլը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման առանցքային պահանջներից մեկը: Դա, բնականաբար, Արցախի ինքնորոշման իրավունքը չէ, քանի որ դրանից Նիկոլը հրաժարվել է վաղուց: Հատկապես՝ 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո: Դա, ըստ «Հրապարակ»-ի, այն է, որպեսզի «փաստաթղթում արձանագրվեն բոլոր այն երաշխիքները, որ պայմանագրի կնքումից հետո տարածաշրջանում կապահովվի տևական խաղաղություն»:

Նույնիսկ զարմանում եմ, որ Նիկոլը նման պահանջ է ներկայացրել Իլհամին, ու վերջինս անմիջապես չի համաձայնվել դրան: Քանի որ, որպես թուրք ազգի արժանավոր զավակ, Իլհամը կարող է խոստում տալ՝ թեկուզ լինի այն թղթի վրա գրված, ստորագրված ու կնքված, իսկ այնուհետև անհրաժեշտության և հնարավորության դեպքում խախտել այն: Եթե որևէ մեկը կասկածում է ասվածի իրավացիությանը, ապա հեռու գնալ պետք չէ: Ընդամենը պետք է բացել մեր ժողովորդի՝ 20-րդ դարասկզբի պատմության դասագիրքը: Եվ դրանում կարդալ Օսմանյան կայսրությունում «երիտթուրքերի» հեղաշրջման (1908 թ.-ի հուլիս) օրերին հայերի հետ բարեկամության խոստումների և դրանից մեկ տարի չանցած (1909 թ.-ի ապրիլ) Ադանայի կոտորածների մասին:

Իհարկե, նիկոլական էլիտան կարող է ասել, որ 100 տարվա ընթացքում աշխարհում հսկայական փոփոխություններ են կատարվել: Արևմտյան աշխարհում հաստատվել է ժողովրդավարություն, Եվրոպայում ձևավորվել է Եվրոպական Միություն կոչված կառույցը, կայացել է անվտանգային ժամանակակից օրակարգ: Օրինակ, հենց այս օրերին Փաշինյան Նիկոլը մասնակցում է Մյունխենի (Գերմանիա) անվտանգության համաժողովին: Ասեմ, որ անվտանգային ժամանակակից օրակարգն արդեն քանդված է, իսկ նորը դեռևս չի կայացել: Եվ նման համաժողովների դերը հենց նոր օրակարգի ձևավորմանն աջակցելն է: Իսկ երբ արդեն չի գործում հինը, սակայն դեռևս չի ձևավորվել նորը, ոչ մի երաշխիք էլ չի կարող լինել կայուն: Նույնիսկ հին երաշխիքներն արդեն չեն գործում՝ ուր մնաց, թե գործեն նորերը: 

Միջազգային երաշխիքների չգործելու թարմ օրինակներից մեկը Բուդապեշտյան հուշագիրն է: Այն ստորագրվել է 1994 թվականին՝ Ուկրաինայի ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից: Հուշագիրը հաստատել է Ուկրաինայի անվտանգային կարգավիճակը միջուկային զենքից հրաժարվելու դեպքում: Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ կազմաքանդումից հետո խորհրդային միջուկային զենքը հայտնվել էր ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում, Ղազախստանում և Բելառուսում: Միջուկային զենքի չտարածման նպատակով ԱՄՆ նախաձեռնությամբ հիշատակված երեք երկրներն իրենց մոտ եղած զենքը հանձնեցին Ռուսաստանին: Այհնուհետև ստորագրվեց վերը նշված հուշագիրը: Սակայն այն չխանգարեց, որպեսզի Ուկրաինայում ռուսական ազգաբնակչության նկատմամբ խնդիրներ առաջանալը հանգեցներ ռուսական զինուժի օժանդակությամբ այդ երկրից մի շարք տարածքների անջատմանը: Իսկ այնուհետև համաժողովրդական հանրաքվեով ՌԴ-ին միանալը: Դրանցից առաջինը Ղրիմի թերակղզին էր, որը 1954 թվականի ՍՄԿԿ Քաղբյուրոյի որոշմամբ միացվել էր Ուկրաինային, իսկ 2014-ին վերամիավորվել ՌԴ-ին:

Վերադառնանք մեր ոչխարներին: Կարծում եմ, որ Իլհամն, այնուամենայնիվ, կհամաձայնվի խաղաղության պայմանագրում երաշխիքների ամրագրմանը: Ինչը Փաշինյան Նիկոլի կողմից կներկայացվի որպես 29800 քառ/կմ-ի առումով իր հաղթանակը: Եվ նրան աջակից զանգվածը դիֆերամբներ կնվիրաբերի առաջնորդին: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց մեր օրերում տեղի են ունենում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, ապա մեծ է հավանականությունը, որ երաշխիքները կմնան թղթի վրա: Ինչպես ասվում է նման դեպքերում՝ նրանց արժեքն չի գերազանցելու այն թղթի գինը, որի վրա դրանք շարադրված են:

Հատկապես, որ Նիկոլը ստիպված է չբավարարվել միայն 29800 քառ/կմ-ով, և, անկախ իր կամքից, փորձում է խաղաղության համաձայնագրի նախագծում ներառել արցախցիների իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային ինչ-որ մեխանիզմի վերաբերյալ դրույթ: Իսկ այդ դրույթը ներառելու նիկոլական ջանքերն, ըստ Բաքվի, «բոլորովին անհիմն են, իսկ նման փորձերը՝ անիմաստ»: Հղում անելով Պրահայի և Սոչիի համաձայնություններին և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, որով պայմանավորվող կողմերը պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, արցախցիների իրավունքների ապահովման ջանքերը Ադրբեջանում ներկայացվում են որպես Ադրբեջանի դեմ տարածքային նկրտումների դրսևորում:

Ասվածը նշանակում է, որ Փաշինյան Նիկոլը կամ պետք է հրաժարվի արցախցիների իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմի գաղափարից: Կամ էլ դա կձևակերպվի այնպիսի անորոշ տարբերակով, որը թույլ կտա Ադրբեջանին մեզ անընդհատ մեղադրել նրա ներքին գործերին միջամտելու մեջ: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ ստորագրվելիք փաստաթղթում ինչպիսի երաշխիքներ էլ արձանագրվեն, դրանք չեն կարող ապահովել տևական խաղաղություն տարածաշրջանում: Եվ խնդիրներ առաջանալիս բոլոր դեպքերում մեղադրվելու է Հայաստանը: Իսկ հաշվի առնելով, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում Եվրոպայի համար Բաքուն դարձել է նավթագազային առաքումների «հուսալի գործընկեր», բոլոր նշված դեպքերում Արևմուտքը կա՛մ մեղադրելու է Հայաստանին, կա՛մ Ադրբեջանին մեղադրելու հարցում խոսքի մակարդակից չի անցնելու: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում հենց մեր օրերում: Ահա այդպիսի տեսք է ունենալու նիկոլական տևական խաղաղությունը: