Ղզլբաշի պե՞ս

Ղզլբաշի պե՞ս

Խորհրդային տարիներին ղզլբաշ (այսօր նրանց հանիրավի ադրբեջանցի են կոչում) «գիտնականների» ամենասիրելի թեմաներից մեկը, «աղվանական» խաչդաշերի արվեստը ուսումնասիրելու, թեզեր գրելու անզուսպ մարմաջն էր: Անասնական, անհագուրդ մի կիրք, որը սակայն, անպտուղ եղավ: Չէ, թեզեր գրեցին, իհարկե, գիտական աստիճան-կոչումներ «գնեցին»: Բայց ծիծաղում ու հեգնում էին բոլորը՝ ռուս, թե ղրղզ, չուկչա, թե բաշկիր: Բոլորի համար հասկանալի էր, որ ապարդյուն ճիգեր են թափում խեղճերը: 

Եւ երբ ղզլբաշն էլ հասկացավ, որ անիմաստ ջանքեր են, «գիտական միտքն» անզոր է, խաչքարը, ինչ-որ մի հրաշքով, խաչդաշի վերափոխել, դիմեցին իրենց փորձված, արդյունավետ միջոցին՝ բարեխղճորեն ու մանրակրկիտ փշուր-փշուր արեցին Ջուղայի խաչքարերը: Աշխարհը տեսավ ու հեշտությամբ մարսեց: Գուցե մեկ-երկու մտավորական եւրոպացի այդ գիշեր սովորականից ավելի դժվար քնեցին: Բայց գործը անքնության չհասավ: 

Հիմա պարզվում է ինքներս ենք պատերազմ հայտարարել հայկական կոթողային արվեստի հին ու նոր նմուշներին՝ իշխանությունը որոշել է միջպետական ճանապարհներին գտնվող խաչքարերը, հուշաքարերն ու հուշարձանները ապամոնտաժել: Մաստարայի 13-րդ դարի խաչքարը մեծ ճամփեզրին է, ի՞նչ անենք: Այն այդտեղ կանգնած է 800 տարի, թեեւ ինչ ասպատակիչ ու կատաղի անաստված ասես, որ չեն եկել ու անցել: 

Կանգուն են մնալու Մոմիկի, Պողոսի, Քիրամ կազմողի աշխատանքները: Մնալու են իբրեւ ժողովրդի՝ զուգահեռը չունեցող, անշփոթելի բնութագրիչ-այցեքարտեր, մնալու են իբրեւ ինքնությունը փրկող անխոցելի վահաններ, ճիշտ սուրբմաշտոցյան գրերի պես պաշտելի, անգին, անանց:

Անցնելու ենք, իսկ կենաց ծառի խորհրդանիշ խաչքարերը մնալու են Նորատուսում, Գոշավանքում, ճամփեզերքին…

Հ.Գ.-1 Ասում են Լենկ Թեմուրը, երբ արշավում էր Սեւանի ավազանի ուղղությամբ, հեռվից տեսավ Նորատուսի խաչքարերի «զորագունդը» ու գլխապատառ փախավ թիկնեղ, ամուր կանգնած զինվորների «սարսափից»: Դժվար է ասել այս պատումը իրողություն է, թե ոչ, բայց խորհրդանշական է…

Հ.Գ.-2 Մարզերում բոլոր խնդիրները լուծված են, մնում են խաչքարե՞րը: Գարունը եկավ, գյուղացուն հուզող բազում հոգսերով…

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ