Հակառուսական տրամադրությունները նաև արհեստական են ստեղծվում, որից անպայման Ադրբեջանը օգտվելու է

Հակառուսական տրամադրությունները նաև արհեստական են ստեղծվում, որից անպայման Ադրբեջանը օգտվելու է

Երկրում աճում են հակառուսական տրամադրությունները, հայ-ռուսական պաշտոնական շրջանակները միմյանց հետ կոշտ լեքսիկոնով են խոսում: Այս թեմայի շուրջ զրուցել ենք Քաղծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանի հետ։

-Պարոն Բադալյան, ՌԴ նախագահի խոսնակը, ԱԳՆ խոսնակը վերջին օրերին կոշտ գնահատականներ տվեցին ՀՀ պետական որոշ գործիչների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի վերջին հակառուսական հայտարարություններին: Այսօր էլ Աննա Հակոբյանը մեկնեց Ուկրանիա` մասնակցելու «Առաջին տիկնանց եւ ամուսինների» համաժողովին և հումանիտար օգնություն տարավ Ուկրանիա։ Մինչդեռ մենք հիշում ենք, որ Ուկրանիան այն երկրներից էր, որը շնորհավորեց Ադրբեջանին 2020-ին Արցախի դեմ ուղված կործանարար պատերազում հաղթանակի առիթով։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս պրոցեսներին, այս ամենում կան մտահոգվելու առիթ։

-Ես տրամաբանություն չեմ տեսնում այս քայլերի մեջ, չեմ հասկանում թե ի՞նչ են անում։ Երեկոյան եմ կարդացել, որ Աննա Հակոբյանը պետք է մեկնի Ուկրաինա և բարեգործություն անի։ Բարեգործություն անելը լավ բան է, բայց պետք է իմանաս ում նկատմամբ ես նման քայլ անում։ Հասկանաս` ինչքանով են քո նկատմամբ հոգատար, սրտացավ՝ քո ժողովրդի, երկրի նկատմամբ։ Վերջին օրերին քաղաքական կենտրոնների հետ կապված․ մասնավորապես՝ Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ ձևակերպումները շատ անհասկանալի են, կարծես նպատակը ամեն ձև վարկաբեկելն է դաշնակցին, հակառակորդներին էլ շոյելը։ Այս ամենը չի բխում մեր երկրի շահերից։ Ցավոք, մեր երկիրը այսօր վառվող տակառի է վերածվել, և  անհասկանալի է վառվող տակառի վրա յուղ լցնելը, ավելի թեժացնելը այդ կրակը։

-Ըստ Ձեզ, իրենք հաշվի չե՞ն առնում, որ ընդդեմ Հայաստանի շահերի են գործում, չեն հասկանու՞մ ինչ են անում, կարող ենք համարել անմեղսունա՞կ քայլեր։ ի՞նչ գնահատական կտաք։

-Երբ նոր էին այս մարդիկ իշխանությունում, մեզ թվում էր, որ չեն հասկանում ինչ են անում։ Կարելի էր կարծել, որ անմեղսունակ են, բայց ժամանակը ցույց է տալիս, որ լավ էլ հասկանում էին, գուցե լավ էլ հասկանալուվ են գործում։ Հնարավոր չէ, լինել այդքան անմեղսունակ։

-Ինչպե՞ս կարձագանքեք Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որին հաջորդեց Ռուսաստանի դաշնության ԱԳՆ մամուլի խոսնակ՝ Մաիրա Զախարովայի կոշտ արձագանքը։ 

-Ցավոք սրտի, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ ցանկացած պետության ինչ-որ ծառայության մամուլի խոսնակ կարող է կոշտ, երբեմն էլ վիրավորական պատասխանի մեր երկրին, մեր երկիրը ներկայացնող անձանց։ Խնդիրը պետք չէ փնտրել դրսում, խնդիրը այսօր մեր երկիրը ներկայացնող ղեկավարններն են, և կարծես շտապողականություն կա ավելի սրելու հակառուսական տրամադրությունները։ Ցանկանում եմ նաև նշել, որ մեր հասարակությունում կան մարդիկ, որ այս մարդկանց գործողությունները, ասածները լուրջ չեն ընդունում և այդ թիվը քիչ չէ։ 

-Այս ամենով հանդերձ, կարո՞ղ ենք մտավախություններ ունենալ, որ Ռուսաստանը կարող է վերանայել իր քաղաքականությունը մեր տարածաշրջանում և փորձի հեռանալ տարածաշրջանից, հաշնի առնելով մեր իշխանությունների նման պահվածքը։

-Թյուր կարծիք է, և անտեղի, մտածել, որ Ռուսաստանը իր տարածաշրջանային հավակնություններից կհրաժարվի Ալեն Սիմոնյանի կամ մյուսների հակառուսական հայացքների, հայտարարությունների պատճառով։ Ռուսաստանի դաշնությունը այնուամենայնիվ մեր դաշնակիցն է, և այդ փաստը չի չեղարկվում իշխանության կողմից։ Երեկ Պեսկովը շատ պարզ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ տարածաշրջանից՝ Հայաստանից, Արցախից։ Մենք ունենք պարտավորություններ և պարտականություններ և եթե հրաժարվում ենք իրականացնել մեր պարտավորությունները` չենք ուզում մեր պարտականությունները կատարել` նպատակ ունենալով Ռուսաստանին փոխել, փոխարենը լինելու է Թուրքիան։ Հակառուսական տրամադրություններ ստեղծող հայտարարություններից կարող են խայծը կուլ տալ մեր հասարակությունում, բայց սա մեզ համար կործանարար կլինի։ Հայ մարդը, հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ դաշնակցային բարեկամին փոխելու արդյունքը լինելու է Թուրքիան։

-Վերջին օրերին ՀՀ սահմանից, սահմանամերձ բնակավայրերից ստացվում են մտահոգիչ լուրեր, որ Ադրբեջանը զորք և ծանր տեխնիկա է կուտակում։ Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կօգտվի այս իրավիճակից, տեսնելով Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ առկա լարվածությունը, կփորձի՞ գնալ ռազմական գործողությունների։ 

-Զուգահեռ տարբեր գործողություններ են զարգանում. սահմանային դեպքեր, Ռուսաստանի նկատմամբ վայրահաչոցներ...դրա համար էլ ասում եմ, որ նախապատրաստվում են նոր դավադրություն իրականացնել ՀՀ նկատմամբ։ Եթե լինեն ռազմական գործողություններ ես չգիտեմ, թե մեր պետությունը ո՞նց է դիմակայելու և այս փուլում դաշնակիցների նկատմաբ այս պահվածքը ավելի անհասկանալի է դարձնում իրավիճակը։ Շատ բաներ արդեն դժվար է հասկանալ, վերլուծել, բայց ակնհայտ է մի բան․ հակառուսական տրամադրություններ նաև արհեստական են ստեղծվում, որից անպայման Ադրբեջանը օգտվելու է։  

Կարեն Քերիմյան