Հասմիկ Կարապետյան. Պացիֆիկ ապրիլ

Հասմիկ Կարապետյան. Պացիֆիկ ապրիլ

Կարծում էի, թե կկարողանամ հաղթահարել ինքս ինձ, այն հիասթափությունները, վախերն ու տագնապը, որոնք ամբողջ երեք տարվա ընթացքում ինձ հանգիստ չէին տալիս, ստիպում էին գիշերը վեր թռչել անկողնուցս ու փսխել հատակին: Հա, շատ եմ տանջվում, բայց պե՞տք են արդյոք նման փորձություններ, առանց հետագա լուսավորման: Իմանաս, որ տանջանքներիցդ հետո ինքնամաքրվել ես, որ առաջվա ժպտադեմն ու բարեհոգին արդեն դարձել է պաղած դեմքով, հոգնած աչքերով ու անկենդան պահվածքով մեկը, որին մի ժամանակ մարդ էին կոչում: Ես հոգնել եմ ինքս ինձնից, իմ մտքերից: Հետագայում ուզում եմ համբուրել այն գիտակի ճակատը, որը հիշողությունները ջնջելու սարք կհայտնաբերի ու կօգնի մարդկանց: Գիտե՞ք ո՜նց կօգնի: Բայց մարդիկ նաեւ ունակ են չհամբերելու նուրբ գործընթացին ու երբ հասկանան, որ հերթում սպասելը երկար է տեւելու, սկսելու են իրար հրմշտել, հայհոյել, ատել իրար: Կսկսվի տուրուդմփոց, մեր գիտակը կհասկանա, որ այս մարդիկ նույնիսկ նման ճակատագրական պահին համբերել չգիտեն, կխռովի ու դուռը կծածկի իր ետեւից:
       
Ես գիտեմ, որ հուսահատությունն ու անկարողությունը կարող են կապել ձեռքերս՝ սահմանափակելով թռիչքս, գիտեմ, որ երբեմն ստիպված եմ լինում կուլ տալ կյանքի նկատմամբ իմ ատելությունն ու զզվանքը, բայց, ա՜խր, շատ եմ սիրում ապրել: Գիտե՞ք ինչու... ապրելու մեջ կա մի հետաքրքիր մանրուք, երբ գիտես, որ դրսի կյանքից հոգնած ու սոված կենդանիներին կերակրող, սիրող, որդեգրող կա, երբ մուրացկանին ոչ թե քննադատող հայացք, այլ սիրող ու բարեհոգի վերաբերմունք կա, երբ աշխատանքի շտապող, բայց մտքում հազար ու մի պլաններով տարված գլուխ կա: Սա եմ սիրում, ու այս է ստիպում չողբալ դաժանության ու անքնության խաչմերուկում: 

Այս կիսախարխուլ մտքերը եկան այն ժամանակ, երբ, ատրճանակը ձեռքիս, մեքենայի մեջ հետեւում էի գնացող-եկող մեքենաներին, երբեմն հայտնվում էին շներ, որոնք իրենց թաց քթով հոտոտում էին մեքենայիս անվադողերը, իսկ հետո հեռանում: Բոլորն էին այդ ժամանակ հեռացել ինձնից, բացի ճակատագրով որոշված ՄԵԿԻՑ, որը տանը սպասում էր՝ փաթաթված իր տաք ծածկոցի մեջ, պատերազմելով քնկոտ աչքերի դեմ, այնքա՜ն հավատարիմ էր թվում, ինչպես ձեռքումս գտնվող ատրճանակը, երբ չես ստուգել փամփուշտները, բայց գիտես, որ անպայման կրակելու է: 
1990-ականների սառնաշունչ ապրիլն էր: Սառը օդը հարվածեց դեմքիս, երբ դուրս եկա մեքենայից ու մոտեցա հեռախոսակայանին: Սիրտս վատ բան էր գուշակում, բայց եւ՝ սրտին հանգստացնել էր պետք, այդ պատճառով գցեցի կոպեկն ու զանգեցի նրան: Առաջին ձայնային ազդանշան... պատկերացնում եմ ինձ կիսամեռած, ընկած հատակին... երկրորդ ազդանշան... մեկը հարվածում է փորիս, ու արյուն եմ թքում... երրորդ ազդանշան... վառեցի ծխախոտը, ծայրն արյունոտվեց... ու վերցրեց լսափողը:

- Ալո՜,- ձայնը մեղմ էր, հանգիստ, կարծես երեկվա այն ձայնը չլիներ, որը գոռում էր ինձ վրա՝ պահանջելով ավելի շատ ուշադրություն ու սեր:
- Ես եմ: 
- Ի՞նչ է պատահել,- օր-օրի հասկանում եմ, որ նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան մյուսները:
- Լսիր, շատ ուշադիր լսիր: Երբեք չես իմանա՝ մահը երբ կգա ու կտապալի քեզ, բայց լավ հիշիր՝ եթե պիտի մեռնեմ, ուրեմն Աստծո կամքով: Լսո՞ւմ ես...: 

Նա ծանր հոգոց հանեց, ու այդ հոգոցն ավելի ուժեղ խոցեց ինձ, քան այն փաստը, որ գուցե այգաբացը չհասցնեմ դիմավորել: 
- Էլ չեմ կարող խոսել: Պիտի գնամ,- ասացի ու անկարող էի լսափողը կախել, բաց թողնել նրա ձայնը:
- Եթե դու վստահ չլինեիր, որ ապրելու ես, հիմա լսափողը չէիր դնի: Այդ պատճառով ես վստահ եմ, որ լսելու եմ ձայնդ ու զգալու եմ քեզ: 

Նա կախեց լսափողը, ու նկատեցի մի կեղտոտ շուն, որը մոտեցել էր ինձ ու հավատարիմ թախծոտ աչքերով ինչ-որ բան էր հասկացնում: Մոտակայքում մի փոքրիկ կրպակ կար, որտեղ վաճառում էին հաց, երշիկ, պանիր, նույնիսկ թերթ ու ծխախոտ: Գնեցի մեկ տուփ ծխախոտ ու մի կապ երշիկ: Երշիկը բացեցի, կիսեցի, մեկնեցի շանը: Նա անկուշտի նման, չհասկանալով՝ որ կողմից հոշոտել երշիկը, սկսեց նվնվալ ու օգնություն խնդրել: Մոտս դանակ կար: Կտրատեցի երշիկը: Շունը սկսեց վայելել, իսկ ես դանակը սրբելով մտածում էի, որ, այնուամենայնիվ, այս դանակը երշիկ կտրելու համար չէր նախատեսված: Այդ միտքը տխրեցրեց ինձ, ու, չգիտես ինչու, ինձ կրկին սկսեց տանջել մահվան չարագույժ սպասումը: Մի բան հստակ էր՝ չէի վախենում մեռնելուց, բայց վախենում էի, որ մահացածի նման կարող եմ ապրել: Վաղուց էր, ինչ շունը վայելել էր երշիկն ու հեռացել ինձնից: Նստեցի մեքենաս, նայեցի ժամին: Դեռ շուտ էր: Սարսափելի զգացում է, երբ դառնում ես ժամանակի ծառան: Վայրկյանը րոպե է դառնում, իսկ րոպեն չի լրանում, որ ժամ դառնա: Ժամանակը դանդաղում է՝ սպառելով մտքերդ, ու հետապնդող է դառնում հիշողությանդ մեջ: Լույսն արագ նահանջեց մթի դեմ, ու նկատեցի բարձրահարկ շենքերում վառվող լույսերը: Չէր վառվում ընդամենը մի լույս: Ու սպասում էի հենց այդ լուսավորությանը: Երրորդ ծխախոտը ծխելուց հետո որոշեցի դուրս գալ ու մոտենալ հենց այն դռանը, որտեղ մութը որոշել էր մշտական բնակություն հաստատել: Մոտեցա շքամուտքին: Լռություն էր: Բոլորն իրենց տներում էին: Մի պահ հիշեցի այն շանը, որին այնքան նմանվել էի. երկուսս էլ փողոցում էինք բնակվում: Ընդամենը մի տարբերություն գտա իմ ու այդ շան միջեւ: Նա չէր հրաժարվել իր տնից այնպես, ինչպես ես: Չէր հրաժարվել հարմարավետ կյանքից այնպես, ինչպես ես երեք տարի առաջ: Սակայն համեմատելու ժամանակը կանգ առավ, երբ վզակոթիս զգացի ատրճանակի սառը երկաթը: 

Ժամանակն ինձ հետ քարացավ, ստիպեց մտածել, որ հենց այս վայրկյանին ամենաքիչն էի սպասում մահվանը: Մի պահ պատկերացրի ինձ կյանքի ու մահվան խաչմերուկում, որի ուղղությունն ընտրողը ես չէի լինելու, այլ այս անծանոթը, որը լկտիաբար ուղղել էր ատրճանակը վզակոթիս ու մի բառ չէր խոսում: Փակեցի աչքերս, մտքումս հասցրի աղոթել, ներողություն խնդրել, որ կյանքի ու մահվան արանքում չկարողացա ճիշտ կողմնորոշվել: Աչքերիս դիմաց հայտնվեցին աղջկա կանաչ աչքերը, շեկ մազերը, լսեցի մեր խոստումները ու... երկար չտեւեցին այս պատկերացումները: Որոշեցի չհանձնվել մահվանն ու ապրելու վերջին կռիվս տալ, բայց տեղի ունեցավ այն, ինչին ամենաքիչն էի սպասում: Հայտնվեց այն շունը, ում երշիկով վարձատրել էի առավոտյան, ու հմտորեն բռնեց անհայտի թեւից: Հասցրի հարվածել անհայտին ու վերցնել ատրճանակը: Անհայտը սկսեց պայքարել շան դեմ ու հասցրեց փախչել: Շունը վազեց նրա հետեւից:

Թաքցրեցի ատրճանակն ու մտա շենք: Բարձրացա չլուսավորվող պատուհանի դռան դիմաց, թակեցի դուռը: Դադար: Դիտակից եւս մթություն էր փչում: Երկրորդ թակոց: Դեռ մութ է: Երրորդ թակոց: Դիտակի լույսը վառվեց: Մերկացրի ատրճանակն օդում: Դուռը բացվեց ու... Նա կանգնել էր դիմացս, նայում էր իր գլխին ուղղված ատրճանակին: Չշփոթվեց, ու կանաչ աչքերն էլ տագնապալից չէին: Փակեց աչքերն ու ասաց.
- Ես գիտեի, որ մի օր հասնելու ես ինձ: Կյանքի ու մահվան ճամփաբաժանում ընտրեցիր մեռած կյանքը...

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ