Աղբի տոնավաճառ՝ Հրազդանում (լուսանկարներ)

Աղբի տոնավաճառ՝ Հրազդանում (լուսանկարներ)

Շինանյութ, անկողնային պարագաներ, ապակե տարաներ, մաշված կոշիկների եւ շորերի տեսականի, անգամ՝ զուգարանակոնք, այս ամենը եւ ավելին կարելի է տեսնել Հրազդանի Միկրոշրջան թաղամասի ամենաբանուկ հատվածներից մեկում: Ըստ բնակիչների՝ այդ «տոնավաճառի տերն ու տիրականը» հրազդանցի մի երիտասարդ է, ով ունենալով առողջական խնդիրներ, զբաղվում է աղբի առք ու վաճառքով: Մոտակա շենքի բնակիչները մեզ պատմեցին, որ իրենք տարիներ շարունակ պայքարում են այս երեւույթի դեմ, սակայն անօգուտ.

«Գիշեր էդ տղան չի քնում, միկրոյի աղբամաններից հավաքում ա աղբը, բերում լցնում մեր շենքների կողքը, բատարեն ձեռքին ողջ գիշեր աղբը տեսակավորում ա, լցնում ա պարկերը, եւ դնում ճանապարհին, մայթերի վրա: Գնորդ ա ճարել, նա էլ գալիս, որոշակի գումարով այդ հավաքած աղբը տանում: Ինչ ծախեց, ծախեց, մնացած մնումա էդ հատվածում: Ամռանը այս հատվածով գարշահոտությունից անցնել չի լինում: Ցավալին այն է, որ ոչ մեկը չի կարողանում դեմը առնել, խնդրին լուծում տալ: Զանգում ենք ոստիկանություն, գալիս ա թաղայինը, ասում. «Բան չեմ կարող անել», ու գնում ա: Մենք բազմիցս փորձել ենք համոզել, որ թողնի այդ ամենը, մի խանութում թեկուզ բանվոր աշխատի, բայց չի համաձայնվում, մի բան էլ ավելացնում է. «Ինձանից հեռու մնացեք, ես իմ գործը սիրում եմ»: Չգիտենք, թե ինչպես վարվենք, այդ տղայի հետ»: Բնակիչները հավաստիացրեցին, որ խնդրին քաջատեղյակ են քաղաքապետարանում, բայց ոչ ոք պարզապես «խելք» չի դնում առողջական խնդիրներ ունեցող այս երիտասարդի հետ:  

«Մենք տեղյակ ենք, այդ երիտասարդի համար դա հոբբի է, ամեն դեպքում տհաճ է, որ քաղաքի այդ հատվածը այդ վիճակում է: Մենք մեր հերթին քայլեր ենք ձեռնարկում, խոսել ենք երիտասարդի ընտանիքի անդամների հետ, աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք հնարավորինս հարցին լուծում տալ»,-մեր հարցին՝ ի պատասխան ասացին քաղաքապետարանից: Մինչ քաղաքապետարանից վստահեցնում եմ, որ փորձում են խնդրին լուծում տալ, բնակիչները հակառակն են պնդում. «Այնքան բողոքեցինք, քաղաքապետարանը մատը-մատին չտվեց, ստիպված մենք մեր ձեռքերով աղբի որոշակի մասը այրեցինք, որոշ մասն էլ՝ պարկերով տեղափոխեցինք մեր շենքներից հեռու, բայց էլի նույն վիճակն է, նորից բերում աղբը տեսակավորում է»: