«Հրապարակ». Նորք-Մարաշի զինված խմբի համար 9-13 տարվա ազատազրկումներ են պահանջել

«Հրապարակ». Նորք-Մարաշի զինված խմբի համար 9-13 տարվա ազատազրկումներ են պահանջել

Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Նորք-Մարաշի զինված խմբավորման գործով դատական հերթական նիստը: Մեղադրող կողմը 9-13 տարվա ազատազրկում պահանջեց հանցախմբի անդամների, այդ թվում՝ 11 տարի՝ Ավետ Բարեյանի համար:

«Զազրելին այն է, որ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ մեզանից շատերը, 1990-ից սկսած, գոյապայքարի մեջ են. մասնակցել ենք նաեւ 44-օրյա պատերազմին, առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերել: Էդուարդ Ներսիսյանը, օրինակ, ըստ դատաբժշկական փորձաքննության, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, որի վրա դատարանն աչք է փակում»,- ասաց Ավետ Բարեյանը:
Խմբավորումը մեղադրվում է 2015 թվականին ցույցեր կազմակերպելու, Արցախի յոթ շրջաններն Ադրբեջանին հանձնելու դեմ պայքարելու, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման եւ սահմանադրական փոփոխությանների դեմ ընդվզելու համար: Այսինքն՝ մեղադրվում է հեղափոխություն իրականացնելու մտադրության մեջ:

«Ներկա իշխանությունը նախկինի շարունակությունն է. ուզում է վերացնել հայի պայքարող տեսակը: Մի այլ ձեւի են կոտրում տղամարդուն, օրինակ, ԱԱԾ-ում, ոտնահարելով մարդու իրավունքները, ինձնից ցուցմունք էին կորզում առանց փաստաբանի ներկայության: Դե արի ու փաստաբան պահանջիր, բարձրաձայնիր, որ անձիդ վրա թքած ունեն. ո՞վ է լսողը: Ինձ ստիպում էին ցուցմունք տալ Վլադիմիր Առաքելյանի դեմ, որ իբր նա դեմ է եղել Արթուր Վարդանյանի ծրագրին: Չգրեցի, ինչի պատճառով դեմքիս վրա՝ աչքիս տակ, ատրճանակի կոթի հարված ստացա: Երկար ժամանակ աչքիս տակի կապտուկները չէին անցնում...»,- ասաց ամբաստանյալ Բարեյանը:
Ի դեպ, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի մասին. մեղադրող կողմը դատարանում քանիցս նշել է, որ Վարդանյանը 2016 թվականին մտադրություն է ունեցել առեւանգել Ռամիլ Սաֆարովին ու բերել Հայաստան, որ պատասխան տա հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար: «Պատկերացնո՞ւմ եք, դատախազությունը դա որակում է որպես հանցավոր արարք ու 11 տարվա ազատազրկում է պահանջում: Ուղղակի անհնար է նստել-նայել, թե ինչպես են մեկառմեկ բոլորիս կոտրում: Նստել-սպասել, թե ով առաջին հարվածը կհասցնի՝ թշնամի՞ն, ներկա իշխանությո՞ւնը, թե՞ նախկին ռեժիմը»:

Ըստ զրուցակցիս եզրահանգման, Արցախը զոհերի գնով թշնամուն հանձնելու ծրագիր է եղել դեռ վաղուց, որը կյանքի է կոչվել 2020 թվականից: «Նախկին ռեժիմի դեմ «թավշյա ոչ բռնի հեղափոխություն» իրականացրածները, փաստորեն, նախկիններից էին ժառանգել Արցախը հանձնելու ծրագիրը: Իսկ նրանք, ովքեր անմնացորդ պայքարում են հայրենադավ այդ ծրագրի դեմ, հալածվում են նույն այդ իշխանության կողմից ու հայտնվում բանտերում, կորցնում առողջությունը եւ, որ ավելի վտանգավոր է՝ նաեւ պայքարի ոգին»: