Ես էլ ձեր նման հարյուր դրամանոց «պերաշկի» ուտող մի տղա եմ

Ես էլ ձեր նման հարյուր դրամանոց «պերաշկի» ուտող մի տղա եմ

Իշխանական զույգի գործողություններին հետեւելիս հասկանում ես, որ հանրային կարծիքի վրա թքած ունենալու նրանց «հզորությունը» պարզապես անգերազանցելի է: Ի դեպ՝ ՀՀ բոլոր ղեկավարների կանանցից Աննա Հակոբյանը միակն է, ով այսքան քննադատությունների է արժանանում իր պահվածքի համար, սակայն շարունակում է նույն ոճով՝ անհասկանալի ու արհամարհական ժպիտը դեմքին` լայվեր է մտնում, սելֆիներ անում, ամուսնուն նկարում քնած ժամանակ՝ գինու շիշը կողքին կամ փիփերթ ուտելիս: Այս ընտանիքն արհամարհած ունի իր «ղեկավարած» երկրի հասարակական կարծիքը, ֆեյսբուքյան արձագանքները: 

Հանգստյան օրերին Փաշինյանների ընտանիքը հերթական ուտելու փարթին էր կազմակերպել. այս անգամ ոչ թե փիփերթ կամ ավելուկ, կամ քյալլա էին ուտում, այլ «պերաշկի», «կուկուռուզ»,«պլեճ» եւ այլ «հայկական ավանդական ուտեստներ»: Դրանք ուտելու համար անպայման պետք է թրաշով լինել, «գդակը» ծուռ դրած, բայց պատրոնդաշը պարտադիր չէ, որ կապած լինի՝ կռվելը հիմա մոդայիկ չէ, խաղաղության մասին խոսելն է մոդայիկ: Իսկ «ամենագեղագիտականը» դրանք ուտելու, կծելու, խժռելու տեսարաններն են, որոնք անմահացվել էին վարչապետի կնոջ կողմից ու հրամցվել Հայաստանի «հպարտ» պողոսներին: 

ՀԳ. Իսկ եթե ավելի լուրջ վերլուծենք, ապա կարող ենք ասել, որ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը ոչինչ հենց այնպես չեն անում, անգամ «պեռաշկի» հենց այնպես չեն ուտում: Սա պոպուլիզմի արքայի հերթական PR ակցիան էր, իր ընտրազանգվածի սիրտը շահելու, ճաշակը «շոյելու» համար: Նպատակն էր` ցույց տալ, որ, տեսեք՝ շուտով հինգ տարի է՝ վարչապետ եմ, բայց ես մնում եմ ձեզ նման հասարակ, ձեզ նման համեստ կյանքով եմ ապրում, ձեզ նման անթրաշ եմ, գլխարկս ձեզ նման անփույթ եմ դնում գլխիս: Ես էլ ձեզ նման հարյուր դրամանոց «պեռաշկի» ուտող մի տղա եմ ու այնքան սոված եմ, որ կծելիս միանգամից պեռաշկին կիսվում է: 

Այո, սա մեսիջ էր իր ընտրազանգվածին, այսպիսին է նաեւ Փաշինյանի ընտրազանգվածը: Իսկ նա գիտի, թե ինչ է ուզում տեսնել եւ լսել իրենից՝ «ամենաժողովրդական» վարչապետից իր ընտրազանգվածը: 

Իսկ եթե երկրի ղեկի ու բյուջեի վրա նստած այս անհասկանալի ընտանիքն այնքան բաց ու թափանցիկ է, որ քիչ է մնում նեղ անձնական տեսարաններն էլ հանրայնացնի, ապա թող նույն ջերմեռանդությամբ հանրայնացնեն Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամների ֆինանսական մուտքերն ու ելքերը, ներկայացնեն, թե ինչպես են գործարարներին «մուծվել» տալիս այդ հիմնադրամներին, ինչի վրա են ծախսվում այդ փողերը: Թող հիմնադրամի այն հարյուրավոր բարերարները, որոնք հաշվետվության մեջ չեն նշվում՝ իբրեւ թե մարդիկ ուզում են անանուն բարեգործություն անել, ուստի նրանց անունները գաղտնի են պահվում։ Իրականում սա հենց կոռուպցիա է՝ անհայտ քանակի, անհայտ անձանցից գումարներ են ստանում, եւ ոչ մի ապացույց չկա, թե այդ գումարներն ինչպես են ծախսվում։

Թող նույն թափանցիկությամբ ներկայացնեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների «անհետացման» ուղիները, իրենց ծառայողական մեքենաների, պաշտոնական-ընտանեկան վոյաժների ծախսերը, իրենց կեցավայրի վրա կատարված գերթանկարժեք ծախսերը, իրենց անձնական ապահովությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ծախսվող աստղաբաշխական գումարները: Թող ներկայացնեն, թե արտասահմանյան բանկերում ինչ հաշիվներ են բացում… այլն, եւ այլն։ Ցանկը կարելի է երկար շարունակել: Թե չէ` եկել են հարյուր դրամանոց կարկանդակով թափանցիկություն ու ժողովրդավարություն են բեմադրում՝ հանդիսատես պողոսների համար…