Քաղաքական հիթերի վտանգավոր եռյակը

Քաղաքական հիթերի վտանգավոր եռյակը

Ներհայաստանյան իրադարձությունների զարգացման, դեպքերի հերթագայության եւ դեմքերի ինքնաբացահայտման մեջ որքան աճում են օրինաչափությունները, այնքան նվազում են ողջամտությունն ու տրամաբանությունը: Մանավանդ որ, դժվար է տրամաբանություն գտնել թե՛ Նոր Հայաստանի արագ հնացող իշխանության, թե՛ հին Հայաստանի անդարձ հեռացյալ իշխանության գործողություններում, դատողություններում, ներհասարակական պայքարում ընդհանրապես:

Եվ եթե նախկինների դեպքում ամեն ինչ հիմնականում պարզ է եւ ցավալիորեն ծանոթ, ապա ներկաների վարքագիծը, որոշումները, հայտարարությունները, ձգտումներն ամեն օր ավելի ու ավելի են զրկվում ողջամտությունից:

Քաղաքական օրակարգից եւ տրամաբանությունից զրկված Հայաստանն ապրում է քաղաքական շոուների, հասարակական հիթերի հերթագայությամբ, որոնցում որքան նվազում է տրամաբանությունը, այնքան մեծանում են վտանգները, որոնց անհաղորդ է ոչ միայն հանրության մեծ մասը, այլ նախեւառաջ իշխանությունը: Սակայն քաղաքականությանը հավերժորեն փոխարինող «հաց եւ տեսարանը» ինչպես կենսունակ է եղել Քրիստոսի ժամանակներում, այնպես էլ կենսունակ եւ գործուն է նաեւ տեխնոլոգիական հեղափոխության մեր դարաշրջանում: Նաեւ՝ բարձր տեխնոլոգիաների միջազգային 23-րդ համաժողովն ընդունող Հայաստանում: Եվ եթե Հայաստանում «հացի խնդիրը» փոխարինվում է «տնտեսական հեղափոխության» հրաշքի սպասմամբ, ապա տեսարանների առատությամբ առլեցուն մեր կյանքին կարող է նախանձել աշխարհի յուրաքանչյուր երկրորդ երկիրը:  

Հասարակական-քաղաքական հիթերը Հայաստանում թափվում են՝ ինչպես առատության եղջույրից՝ զրկելով մեզ շարքային մահկանացուի մեր կյանքն ապրելու երանությունից: Այդ հիթերը լցնում են ոչ միայն հանրային կյանքը, ԶԼՄ-ները, բացակա քաղաքային տրանսպորտի կանգառները, աշխատավայրերը, այլեւ Հայաստանի քաղաքական տորիչելյան դատարկությունը: Յուրաքանչյուր փորձ՝ դասդասելու այդ հիթերը, ի սկզբանե դատապարտված է արագ հնանալու, մանավանդ որ Հայաստանում ամեն մի հնացող հիթի արագորեն փոխարինում է նորը: Եվ այնուամենայնիվ, եթե փորձենք դասդասել քաղաքական վերջին շրջանի երեք հիթերը՝ ըստ աճող կարեւորության եւ վտանգներով, ապա ներհայաստանյան կյանքում, ըստ դասդասման սանդղակի,  տարօրինակ պատկեր կունենանք: Եվ այսպես:

Երրորդ հիթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ Ընտանիքն է» Ստեփանակերտում ունեցած ելույթի ֆեյսբուքյան ֆլեշմոբի գրառումն է եւ դրա հանրայնացման պետական քաղաքականությունը: Փաշինյանը սիրում է իր ընտանիքը, հոգատար եւ ուշադիր հայր է, դա միանգամայն խրախուսելի է նաեւ որպես երկրի փաստացի ղեկավարի՝ ավանդական ընտանիքի խորհրդանիշ լինելու առումով: Սակայն նա միայն իր ընտանիքի հայրն է, եւ «ժողովրդի հայրը» լինելու ստալինյան մոտեցումն աստիճանաբար վերածվում է վտանգավոր պարտադրանքի: Միաժամանակ, վտանգավոր է դառնում նաեւ ընտանիքի ֆետիշացումը պետության ղեկավարի կողմից, մանավանդ որ այդ ֆետիշացման հետեւանքով հայկական միջավայրում պետությունը միշտ ստորադասվում է ընտանիքին, ինչի հետանքով պետությունը միշտ կողոպտվել է, պառակտվել, կորսվել հանուն իշխանության ներկայացուցիչների անձնական եւ ընտանեկան հավակնությունների, բարեկեցության, հարստացման: Փաշինյանն այս առումով ավելի մեղմ մեթոդներ է ընտրել. նրա ընտանիքի անդամները կա՛մ ղեկավարում են մեծ ֆինանսական հոսքեր ունեցող կառույցները, կա՛մ աշխատում այնտեղ՝ հընթացս  Ֆեյսբուքով զբաղվելով հանրային դաստիարակությամբ:

Սեփական ընտանիքի, սեփական անձի ֆետիշացումը կարող է հանգեցնել նաեւ սեփական մտքերի ֆետիշացմանը, ինչի արդյունքում պետական բյուջեից, կառավարության պահուստային ֆոնդի հաշվին վարչապետի աշխատակազմին է հատկացվել 48 մլն 900 հազ. դրամ՝ 100 հազար ԱՄՆ դոլար Փաշինյանի՝ «Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ Ընտանիքն է» կարգախոսի հանրայնացման համար: Ըստ «Առավոտի»՝ «Սա հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում չզեկուցվող նախագծերից մեկն էր. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու եւ պատշաճ ձեւով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային  ծառայությունների ձեռքբերում»:

Բացի նրանից, որ Փաշինյանը որոշել է, որ մինչեւ 2050թ. Հայաստանն ապրելու է իր հույզերով եւ մտքերով, նա նաեւ որոշել է, որ ինքը «ժողովրդի հայրն է», իսկ սեփական մտքերն այնքան թանկարժեք են, որ դրանց պետք է 100 հազար ԱՄՆ դոլար հատկացնել պետբյուջեից: Ընդհանրապես, պետական բյուջեն Փաշինյանը տնօրինում է որպես սեփական ընտանեկան բյուջե, թեպետ հազիվ թե ընտանեկան բյուջեն անփույթ եւ անխնա վատնեին:

Փաշինյանի ֆեյսբուքյան վերոհիշյալ դարակազմիկ գրառումը հայաստանյան քաղաքական հիթերի երրորդ հորիզոնականում է:

Քաղաքական երկրորդ հիթը Ղարաբաղից Երեւանի հասցեին տեղացող սպառնալիքներն են, մասնավորապես՝ Վիտալի Բալասանյանի կողմից: Երկու տասնամյակ Հայաստանը ղեկավարած ղարաբաղյան ծագման գործիչները, 2018թ. հեղափոխությունից հետո կորցնելով Հայաստանը ղեկավարելու հնարավորությունը, փորձում են այն վերագտնել ցանկացած մեթոդով: Այստեղ բախվում են նաեւ Քոչարյանի զինակիցների, աջակիցների, ընտանիքի անդամների եւ Հայաստանի հանրության շահերը: «Ո՞վ է ղեկավարելու Հայաստանը» հարցադրումը վերջին քսան տարում Հայաստանում միշտ եղել է հանրային օրակարգում, եւ խնդիրը միշտ լուծվել է բռնի ուժով հօգուտ ղարաբաղյան տարանուն կլանների: Ղարաբաղի հանրությունն այս պայքարին միշտ էլ անմասն է եղել: Եվ այժմ քաղաքական հարցը վերաձեւակերպվել է «Ո՞վ է ղեկավարելու Ղարաբաղը» հարցադրման: Վիտալի Բալասանյանը, ով Հայաստանի հանրությանը հայտնի է դեռեւս «Սասնա ծռերին» ՀՀ իշխանություններին հանձնելու «բանակցություններով», աստիճանաբար դառնում է սպառնալիք Երեւան-Ստեփանակերտ հարաբերություններում եւ վտանգավոր սեպ «հայաստանցիներ-ղարաբաղցիներ» հարաբերություններում: Նրա հայտարարությունները դառնում են սպառնալիք հենց Հայաստանի հասցեին:

Անշուշտ, Փաշինյանի, նրա տիկնոջ եւ նրա քաղաքական թիմի մարտնչող պացիֆիզմի եւ ապազգայնության այս պայմաններում նոր իշխանությունների վարքագիծը միշտ էլ կասկածահարույց է կարգավորման առումով, սակայն սա իրավունք չի տալիս ֆիզիկական հաշվեհարդարի կոչերի եւ Հայաստանի քաղաքական իրավիճակի ապակայունացման փորձերի: Վիտալի Բալասանյանը քաղաքական հիթերի եռյակում երկրորդ հորիզոնականում է՝ հանրային հետաքրքրությամբ եւ ողջ վտանգավորությամբ հանդերձ: 

Ներհայաստանյան քաղաքական հիթի առաջին հորիզոնականում այժմ հայտնվել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սփյուռքի նախարարությունը եւ նախարար Արայիկ Հարությունյանը: Այս սուպերնախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծով նախատեսվում է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները դուրս բերել բուհերի բակալավրի կրթական ծրագրի պարտադիր ուսուցման առարկաների ցանկից: Անգամ Խորհրդային Միության մոսկովյան ղեկավարությունն այսքան բացահայտ նման ապազգային նախաձեռնությամբ հանդես գալ չէր կարող Հայաստանում: Հայոց լեզվի անաղարտությունն ապահովելու, Հանրային հեռուստատեսությամբ մայրենիին նվիրված հաղորդաշարեր հեռարձակելու, քաղաքականության լեզուն փողոցային լեզվից ձերբազատելու, հայոց պատմության իմացությունը զանգվածայնացնելու փոխարեն նախարարությունը հայոց լեզվի եւ պատմության դեմ պայքարի սուր է հանում: Այս նախաձեռնությունն ուղղված է ազգային ինքնության,  կրթության, մտածողության, ի վերջո եւ նախեւառաջ՝ ազգային պետականության դեմ:  Մասնագիտությամբ արեւելագետ նախարարը կա՛մ չի գիտակցում այս նախաձեռնության վտանգները, կա՛մ անտեսում է դրանք՝ կտրուկ մեծացնելով թե՛ ազգային կրթության սպառնալիքները, թե՛ իր հրաժարականի անհրաժեշտությունը:  

Ներհայաստանյան քաղաքական այսեւայլ հիթերը խորացնում են հայկական մոլորությունը, թե դրանք պարզապես ապահովում են «հաց եւ տեսարան» դրանց սպասող հանրության համար: Իրականում այսեւայլ քաղաքական հիթերն արագորեն վերածվում են վտանգավոր ծրագրերի եւ մոլոր ճանապարհի, դեպի ուր հրում են մեր պետությունը թե՛ նախկինները, թե՛ ներկաները: