Վաճառվածը զորամաս չէ, դա սուտ է և միֆ

Վաճառվածը զորամաս չէ, դա սուտ է և միֆ

«Հանրությանը հրամցվում է մի քանի միֆ, և երբ մենք ասում ենք՝ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործ, դա չակերտների մեջ ենք վերցնում, որովհետև ընդհանրապես Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ նորմալ իրավական երկրում որևէ պայմաններում չէր կարող իրականացվել քրեական հետապնդում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Գրիգորի Խաչատուրովի գործով վերջինիս փոխկապակցված Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար, թե իբր նա պաշտպանության նախարարությանը պատկանող զորամաս է ձեռք բերել, դա գրանցել ուրիշ անձի անունով՝ այդպիսով թաքցնելով, որ իրական սեփականատերն ինքն է։ Պաշտպանները նշեցին, որ առաջին միֆն այն է, որ տարածքը, որը գլխավոր դատախազությունն ու ՔՊ-ականները զորամաս են անվանում, Հայաստանի պատմության ընթացքում երբևէ զորամաս չի եղել․

«Մենք ամսի 7-ին տեսանք, որ Գլխավոր դատախազը, այցելելով Ազգային ժողով, իբր քննարկման առարկա է դարձնում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվության հարցը, Ազգային ժողովի քննարկման ժամանակ 12 հարց է ուղղվել գլխավոր դատախազին, որից 9-ի պատասխանի առանցքում եղել է Գրիգորի Խաչատուրովը, նրա կողմից ենթադրաբար կատարված գործողությունները, ու ընդ որում` այդ 9 պատասխանից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է սուտ։ Մասնավորապես, առաջին հարցը տալիս է Ալեն Սիմոնյանը, հարցնում է. «Ժողովրդական լեզվով ասած՝ զորամասը վերածել են գումարի, և բացատրություն չկա, թե ինչի համար է դա արվել, ճի՞շտ եմ հասկանում»: Աննա Վարդապետյանը պատասխանում է. «Պետական շահի տեսանկյունից, այո, բացատրություն չկա»։ «Այն մարդիկ, որոնք այս քրեական գործի շրջանակներում կպնդեն, որ զորամասը վերածվել է գումարի, կամ քրեական վարույթի փաստերից ընդհանրապես տեղյակ չեն, կամ դիտավորյալ, միտումնավոր կեղծ և սուտ հայտարարություններ են անում՝ Գրիգորի Խաչատուրովի անունը պախարակելու համար»,- հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ շարունակելով․

«Զորամասը, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չի ունեցել, դա միֆ է, որը հրամցվում է հանրությանը։ Հաջորդիվ լսեք պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցն ու գլխավոր դատախազի պատասխանն այդ «զորամասի» կոնտեքստով։ Սոնա Ղազարյանը հարցնում է․ «Այսինքն՝ իրենից զորամաս հանդիսացող գույքն օտարվել է 3 անձանց Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմամբ։ Այսինքն՝ զորամասերը, որոնք զորամասեր էին իրենց տրամաբանությամբ՝ կացարանով, այստեղ քնում էին զինվորները, իրենց կից տարածքով, որտեղ ուտում էին, սահմանի շեմին, օտարվել են, ի՞նչ նպատակով են իրենք հիմա օգտագործվել, այսինքն՝ օտարումից հետո ի՞նչ նպատակով են օգտագործվել այդ տարածքները»։ Աննա Վարադապետյանը պատասխանում է. «2 միավոր հողատարածք է, 2 անձ են, այո, իրենց նպատակային նշանակությամբ զորամաս են։ Մի զորամասի տարածքի վրա շինություններն այս պահին ապամոնտաժված են, մյուսը որևէ փոփոխության չի ենթարկված, ուղղակի ոնց կա, տենց մնացել ա»։ Փաստ ունենք, որ գլխավոր դատախազը մի քանի անգամ պնդում է, որ օտարվել է զորամաս։ Հիմա ես ինձ հետ բերել եմ Էդգար Արշակյանի անվամբ սեփականության վկայականի պատճենը, որտեղ նկարագրված է, թե ինչ շենք-շինություններ կան, և այստեղ պարզվում է, որ այն շենք-շինությունները, որոնք կան այս ամենի մեջ, որևէ զորանոց, այսինքն՝ զինվորների քնելու կացարան չկա։ Հիմա ինչպե՞ս հասկանանք գլխավոր դատախազի այն հաստատումը, որ, այո, զորամաս է ։ Քանի որ գլխավոր դատախազը պնդում է, որ շինությունները ինչպես 2009 թվականին վաճառվել են, հիմա նույնկերպ այնտեղ են գտնվում, ես առաջարկում եմ, որ նույն ԱԺ պատգամավորները, որոնք զորամասերի բացակայությունից բողոքում են, թող գնան այնտեղ քնեն։ Այնտեղ զորամաս չկա, այդ շինությունները զորամաս անվանել նույնիսկ ամենավառ երևակայության դեպքում չի կարելի, որովհետև չի եղել սա զորամաս, բոլորս գիտենք, թե ինչպիսին պիտի լինի զորամասը՝ կացարանով և այլն, նման բան չկա ու չի եղել։ Հիմա ստանում ենք մի իրավիճակ, երբ անընդհատ քննարկվում է, որ զորամաս է վաճառվել, բայց իրականում փաստացի այստեղ զորամաս չկա, կա շտաբ, կա ՊՆ-ին ամրակցված տարածք, որը պաշտպանության նախարարությունը որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովն այս որոշման հետ, թե ում վաճառեն և այլն, որևէ առնչություն չի ունեցել»,- ասաց փաստաբանը։

Պողոսյանի խոսքով՝ հանրությանը ներկայացնելը, թե զորամաս է վաճառվել, արվել է Գրիգորի Խաչատուրովի բարի անունը վարկաբեկելու համար, որովհետև եթե ասեին, որ ՊՆ ենթակայության տակ գտնվող տարածք է վաճառվել, ապա դա այն էֆեկտը չէր ունենա, ինչ «զորամաս» բառի գործածությունը։