Անդրկուլիսյան ինտրիգներ ու դավեր

Անդրկուլիսյան ինտրիգներ ու դավեր

Ճիշտ է, որ ընկած մարդուն չեն հարվածում, չեն քարկոծում: Բայց կան իրավիճակներ, որոնք պարզաբանելու համար հարցեր են առաջանում: Արցախի նախավերջին նախագահ Արայիկ Հարությունյանը, ով, ըստ էության, ՔՊ-ի ներկայացուցիչն էր Արցախում, Փաշինյանի հետ ձեռք-ձեռքի տված՝ կառավարում էր: Վերջին պահին, երբ գիտեր, թե ինչ է սպասվում Արցախին, հրաժարական տվեց։ Չնայած, եթե ելնում էին երկրի շահերից, ապա պետք է Նիկոլ Փաշինյանի հետ հրաժարական տային 2020 թ․ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո: Ո՛չ ինքը, ո՛չ Փաշինյանը չունեցան այդքան հեռատեսություն ու արժանապատվություն եւ հրաժարական չտվեցին: Հարությունյանի դիմումը հրաժարական չէր, այլ՝ փախուստ պատասխանատվությունից, պղտորած ջրից չոր դուրս գալու փորձ: Այժմ դժվար է կանխատեսել, թե ինչ ճակատագիր է սպասվում Բաքվի բանտերում գտնվող Արցախի քաղաքական ղեկավարներին, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանին: Բայց ամենաանհարմար դրության՝ քաղաքական թակարդի մեջ հայտնվեց Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, ով պաշտոնավարեց ընդամենը մի քանի օր եւ ակամա դարձավ Արցախի լուծարման պաշտոնական հեղինակը: Շահրամանյանը հարկադրված եղավ արցախցիներին անձամբ մատուցել Փաշինյանի ու Հարությունյանի եփած դառը, թունավոր ուտեստը եւ դառնալ նրանց քավության նոխազը:  

Իսկ Արցախի ղեկավարների գերեվարումը շատ հարցեր է առաջացնում. ակնհայտորեն, ադրբեջանական կողմը եւ ՀՀ իշխանությունը համագործակցել են գերիների հարցում։ Գերեվարվեցին բացառապես Փաշինյանի համար անցանկալի անձինք՝ ԱՀ նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը, ԱԺ ՀՅԴ-ական նախագահը, Լեւոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը: Թվում է, թե Արայիկ Հարությունյանն այս խմբի մեջ չի տեղավորվում. նա Փաշինյանի հետ համագործակցում էր, երբեք հրապարակայնորեն չի հակառակվել Փաշինյանին։ Այդ դեպքում ինչո՞ւ նա հայտնվեց գերիների ցուցակում: Մի՞թե միայն 44-օրյա պատերազմի օրերին արած այս արտահայտության համար. «Պատերազմ եք ուզում՝ պատերազմ կստանաք»: Այս հոխորտանքը որեւէ հաջողություն չբերեց հայկական կողմին, ադրբեջանական կողմին էլ պարտություն չբերեց: Մինչդեռ, չգիտես ինչու, անարգել Հայաստան մուտք գործեց հազարավոր ադրբեջանցիներ սպանած Սամվել Բաբայանը, ով արցախյան առաջին պատերազմի հաղթանակի կրողներից էր՝ ադրբեջանցիներին ծնկի բերած գեներալ: Ադրբեջանի պատկերացումներով՝ հենց նա է «ռազմական հանցագործ» եւ նա պետք է ձերբակալվեր, այլ ոչ թե ադրբեջանցիների հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող Արայիկ Հարությունյանը: Ինչո՞ւ Բաբայանն արժանացավ նման «հումանիստական» վերաբերմունքի: Հարցի պատասխանը, թերեւս, տալիս է հենց ինքը՝ Բաբայանը, խոստովանելով, որ գաղտնի բանակցել է ադրբեջանական կողմի հետ: Բայց այդ բանակցություններին կողմ էր նաեւ Արայիկ Հարությունյանը: Ինչո՞ւ Բաբայանը ներվեց, Հարությունյանը՝ ոչ: Կարելի է ենթադրել, որ Սամվել Բաբայանին եւ Նիկոլ Փաշինյանին ձեռք էր տալիս, որ Արայիկ Հարությունյանը չգար Հայաստան, որպեսզի քաղաքական այդ թեւի դեմ ուղղված դժգոհությունների ու բողոքի ալիքը, որը բնականորեն պետք է ուղղված լիներ Փաշինյանի ու Հարությունյանի դեմ, հնարավոր լիներ շեղել դեպի իր թիրախ «նախկինները» եւ նորը՝ Շահրամանյանը: Կանխատեսելի էր, որ արցախցիները Հայաստան գալով՝ շատ հարցեր են տալու Փաշինյանին եւ նրա թիմին: Այդ հարցերը տալու ժամանակը դեռ կգա. մարդիկ դեռ իրենց ընտանիքների, երեխաների կեցության հարցերն են լուծում: Դրանք լուծելու դեպքում, անշուշտ, կգա հարցեր տալու ժամանակը… ու դա լավ գիտեն Փաշինյանը եւ նրա ոչ պաշտոնական խոսնակ Սամվել Բաբայանը: Ու որպեսզի այդ հարցերի ուղղությունը փոխվի, նրանք անցնում են ինտրիգներին…

Հիշենք, թե ինչպես էին Արցախից հայերի բռնի տեղահանության օրերին ՔՊ-ականները դատափետում նախկիններին ու նրանց նշանակած նախագահ Շահրամանյանին, ով, իբր, հանձնեց Արցախը: Բողոքի բեմականացումը, ըստ տարբեր աղբյուրների, կազմակերպել էր հենց Սամվել Բաբայանը: Իսկ գուցե նաեւ Արայիկ Հարությունյանը շատ բան գիտեր պատերազմական օրերին կատարված անհասկանալի իրադարձությունների մասին: Տարբեր աղբյուրներ ասում են նաեւ, որ վերջին փուլում նրա եւ Փաշինյանի հարաբերություններն արդեն վատացել էին՝ այս վարկածն էլ ապրելու իրավունք ունի…

Մենք չգիտենք, թե կուլիսների ետեւում ով ում հետ, կոնկրետ՝ իշխանությունն ադրբեջանական իշխանության հետ, էլ ինչ գաղտնի պայմանավորվածություններ ունի։ Այստեղ կա բանսարկությունների, դավերի, ինտրիգների մի մեծ շղթա, որի ծայրը մի օր, հավանաբար, կբացվի…